Այսօր մեկնակում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ հաստատվել է այսօր մեկնարկելիք նստաշրջանի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն մյուս դեպքերի, երեկ ԱԺ խորհրդի նիստը բավականին կարճ է տեւել՝ մոտ չորս րոպե, եւ նիստի ժամանակ անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է զարմացել, որ այդքան հեշտ հնարավոր եղավ հաստատել օրակարգը: Տեղեկացանք, որ օրակարգում ընդգրկված է 20 հարց, որոնց մեծ մասը քննարկվելու է առաջին ընթերցմամբ: Եվ միայն նախագծերից 7-ն են, որ անցնելու են երկրորդ ընթերցում:
Հետաքրքիր է, որ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած բազմաչարչար «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Ծխախոտի դեմ պայքարի մասին ծրագիրն ու նախագծի կազմումն առողջապահության նախարարը սկսել էր շատ վաղուց՝ իր պաշտոնին նշանակվելուց քիչ անց: Սակայն մինչեւ օրս նախարարին այդպես էլ չի հաջողվել խորհրդարանում ունենալ լիակատար վստահություն եւ օրենքի նախագիծն անցկացնել առանց միջադեպերի: Բանն այն է, որ յուրաքանչյուր անգամ մշտական հանձնաժողովներում այս հարցի քննարկումը վերածվում էր պայքարի հենց իշխանական պատգամավորների եւ նախարարի միջեւ: Ի վերջո, ստացվեց նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, եւ, ահա, այս նստաշրջանի օրակարգում նաեւ նախագծի երկրորդ ընթերցումն է:
Նկատենք, որ նախագծում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ այն տարածքների եւ հեռավորությունների առումով, որտեղ այսուհետ արգելվելու է ծխելը: Օրինակ՝ եթե սկզբնական տարբերակում առկա էր մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքներից եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա սահմանումը, ապա այժմ հեռավորությունից առաջ նշվում է մինչեւ բառը: Բացի այդ, նախագծում թողնվել է միայն փակ տարածք հասկացությունը, եւ այլեւս առկա չէ կիսափակ բնորոշումը. այլ խմբագրական փոփոխություններ եւս արվել են:
Բացի կառավարության կողմից ներկայացված նախագծերից, այս նստաշրջանում մեծ թիվ են կազմում նաեւ պատգամավորների կողմից ներկայացված նախագծերը: Օրինակ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի» մասին օրենքում եւ, ըստ էության, կանոնակարգել նվիրատվությունների ոլորտը: Մասնավորապես, նրանք ցանկանում են ամրագրել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաեւ այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով:
Հետաքրքիր է, որ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Հարություն Բաբայանը համատեղ ներկայացրել էին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի վերաբերյալ վերապահումներ ուներ ՀՀ կառավարությունը, եւ որի քննարկումը խորհրդարանի մշտական հանձնաժողովում բավականին բուռն է ընթացել: Մասնավորապես, նրանք առաջարկում են օրենքում ամրագրել մի դրույթ, համաձայն որի՝ «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով»:
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում էլ փոփոխություն են առաջարկում ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանն ու Արտյոմ Ծառուկյանը: Նրանք առաջարկում են ամրագրել, որ դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏԵՐ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեծ կարողության տեր է: Ըստ խոսակցությունների՝ նրա ընտանիքին է պատկանում մայրաքաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող «Հին Պեկին» ռեստորանը, ինչպես նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում գործող մի քանի սննդի օբյեկտներ:
Երեկ այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել Վարդանյանից. վերջինս հայտարարեց. «Կարող եք իմ հայտարարագիրը նայել ու դրանից հետո գալ հետեւությունների»: Դիտարկմանը, թե այդ ամենը իր ընտանիքի անդամներինն է, պատգամավորը նշեց. «Իմ հետ այժմ ոչ ոք չի բնակվում, ես ամուսնալուծված եմ, այսքանը կարող եմ ասել»:
ՇԵՐԻՖԸ՝ ԻՐ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրերս մամուլում հրապարակվել էր «Մարտի 1»-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Գրիգորի Գրիգորյանի՝ Շերիֆի ցուցմունքը: «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգոր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրեն կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության: Ի պատասխան՝ Գրիգոր Գրիգորյանը հայտնեց. «Այն, ինչ հրապարակվել է, դա իմ՝ 2008 թվականի տված ցուցմունքն է, եւ այն էլ՝ այդ ցուցմունքից հատվածներ են հրապարակվել»: Մեր հարցին՝ իրեն հեղափոխությունից հետո՝ 2019, 2020 թվականներին, ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել արդյոք, Գրիգոր Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, չեն հրավիրել»:
ՆՈՐ ԽՈՒՄԲ
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ երեկ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի նպատակն է ընդերքաօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը: Աշխատանքային խումբը մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին պետք է ներկայացնի ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Այն, ի դեպ, մինչեւ օգոստոսի 30-ը ներկայացվելու է կառավարությանը: Մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքային խումբը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԱԱԾ-ն իրազեկում է, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում, հնարավոր է, տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով՝ ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել եւ դրանց հետ հետադարձ կապ չհաստատել: «Ս.թ. հունվարի 31-ին՝ առավոտյան ժամը 07:11-ից մինչեւ ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաեւ օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տեւողությամբ»,- փոխանցել է ՀՀ ԱԱԾ-ն:
ԿՐԿԻՆ ՉՀԱՍՏԱՏԵՑ
Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատում Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները: Վերահսկող դատախազը կայացրել է մեղադրական եզրակացությունը չհաստատելու որոշում եւ լրացուցիչ քննություն կատարելու համար այն հետ է ուղարկել քննիչին: Ըստ դատախազության՝ նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը այս որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը եւ նրանց առաջադրել նոր մեղադրանքներ:
ՉԵ՞Ն ՆԿԱՏՎԵԼ
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը սոցցանցի իր էջում գրել է, որ դպրոցներում աշակերտների հաճախելիությունը կրկնակի նվազել է: «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը: Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում 1866 աշակերտից բացակա է 1421-ը…»,- գրել է Անի Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ: Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել»:
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ
Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել այսօր եւ վաղը: Ըստ Հայաստանի Հանրապետության ԱԻՆ-ի՝ փետրվարի 13-14-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: