Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցը։ 2004թ. հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։
2004թ․ հունվարի 11-ից Գուրգենը մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» խրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացներին, որոնց մասնկացում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:
Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։
Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ․ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։
Գուրգեն Մարգարյանը հուղարկավորվել է Եռաբլուրի զինվորական պանթեոնում: