2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 105 մլն դոլարի գումար. Դրանք այն գումարներն են, որոնք այս կամ այն ճանապարհով գողացվել են մեր երկրից:
Սակայն Բեռլինում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում, «Տեւական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ, ամեն դեպքում, նա դժգոհ է այս արդյունքներից:
«Ե՛վ անձամբ ես, ե՛ւ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետեւմենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ», – նշել է նա:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը գնաց թեմայի հետքերով` պարզելու, թե ով որքան գումար է վերականգնել պետական բյուջե.
Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար, ՊՊԾ նախկին ղեկավար գեներալ Վաչական Ղազարյանը ուիր կինը՝ 2,8 մլրդ դրամ,
ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վերականգնել է շուրջ 1 մլրդ դրամ,
Սերժ Սարգսյան եղբայր՝ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխհատուցել է 18,5 մլն դոլար,
Ալեքսանդր Սարգսյանը նաեւ վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի եւ այլ անձանց կողմից պետությանը պատճառած վնասը՝ 54 մլն դրամ,
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերել է Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.084 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար,
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ 102 մլն դրամ:
Պետությանը տարածք է նվիրաբերել նաեւ մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը հարուցված քրեական գործիցհետո: «Գոլդեն փելիս» հյուրանոցի համար մինչեւ հիմա, սակայն, գնորդ չի գտնվել: Հավելենք, որ սա վերջնական պատկերը չէ, եւ առաջիկայում նման հատկացումներ կրկին կարող են լինել:
Իսկ, ահա, Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է 2019 թվականի ինը ամիսների տվյալները՝ առկա քրեական գործերի եւ պետությանը կատարված վնասի փոխհատուցման մասին:
Ըստ այդմ, 2019 թվականի ինը ամիսների ընթացքում ԱԱԾ-ին փոխանցվել է 846 նյութ, եւ դրանցով այլ մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ: Բացի այդ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում եւս հարուցվել է 223 քրեական գործ, այսինքն՝ընդհանուր առմամբ հարուցված է եղել 446 քրեական գործ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության, այլ մարմինների է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՔԾ, 5-ը՝ ՊԵԿ, 2-ը՝ Զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ:
Ընդ որում, միայն այս 111 քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործության պատճառած ընդհանուր վնասը կազմել է 1 մլրդ 876 մլն 240 հազար 329 դրամ եւ 256 հազար դոլար, որից պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 1 մլրդ 351 մլն 152 հազար 273 դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004 ՀՀ դրամ եւ 256.000 ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունվարից մինչեւ մայիսը ԱԱԾ-ի կողմից հարուցված է եղել 95 քրեական գործ, վերսկսված էր եղել 11 քրեական գործի վարույթ, իսկ 58 քրեական գործ 2017թ-ից փոխանցվել էր 2018թ.:
Որպես համեմատություն՝ նշենք նաեւ, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով` հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր 84 մլրդ 869 մլն 951 հազար դրամ, եւ բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել էր 27 մլրդ 775 մլն դրամ: Բացի այդ, 2018 թվականի մայիսի 10-ից, այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետոմինչեւ 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.: Ընդ որում, հետաքրքիր է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված է եղել 72 քրեական գործ:
Որպես համեմատություն`նշենք, որ 2018 թվականին այդպիսի քրեական գործերիթիվը եղել է 41-ը: Բացի այդ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից մայիսի 10-ից մինչեւհունիսի 14-ը քննված է եղել 406 քրեական գործ, որոնցից 137-ը եղել է անձի նկատմամբ: Այստեղ վարույթը կարճվել է 35 քրեական գործով, կասեցվել է 19 քրեական գործով: Տվյալների համաձայն` 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ իրավապահ կառույցների կողմից նմանատիպ աշխատանքներ կատարվում են, եւ առաջիկայում նոր տվյալներ կլինեն:
Նաիրա Հովհաննիսյան