Շտապ օգնություն զուգահեռաբար կարող է 6 կանչ ստացվել. ի՞նչ անի 7-րդ հիվանդը, և ինչո՞ւ պակասեցին կայանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: Ըստ Պալատի՝ շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման շղթան՝ ժամանակին արձագանքման օղակից մինչեւ հոսպիտալացում, ունի բարելավման կարիք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Երեւանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային եւ նպատակային արդյունավետության ապահովման հարցերը: Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության եւ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մարզերում շտապ օգնության ծառայությունն իրականացվում է տարածքային կառավարման մարմինների կողմից հիմնադրված բժշկական կենտրոնների միջոցով, բայց անհրաժեշտության դեպքում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կարող է սպասարկել նաեւ կանչեր ՀՀ մարզերից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ավտոմատ կերպով չեն ուղղորդվում տարածքային շտապ օգնության ծառայություններ, դրանք ուղղորդվում են Երեւան, Երեւանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր:

Այսինքն՝ ՀՀ մարզերից բջջային ցանցի միջոցով 1-03 ծառայության ստացված զանգերն ավտոմատ կերպովչեն ուղղորդվում տարածքային շտապ օգնության ծառայություններ, ինչն էլ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում Երեւանում տեղակայված սահմանափակ թվով հենակետեր ունեցող ծառայության համար՝ առաջացնելով ռիսկեր Երեւանից ստացվող կանչերի ոչ ժամանակին գրանցման եւ սպասարկման գործընթացում:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ դա կապված է բջջային օպերատորների հետ: «Կան օպերատորներ, որոնք այդ հարցը չենլուծել: Օրինակ՝ «Վիվա-ՄՏՍ»-ը այդ հարցը լուծել է, եւ ով զանգում է այդ օպերատորի հեռախոսահամարից, միանում է իր տարածքում գտնվող շտապօգնության կայան: Կան օպերատորներ, որոնցմոտ այդ հարցը լուծված չէ, եւ նրանց բաժանորդները միանում են Երեւան: Այդ դեպքում կանչը փոխանցվում է համապատասխան մարզ: Այստեղ կանչը փոխանցելու արագությունն է»,- բացատրեց Թ. Ստեփանյանը:

Այսինքն՝ գյուղի բնակիչը, ահազանգելով շտապօգնության ծառայություն, դեռ պետք է երկար սպասի, մինչեւ Երեւանի շտապօգնությունը կապ հաստատի մարզային բուժկենտրոնի հետ, ինչից հետո պարզ կլինի՝ շտապօգնության մեքենա կա, թե ոչ, կարող են կանչը սպասարկել, թե ոչ, քանի որ կան մարզային բուժկենտրոններ, որոնց շտապօգնության մեքենաները բավարար չեն կանչերը սպասարկելու համար:

Հաճախ դեպքեր են արձանագրվում, երբ մարզի բնակիչն այնքան ժամանակ է սպասում, մինչեւ շտապօգնության խումբն ավարտում է գրանցած կանչը, որպեսզի մոտենա իրեն, էլ չենք խոսում այն գյուղերի մասին, որոնց համար շտապօգնության մեքենաներն ուղղակի անհասանելի են փոսառատ ու ոչ սարքին ճանապարհների պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում շտապ բժշկական օգնության կայանների թիվը 2017-ին եղել է 75, իսկ 2018-ին՝ 72, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կայանների քանակը պակասել է: Դրա փոխարեն աճել է շտապ բժշկական օգնության կանչերի ընդհանուր թիվը. եթե ՀՀ-ում 2017-ին այն կազմել է 465 հազար 111, ապա 2018-ին այն եղել է 479 հազար 767:

Տեղեկացնենք, որ կանչերի գրանցումն իրականացվում է Կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգում (ԿԴՀ) կանչի թերթիկի ստեղծման միջոցով: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ սահմանված է ինչպես կանչի թերթիկների ձեւը, այնպես էլ դրա լրացման կարգն ու շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների կարգը: Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ 1-03 ծառայությունը զուգահեռաբար կարող է ընդունել մինչեւ 6 կանչ: Պարզվում է՝ 7 եւ ավելի միաժամանակյա կանչերը չեն գրանցվում դիսպետչերական համակարգում ժամանակին, ինչը, ըստ մասնագետների, լուրջ խնդիր է:

Իսկ, ահա, այս խնդրի շուրջ ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը փոխանցեց հետեւյալը. «Խնդիրը ոչ թե նրանում է, որմենքքիչ դիսպետչեր ունենք կամ աշխատող, այլ խնդիրն այն է, որ շտապօգնությունն այսօր, աշխատելով գերլարված եւ օրական կատարելով 900-ից ավել կանչ, բնականաբար այդ ռեսուրսները շատ բարդ է այս պահին իրականացնել, որովհետեւ կանչերի թիվն այս պահին բարձր է: Եւ անընդհատ կարող է կանչերն ավելանան, եթե մարդիկ վստահեն միայն շտապօգնությանը եւ չգնան իրենց ընտանեկան բժիշկներիմոտ, չգնենու չօգտագործեն իրենց դեղահաբերը եւ այլն»:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ սահմանված են կանչերի սպասարկման ընթացքում պացիենտների հոսպիտալացման վերաբերյալ չափորոշիչներ, որոնցիցմեկով շտապ բժշկական օգնության կայանի խմբերիկողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտները ենթակա են անհապաղ բժշկական քննության եւ անհրաժեշտության դեպքում պարտադիր հոսպիտալացման՝ անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ազատ տեղերի առկայությունից: Բացի այդ, նախարարի հրամանի համաձայն՝ հոսպիտալացման անհարկի մերժման յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկությունը պետք է ներկայացվի նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը տվյալ հերթափոխի ավագ բժշկի կողմից: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման չափորոշիչը գործնականում չի ապահովվում:

Հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապբուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Ամենակարեւորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել:

Այս խնդրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ մերժումների դեպքերը պարբերաբար տեղեկացվել են Առողջապահության նախարարությանը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ 3 բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների կարդիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքներում առկա է եղել 30 ազատ մահճակալ, բայց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմիցնույնօրը ստացված տեղեկության համաձայն՝նույն բուժկենտրոնների բաժանմունքները փակ են եղել:

Սակայն Թագուհի Ստեփանյանը վստահեցնում է, որ ոչ մի հիվանդ չի մնում առանց օգնության: Նա, անդրադառնալով այս խնդրին, տեղեկացրեց. «Այս խնդիրը առկա է, աշխաում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստորի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս