«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կլուծարվի «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը: Կառավարության հիմնավորման մեջ նշված է, թե այն կատարում էր «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրության հատվածին» ծրագիրը, սակայն 2016 թվականից ծրագիրը ավարտված է, ընկերությունը որեւէ գործունեություն չի իրականացնում եւ եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից՝ բացառությամբ տնօրենի եւ հաշվապահի:
Հիշեցնենք, որ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է՝ 2011թ. կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում` իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Հայկական միրգ» ենթաբաղադրիչը: Ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը հանդիսանում է կառավարությունը: «Հայկական միրգ»-ի լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։