Հայկական բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական բոթը լսեցինք. ժամը 07:45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Պետրոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորի հանկարծամահ լինելու մասով ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ») հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Իրավապահները տեղեկություններ ունեն, որ զինվորը դեպքից երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ եւ հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, եւ անգամ զորամասի գրանցամատյանում չկա որեւէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ: Ավելին, իրավապահները պարզել են, որ զորակոչվելիս զինվորը որեւէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որեւէ խնդիր չի ունեցել՝ ըստ պաշտոնական բժշկական եզրակացության: Այսինքն՝ պաշտոնապես առողջ երիտասարդը բանակում խնդիր է ունեցել, դիմել է բուժկետ, անուշադրության է արժանացել ու հանկարծամահ եղել: Սա ենթադրում է կոնկրետ պատասխանատուների պատասխանատվություն՝ ամենախիստ ձեւով: Անտարբերությունը քանդում է ամեն ինչ:
Պաշտոնական թվեր
2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն որակված, 1-ը՝ առողջական խնդիրների, եւ 1-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 եւ ինքնասպանության փորձի 1 դեպք: Ընդ որում, մահացության 4 դեպքերից 2-ը եւ վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:
Հերթական ողբերգական դեպքը արձանագրվեց 2020 թվականի փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում` ՀՀ ՊՆ N զորամասում տեղակայված հերթափոխի ժամանակ, երեք զինծառայողներ՝ Կարապետ Նազարյանը, Տիգրան Արզումանյանը, Նվեր Շահբազյանը, ձնահյուսքի տակ մնացին եւ մահացան: Մահվան դեպքի առթիվ եւ Համլետ Միրզոյանի տուժելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասի՝ («Պետի կամ պաշտոնյայի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ինչը հանգեցնում է լուրջ հետեւանքների») հատկանիշներով:
Մեկ օր անց՝ հերթական դեպքը
Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, եւ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասի («Պետի կամ պաշտոնյայի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ինչը հանգեցնում է լուրջ հետեւանքների») հատկանիշներով: Ի դեպ, սա այս տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում 8-րդ մահվան դեպքն է, եւ զինվորները չեն մահացել հակառակորդի կրակոցից, այլ տարբեր հանգամանքներում են մահացել: Ինչեւէ, բանակում տիրող իրավիճակի մասով դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց՝ քննություն է ընթանում, այլ բան հայտնել չի կարող:
Ի՞նչ իրավիճակ է նախարարությունում
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխնախարարներից մեկին հանձնարարել է ստուգայցեր կատարել, ստուգել բոլոր կետերը: Փոխնախարարը հայտնել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբից կա մեկ անձ, որի հետ պատրաստ են գնալ ստուգայցերի. եթե այդ անձից բացի այլ մարդ ԳՇ-ն տրամադրի, ապա չեն գնա: Ասել է թե՝ նախարարության եւ ԶՈՒ-ի հակամարտությունը շարունակվում է, եւ նախարարության աշխատակիցները ու ԳՇ աշխատակիցներից ոչ բոլորի հետ են պատրաստ աշխատանք իրականացնել:
Ինչեւէ, մեզ հայտնի դարձավ, որ ԳՇ-ից այնպիսի պաշտոնատար անձի են կցել, որ ՊՆ փոխնախարարը համաձայնել է, եւ ստուգումները սկսվել են: Իսկ թե ինչով կավարտվի այս ներքին տարաձայնությունը, ցույց կտա ժամանակը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
Ոստիկանության փոխգնդապետը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2015թ. հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնություն գործադրելով: Փոխգնդապետ Արման Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, նրա գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
ԳՈՂՈՆԸ ՉԿԱ
«Կոնվերս բանկի» գողոնը այդպես էլ չհայտնաբերվեց: Անգամ գործով եղել են հանգամանքներ, որոնք իրավապահ համակարգը չի կարողացել բացահայտել: 2018 թ. հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Նա գործարք կատարելու պատրվակով մտել էր Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով 200 հազար դոլարին համարժեք դրամ՝ հեռացել էր: Ավելի ուշ Ցիգանկովը հայտնաբերվել ու ձերբակալվել էր Վրաստանում, որին 7 ամիս անց բերեցին ՀՀ: Արդյունքում 2019 թ. օգոստոսի 16-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակեց վճիռը, Պյոտր Ցիգանկովին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտեց ազատազրկման՝ 8 տարի 5 ամիս 5 / օր ժամկետով, եւ դեռ ավելին՝ դատավոր Գրիգորյանը բավարարել էր «Կոնվերս բանկ»-ի ներկայացուցիչ Ա. Սերոբյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, որպեսզի Պյոտր Ցիգանկովից, հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի, բռնագանձեն 11 միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր հիսուն ՀՀ դրամ: Նկատենք, որ 200 հազար դոլար գողոնը այդպես էլ չի հայտնաբերվել, եւ դեռ ավելին՝ ապահովագրական ընկերությունն է բանկին փոխհատուցել հափշտակված գումարը: Իսկ, ահա, Ցիգանկովը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ այդ հափշտակված գումարի հետ որեւէ կապ չունի: Դատելով իրավիճակից՝ մեղադրյալը պնդում է՝ ինքը կապ չունի գողոնի հետ, բանկը ստացել է հափշտակված գումարը ապահովագրական ընկերությունից, ինչը բազմաթիվ կասկածներ է առաջ քաշում: Միգուցե այս հափշտակության սցենարը բանկը կազմակերպեց, որ հետո ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանար: Ինչեւէ, Ցիգանկովը առաջին ատյանի որոշումը բողոոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, մեղադրող դատախազը եւս առաջին ատյանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ եւ պահանջում է ավելի խիստ պատիժ:
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՆԵՐԿՐՈՒՄ
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը: Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացին, Երեւանում բնակվող երկու ծանոթի պատվերով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» եւ «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում եւ հունվարի 25-ին Մոսկվայում պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները: Թմրամիջոցների խմբաքանակը, մաքսային հսկողությունը շրջանցելով, 2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է ՀՀ, իսկ թմրամիջոցի պատվիրատուները ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, փետրվարի 3-ին ստանալով ուղեբեռը, այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել եւ ձերբակալվել:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով եւ ձեւական աճուրդով: Վանաձորի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարման դեպքերում օրենքով սահմանված կարգով պարտադիր գնահատելու հանգամանքը, նույն անշարժ գույքի շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված օրենքով, ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով գնահատման գործողություններ չեն ձեռնարկել: 76.275.000 դրամ կադաստրային արժեքով շենք-շինությունը ներկայացվել է իբրեւ քանդման ենթակա եւ գնահատվել անշարժ գույքի օգտահանության արժեքով՝ կազմելով 2.080.000 դրամ: Հարուցվել է քրեական գործ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ
Երեւանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր 48-ամյա Արծրուն Միրզոյանին: Նա ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել եւ հայտնել, որ փետրվարի 8-ին անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի միջից հափշտակել են պայուսակը: Դատավորը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է իր անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի իր ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեններ եւ ոսկյա իրեր: