ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ՈՒՆԵՆ ՍԴ-ՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՉԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին որոշումը: Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանի հայտարարությունը երջանկացրեց իշխանություններին, իսկ ընդդիմախոսները շտապեցին հայտարարել, որ սա հակասահմանադրական քայլ է, ավելին՝ պետք է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու հանրաքվեի կայացումը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ, որը հանրաքվեի ջատագովներից է: Փորձել ենք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլհակյանից (որը, պարզվում է, կիրակի օրերին էլ է աշխատում) պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկել հանրաքվեի կազմակերպման համար:
-Տիկի՛ն Ջուլհակյան, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Տեղամասային կենտրոնում պետք է լինեն հանրաքվեի դրված հարցի տեքստը, ինչպես նաեւ հանրաքվեի դրված իրավական ակտի՝ նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը. եթե նման որոշում չկա, ի՞նչ է ներկայացվելու այդ օրը:
-Մենք որեւէ խախտում չենք արել, այս Սահմանադրական դատարանը չի կարող այս հարցը քննել նախ եւ առաջ նրա համար, որ իրենք ունեն անհնարինություն այդ հարցը քննելու համար, որովհետեւ անմիջականորեն դա իրենց է վերաբերում:
-Բայց դա նշանակում է, որ Դուք խախտում եք կատարել, ու հանրաքվեի իրականացումն արդեն անօրինական է: Ըստ օրենքի՝ իշխանությունները պարտավոր էին դիմել Սահմանադրական դատարան:
-Չէ, ես բացատրեցի, որ հնարավոր չէ ունենալ իրենց դիրքորոշումը՝ անկախ իրենց անօրինական լինելուց. անձը չի կարող իր գործով դատարան հանդիսանալ: Սահմանադրական դատարանի 7 անդամը ունի անհնարինություն այդ գործը քննելու, քանի որ իրենք իրենց դատավորը չեն կարող լինել: Դա Հին Հռոմեական իրավունքից մինչեւ այսօր գործող սկզբունք է եւ անխափան սկզբունք է: Դա կլինի անաչառության խստագույն խախտում, չի կարող մարդը անաչառ լինել իրեն վերաբերող գործը քննելիս, հետեւաբար տեխնիկապես նույնիսկ անհնար է ուղարկել նրանց, որ իրենք այդ հարցը քննեն: Այնտեղ երկու անձ կա, որ կարող է անաչառ քննել, բայց երկու ձայնը բավարար չէ այդ որոշումը կայացնելու համար. այնտեղ առնվազն 5 ձայն պետք է լինի ընդհանրապես նման եզրակացություն կամ որոշում կայացնելու համար: Այնտեղ 7-ը ունեն շահերի բախում:
-Եթե ընդդիմությունը որոշում կայացնի դիմել ՍԴ՝ հանրաքվեի ակտի սահմանադրականության վիճարկման հարցով, որո՞նք են լինելու Ձեր քայլերը:
-Թող դիմեն, դա իրենց որոշելիքն է: Ես կարծում եմ, որ մենք բավարար հիմքով ներկայացրել ենք, թե ինչու ենք գնում հանրաքվեի: Դա ասվել է փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Մենք շատ հիմնավոր կերպով ներկայացրել ենք, թե ինչու հանրաքվե:
-Հանրաքվեի «ՈՉ» շտաբը, ըստ Ձեզ, մե՞ծ է լինելու, այսինքն՝ «ԱՅՈ»-ին հակակշի՞ռ է լինելու, թե՞ ոչ:
-Չեմ կարող ասել, ցույց կտա ժամանակը:
-Քննարկումներ, հանդիպումներ այլ քաղաքական ուժերի հետ նախատեսվա՞ծ է, ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում՝ «ԱՅՈ»-ի շտաբի ձեւավորման հետ կապված:
-Դեռեւս այդ հարցը չենք քննարկել: Որոշումը նոր է կայացվել, առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի, կպարզվի, որի մասին մենք կտեղեկացնենք:
-Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է նաեւ, որ հանրության համար այդպես էլ անհասկանալի է մնալու, թե ինչի համար են իշխանությունները ցանկանում հանրաքվե անցկացնել, քանի որ երբեւէ չեն առնչվել Սահմանադրական դատարանի հետ: Դուք մտավախություն չունե՞ք, որ հանրությունն անգամ հանրաքվեին չի մասնակցի:
-Հանրությունը ոչ միայն շատ լավ գիտի, թե մենք ինչու ենք գնում հանրաքվեի, այլ նաեւ վաղուց պահանջում է այդ հարցի լուծում, ու ես կարծում եմ, որ հանրությունը շատ ուրախ է, որ հենց իրենց է տրվելու, իրենց է ընձեռվելու հնարավորություն, որ հարցին տան լուծում:
-Կարծիք կա, որ իշխանությունը ընդամենը բյուջեում մեծ բեռ է ավելացնում ֆինանսական առումով:
-Ընդդիմությունը այդ ելքերը կարող էր առաջարկել վերջին ամիսների ընթացում, քանի որ մենք ամիսներ շարունակ է՝ այս հարցը քննարկում ենք, եւ կարծում եմ, որ ընդդիմության պատասխանատվությունն է նաեւ նման իրավիճակներով ելքերի շուրջ առաջարկներ անել: Այդ առաջարկները չեն եղել, եւ մենք շարժվել ենք մեր առաջարկած տարբերակներով: Ուղղակի ասել՝ սա ճիշտ է, սա սխալ է. շատ հեշտ է նման բաներ ասելը:

 

 

 

ՄԵԿԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ, ՄՅՈՒՍՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ խորհրդարանում կայացել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի ձեւավորման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռեւս փետրվարի 4-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ենթահանձնաժողովի անդամ են ընտրվել ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովն ու լոռեցի Արամ Խաչատրյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից՝ Էդուարդ Բաբայանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Էդվարդ Անդրեասյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստի ժամանակ նախ ընտրվել է ենթահանձնաժողովի նախագահը, այնուհետեւ հաստատվել են ենթահանձնաժողովի անդամների թիվն ու անունները, որից հետո օրակարգում եղել է մեկ հարց, որը վերաբերել է միգրացիոն ծառայություններին. այն կարճ քննարկվել է, ու որոշվել է հաջորդ նիստերում շարունակել:
Հիշեցնենք, որ Աժ-ում այս պահին էլ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի ղեկավարը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է: Վերջինս փետրվարի 4-ին մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե տեղյակ չէ, որ նման ենթահանձնաժողով է ստեղծվելու, ավելին՝ հավելել էր, թե, իր կարծիքով, նման ենթահանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա: Փաստորեն, ստացվում է, որ կար:
Իհարկե, նորմալ է, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ փոխհարաբերությունները ՀՀ ԱԺ-ում շատ են կարեւորում ու ստեղծել են երկրորդ կառույցը խորհրդարանում, որը կխորացնի հարաբերությունները դաշնակից ՌԴ-ի հետ: Բայց այս ամենում ուշագրավ է այն, որ խորհրդարանում արդեն իսկ կար Սիմոնյանի գլխավորած հանձնաժողովը, ու ստացվում է, որ խորհրդարանի ղեկավարությունը դժգոհ է նրա ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից, այն համարում է անպտուղ, դրա համար ստեղծել է այլընտրանք, որպեսզի ավելի ակտիվ գործունեություն ծավալեն խորհրդարանի ձեւաչափով:
Կտա արդյոք ցանկալի արդյունք այս ենթահանձնաժողովը, թե ոչ՝ դժվար է ասել, բայց փաստ է՝ եթե սա էլ վատ աշխատի, ապա իշխանությունները ստիպված կլինեն երրորդ մարմին ձեւավորել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ հայ-ռուսական հարաբերությունները չեն ջերմանում, խոսքերից այն կողմ չի անցնում գործը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀՀԿ-Ն՝ ՉԵԶՈՔ
Չնայած ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը դեռ չի մեկնարկել, սակայն, ըստ էության, այն չի խոստանում աշխույժ լինել: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ եւ չմասնակցել քարոզարշավին: Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու: Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որեւէ որոշում եւ քննարկում չկա դեռ: Բնականաբար, «այո»-ի շտաբում չենք կարող լինել, իսկ «ոչ»-ի հետ կապված էլ կքննարկենք եւ կասենք»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով չեզոքություն է պահպանելու եւ քարոզարշավին չի մասնակցելու նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, սակայն նա նշեց, թե չի քննարկել այդ հարցը պարոն Քոչարյանի հետ եւ չի կարող պատասխանել մեր հարցին: Ստացվում է` քարոզարշավին մասնակցող ուժերը քիչ են լինելու:

 

 

 

ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով պետք է ներդրվեր դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ: Սակայն երեկ, արդարադատության նախարարի առաջարկությամբ, նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է երկու ամսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, փաթեթի կարգավորումների հետ կապված, համակարգում դժգոհություններ կան, եւ նոր քննարկումներ կլինեն մինչեւ նախագիծը կրկին խորհրդարանին ներկայացնելը: Բանն այն է, որ դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու էր ԲԴԽ-ն, իսկ, ահա, ունեցվածքի հարցը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հենց այս երկու կառույցների միջեւ էլ դժգոհություն է առկա:

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով նախապատրաստման եւ անցկացման հետ կապված գործողությունները: Մասնավորապես, այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ է անցկացնելու, որի ժամանակ հաստատվելու է հիմնական միջոցառումների ժամանակացույցը, այսինքն՝ երբ կսկսվի քարոզչությունը, երբ կավարտվի եւ այլ հարցեր: Բացի այդ, վաղը Երեւանի ավագանու մանդատ կտրվի Պավել Սարգսյանին, որը պետք է փոխարինի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանին: Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետարանում հունվարի 27-ին հրատապ նիստ էր հրավիրել՝ քննելու Հենրիկ Հարթենյանի արարքը: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր (հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Հրայր Թովմասյանի աղջիկը չէ) լուսանկարը եւ գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»:




Լրահոս