«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: Ի դեպ, այս որոշման մասին նախագիծը ՀՀ ոստիկանությունը երեկ է քննարկման դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, մասնավորապես, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 3 ամիս։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ներկայումս կան 20 հազարից ավելի անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրեր, բայց տարբեր պատճառներով պայմանավորված՝ նրանք չեն կարողանում ժամանել Հայաստան անձնագիրը ստանալու համար:
Ոստիկանությունը որոշել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել, ըստ որի՝ ազգությամբ հայերին իրավունք կվերապահվի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում։
«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ վերջին տարիներին մեր երկրում կտրուկ աճել է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը: Եթե 2013 թվականին քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվել է 38 անձ, ապա 2017-ին՝ 412: Ըստ ՀՀ ոստիկանության՝ ներկայումս Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը գերազանցում է 900-ը:
Սյունէ Համբարձումյան