Մի կողմից՝ մեր երկրում կենդանիների պաշտպանության մասին օրենք ընդունվեց, խիստ պատիժ սահմանվեց թափառող կենդանիներին նեղացնողների նկատմամբ, մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ թափառող կենդանիների մասին. շները մարդկանց կծում են, ու իրավիճակի համար լուծում չկա:
Հերթական ահազանգը Տավուշի մարզից է: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ թափառող շները հարձակվում են Տավուշի մարզի գյուղերում եւ քաղաքներում, մարզկենտրոն Իջեւանում, նույնիսկ Տավուշի մարզպետարանի շենքի առաջ կարելի է տեսնել թափառող շներիխմբեր: Շները գիշերներն ավելի մեծաթիվ են դառնում եւ ավելի ագրեսիվ վարք դրսեւորում: Նոյեմբերյան քաղաքի բնակիչները դժգոհում են, որ վաղ առավոտյան թափառող շների ոհմակները ագրեսվություն են ցուցաբերում քաղաքի փողոցներն ավլող հավաքարարների նկատմամբ, երեկոները տարբեր պարապմունքների մասնակցող դպրոցականները վախենում են փողոցում հանդիպել թափառող շների խմբերին:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին թափառող շունը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում հարձակվել էր եւ կծել դպրոցահասակ տղայի, որին տեղափոխել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, կատաղության դեմ ներարկել:
Դիլիջան քաղաքի բնակիչները եւս ահազանգում են, որ թափառող, սոված շների խմբերը կեր են որոնում աղբարկղերում ու կարող են տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսանալ: Դիլիջան քաղաքում թափառող, անտեր շները հարձակվել, հոշոտել են դիլիջանցիների պահած, նրանց համար եկամտի աղբյուր հանդիսացող հավերը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչները հայտնեցին, որ Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում թափառող շունը դպրոցի աշակերտներից մեկի ձեռքից խլել է երեխայի սնունդը: Երեխաների ծնողներն անհանգստանում են, որ թափառող շները բազմացել են, դարձել ագրեսիվ եւ մի օր երեխաներին կվնասեն: Նախկինում անտեր, թափառող շներին ոչնչացնելու համար համայնքների բյուջեից, համայնքի ավագանու որոշմամբ, հատկացվում էր որոշակի գումար՝ յուրաքանչյուր շան ոչնչացման համար՝ 5 հազար դրամ:
Համայնքապետարանը պայմանագրեր էր կնքում Հայաստանի որսորդմիության անդամ հանդիսացող անձանց հետ, ովքեր գիշերային ժամերին փողոցներում որսորդական հրացանով սպանում էին թափառող, անտեր շներին: Մինչ այդ տեղական լրատվամիջոցներով, մարդաշատ վայրերում փակցվող հայտարարությունների միջոցով բնակիչներին իրազեկում էին, որ վերջիններս փակի տակ պահեն իրենց շները եւ անտեր, թափառող շների ոչնչացման օրերին չանհանգստանան գիշերները հնչող կրակոցների ձայներից:
Այժմ համայնքապետարանները թափառող, անտեր շների ոչնչացման համար գումարներ չեն հատկացնում, քանի որ, շների պաշտպանությամբ հանդես եկող հասարակական կազմակերպությունների ջանքերով, Հայաստանում արգելվել է թափառող շների ոչնչացումը: Իրավիճակը, սակայն, գնալով լարվում է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ