
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում արձակուրդ կմեկնի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու համար:
Ինչպես հայտնի է, նա հանդիսանում է «Այո»-ի շտապի պետ, իսկ նախարարի կարգավիճակը նրան թույլ չի տալիս մինչ 18:00-ն զբաղվել քարոզարշավով: Եվ, ըստ էության, աշխատանքներին լայն թափով ներգրավվելու համար նա արձակուրդ կմեկնի: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ եւ որքան ժամանակով նախարարը կմեկնի արձակուրդ: Ամեն դեպքում, խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց Պապիկյանի՝ առաջիկայում արձակուրդ գնալու հանգամանքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ առաջիկայում նախարարներից ոմանք եւս արձակուրդ կմեկնեն քարոզարշավին մասնակցելու նպատակով: Խոսքը հատկապես վերաբերում է գործադիրի այն անդամներին, որոնք հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հավելենք նաեւ, որ մարտի 2-ին արձակուրդ է մեկնում նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կրկին քարոզարշավին մասնակցելու նպատակով: