ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՍՏՈՒԳԵԼ ՀԱՆՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ընթացիկ տարում ծրագրել է ստուգումներ իրականացնել խոշոր հանքարդյունաբերող ընկերություններում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ մարմինը դեռ չի էլ սկսել Հայաստանի խոշոր հանքերում ստուգումներ իրականացնել: Ավելին, հայտնի էլ չէ, թե երբ են դրանք սկսվելու: Ընդ որում, նման խոստում տվել էր նաեւ նախկին պետը, բայց էլի չիրականացավ:

Նշենք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է վերահսկման ենթակա 9 ոլորտի 90 տնտեսավարող սուբյեկտ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմնի կողմից 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը, ըստ եռամսյակների, հետեւյալն է՝ 1-ին եռամսյակ- 15 ստուգում, 2-րդ եռամսյակ- 29 ստուգում, 3-րդ եռամսյակ- 30 ստուգում, 4-րդ եռամսյակ- 16 ստուգում: Պարզվում է, որ ստուգումների տարեկան ծրագրում թվով 90 տնտեսավարող սուբյեկտներից 63-ն ունեն բարձր ռիսկայնություն, որոնք համաչափ բաժանված են՝ ըստ ՀՀ մարզերի եւ ըստ տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա թողած առավել ռիսկային չափանիշների հավանական բացասական ազդեցության։ Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում տեղադրված ցանկի առաջին տեղում է Լոռու մարզում գտնվող Թեղուտ ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի հանքավայրը: «Թեղուտ»-ին հաջորդում է «Լեռ Էքս»-ը, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տեսչական մարմնի ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանի հետ եւ հետաքրքրվել, թե որ հանքարդյունաբերող ընկերությունում է իրականացվելու ստուգում:
-Պարո՛ն Այվազյան, ի՞նչ հանձնարարական եք ստացել, որտեղի՞ց եք սկսելու ստուգումները: Ավելի կոնկրետ՝ ո՞ր հանքարդյունաբերող ընկերությունից եք սկսելու ստուգումը:
-Դե, տարեկան ծրագրով ենք ստուգումներ անում, կայքում դրված է մեր ստուգումների պլանը:
-Արդեն սկսե՞լ եք ստուգումներ անել:
-Դեռ չէ. եղանակային պայմանները թույլ չեն տալիս՝ ստուգումներ անենք:
-Այնուամենայնիվ, առաջին ստուգումը որտեղի՞ց եք սկսելու, մեծ հանքերից առաջինը ո՞րն եք ստուգելու:
-Եղանակը որտեղ թույլ տա, այնտեղից էլ կսկսենք:
-Նախնական տվյալներով պլանավորած ցանկ չունե՞ք, թե որից եք սկսելու:
-Մեր կայքը, որ մտնեք, գրված է՝ ըստ եռամսյակների:
-Դուք չե՞ք հիշում:
-Պարզապես հիմա հարմար չէ:
-Պաշտոնական կայքէջում անհրաժեշտ տեղեկություն չկա, թե, օրինակ, որ հանքարդյունաբերող ընկերությունում ինչն եք ստուգելու, երբ, քանի օր են դրանք տեւելու եւ այլ հարցեր:
-Շատ չեն, ընդամենը մի հատ կա, որը ստուգելու ենք առաջին եռամսյակում. որ նայեք ընդերքօգտագործողների մասում, կտեսնեք: Ու նաեւ վարչապետի հանձնարարությամբ մետաղական հանքերն են, որը արդեն դրա հետ կապ չունի: Եղանակային պայմանները որ թույլ տվեցին, հերթականությամբ կանենք: Ձեր ասած մեծ հանքերը դրա մեջ են մտնում:
-Պարո՛ն Այվազյան, բացի այս, Ձեր ղեկավարած բաժինը դեռեւս 2018 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունում ստուգում է իրականացրել: Խնդրում եմ տեղեկություն տրամադրել, թե ինչ հանձնարարական էր տրվել, եւ արդյոք ընկերությունը կատարել է տրված հանձնարարականը:
-Դե լավ էլի, ցավդ տանեմ, խանգարում եք արդեն, էլի: Գրավոր դիմե՛ք: Մեր մարմնին գրե՛ք, կպատասխանենք:
-Ի՞նչ խնդիր կա, պարո՛ն Այվազյան, գուցե չե՞ք տիրապետում ոլորտին, տեղյակ չե՞ք, դրա համար խուսափում եք պատասխանել:
-Չէ, տիրապետում եմ ոլորտին. որ հարցին որ պետք լինի, կպատասխանեմ, գրավոր դիմե՛ք, կպատասխանեմ: Ցտեսություն:
Նշենք, որ Այվազյանի ղեկավարած բաժնի ուղղակի գործառույթն է իրավիճակին տիրապետելը, հանքերի ինքնագործունեությունը կանխելը, ընդերքօգտագործման կանոնների պահպանմանը հետեւելը եւ, ամենակարեւորը, շրջակա միջավայրի պահպանության սուրբ գործը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր բազմաթիվ հրապարակումներում առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ ընդերքի վերահսկողության վարչությունում աշխատում են անձինք, որոնք չունեն մասնագիտական համապատասխան որակավորում, երբեւէ չեն աշխատել հանքարդյունաբերության ոլորտում: Դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում ոլորտի գրագետ կառավարման հարցում: Համաձայնե՛ք, որ շատ կարեւոր է՝ պետության կողմից ներկայացվող մասնագետը կամ ղեկավարը ոլորտից առնվազն տեղյակ լինի, որպեսզի գնահատի եւ պահպանի պետական շահը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տեսչական մարմնի ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել: Ըստ որոշ տեղեկությունների՝ ավարտել է նաեւ համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: Բայց նշենք, որ Այվազյանի կենսագրական տվյալները տեսչական մարմնի կայքէջում բացակայում են: Չի բացառվում, որ տեսչական մարմնի աշխատողներն իրենց աշխատասենյակներում նստած են հաստատում մետաղական հանքավայրի պաշարները, մի քանի օրվա ընթացքում ստուգում են այդ բարդ աշխատանքային գործընթացը եւ վերջում, Հայաստանում ավանդույթ դարձած ծանոթ-բարեկամի սկզբունքով, տրամադրում են հանքի շահագործման թույլտվություններ: Այսինքն՝ հանքային պաշարներն առանց ուսումնասիրելու, հողի շերտերի մասին առանց պատկերացում կազմելու տնտեսագետի կամ իրավաբանի որակավորում ունեցող մասնագետները հանքերին լիցենզիա են տալիս կամ վերահաստատում են լիցենզիայի ժամկետը:

 

 

 

ԳՅՈՒՂԻ 90 ՏՈԿՈՍԸ ՄՈԼՈՐՎԵԼ Է. ԻՆՉՊԵ՞Ս Է ՓԱԿԵԼՈՒ ՎԱՐԿԵՐԸ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն շրջանցել է ՀՀ Շիրակի մարզի Վարդաքար գյուղը: Վարդաքարցիներին այս օրերին հետաքրքրում է միայն իրենց ցանած ցորենի ապագան: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, վարդաքարցիներն ի՞նչ են մտածում սահմանադրական փոփոխությունների մասին:
-Դեռ չեն սկսել քննարկել, մարտին զանգե՛ք (ծիծաղում է-Ս.Հ.): Երեւի նոր-նոր, քիչըմ թեթեւի մեջ իմացել են, թե ինչ է կատարվում: Էհ, Սահմանադրությունից ի՞նչ կհասկանան որ: Գեղի 80-90 տոկոսը չիդե՝ Սահմանադրությունն ինչ է, ինչ չէ, ինչ էրած է: Գյուղացու ինչի՞ն է պետք, սահմանադրական փոփոխությունը լինի, սալյարկե՞ն պետք է ավելանա, պարարտանյո՞ւթը պետք է ավելանա, իրեն ի՞նչ է պետք, կամ մրսած ցորեննե՞րը պետք է տաքանան, սառեց թափավ: Կոնկրետ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, կուզեն՝ զբաղված լինեն, բայց չեն էլ հասկանա՝ Սահմանադրությունն ինչ է, ու դրա մեջ ինչ կա փոփոխելու:
-Այնուամենայնիվ, հանրաքվեին կմասնակցե՞ն:
-Շատ մասնակցություն չի էղնի, բայց էն մասան սովորականի պես գլուխը կախ կհելնի կասի՝ «այո», ու կիջնի ցած: Մեր գյուղում Նիկոլ Փաշինյանին հավատացողներ կան, նա այստեղ ֆանատներ ունի: Իրենք հավատում են ու կգնան կմասնակցեն: Եթե իրենց ասես՝ Մեղրիում է լինելու, կգնան կհասնեն Մեղրի: Բայց մարդիկ այսօր ժամանակ չունեն. գյուղի 90 տոկոսը մոլորել է, թե իրենց վարկերն ինչըղ պետք է փակեն: Ուղիղ 95 տոկոսը 3-4 վարկային կազմակերպություններին վարկ ունի, իրենց չի էլ հետաքրքրում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ սահմանադրական փոփոխությունները:
-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, գնալո՞ւ եք, «այո՞» եք ասելու, թե՞ «ոչ»:
-Ժամանակը գա՝ տեսնենք: Դե, մենք պարտավոր ենք գնալու, կգնանք ու մեր տեսակետը կհայտնենք:
-Որոշե՞լ եք՝ «այո» եք ասելու, թե «ոչ»:
-Ճիշտն ասած, չեմ որոշել: Ասելու շատ բան կա, բայց, դե, կարող է չկրնանք ասենք կամ չուզենանք ասենք, գլուխներս չցավա էլի անկապ տեղը (ծիծաղում է-Ս.Հ.): Բայց մարդկանց չեմ ուղղորդելու. ինչպես կուզեն, թող վարվեն:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՉԱՍԱՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը 2019 թվականին գրավոր հարցումով դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ պարզելու, թե անցյալ տարի որքան գումարով են պետական բյուջեից պարգեւատրվել Տավուշի մարզպետարանի աշխատակիցները եւ անձամբ մարզպետ Չոբանյանը:
Մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է, որ 2019թ. Տավուշի մարզպետարանի աշխատողները պարգեւատրվել են ավելի քան 78 միլիոն դրամի չափով, սակայն նշված չէ, թե ինչքան գումարով է պարգեւատրվել կոնկրետ մարզպետը: Փետրվարի 7-ին Երեւանում մարզպետ Հ. Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նրան հարցրեց, թե ինչքան է կազմում նրա աշխատավարձը, 2019թ. նա ինչքան գումարով է պարգեւատրվել: Իր պատասխանում մարզպետը շրջանցեց իրեն վերաբերող հարցերը՝ ասելով. «Անկեղծ ասած, ես չեմ կարող կոնկրետ ասել, թե ես ինչքան եմ պարգեւատրվել, որովհետեւ ես թիվն ուղղակի չեմ հիշում: Դա կարող եք դիմել, պաշտոնապես կտանք, մեր հայտարարագրի մեջ էլ դա կլինի: Այո, այդ թեման շոշափվել է, եւ մարզպետարանը եւս որոշակի սկզբունքով փորձել ենք հնարավորինս որոշակի սկզբունք կիրառել, մենք մարզպետարանում ամսական գնահատման համակարգ ենք կիրառում, որպեսզի դա մարզպետի կողմից միակողմանի որոշում չլինի, այլեւ գնահատման համակարգը եւս ազդի, որպեսզի պարգեւատրումները լինեն գոնե հնարավորինս արդար: Երկրորդ սկզբունքը կիրառվել է այն, որ տեխնիկական անձնակազմը միշտ ստացել է 100 տոկոսով, որովհետեւ նրանց աշխատավարձերը իսկապես ցածր են. դրանք հավաքարարներն են, վարորդները: Երկրորդ սկզբունքը, որ մենք կիրառել ենք պարգեւատրումների մեջ, դա է եղել, եւ ես կիսում եմ այն տեսակետը՝ որպեսզի մենք կարողանանք պրոֆեսիոնալ անձնակազմ ունենանք, մենք պետք է վարձատրման հնարավորություններ ունենանք: Այո, դեռեւս մենք հեռու ենք պրոֆեսիոնալ անձնակազմ ունենալու հնարավորությունից, բայց մենք օրեցօր, ամիս-ամիս գնում ենք դրան: Եվ ես համոզված եմ, որ առաջիկայում նաեւ կառուցվածքային փոփոխությունների ներքո մարզպետարանի ընդհանուր պրոֆեսիոնալիզմի առումով էական փոփոխություններ կլինեն, ի նկատի ունեմ նաեւ նոր մարդկանց ներգրավմամբ, որոնք որ կուժեղացնեն մարզպետարանը: Ինչպես նշեցի, նաեւ 2019թ. ինստիտուցիոնալ կայացման տեսանկյունից մենք շատ կարեւորել ենք նաեւ հարակից հարթակների օգտագործումը, եւ այսօր, ըստ էության, մեկ տասնյակից ավելի մասնագետներ ներգրավված են մարզպետարանի աշխատանքներում, որոնք ուղղակի մարզպետարանի աշխատողները չեն համարվում, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել ենք այդպիսի հնարավորություն ստեղծել»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս