Դատավորի համար այսօր ճակատագրական օր է. ինչ որոշում կկայացնի ԲԴԽ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, եւ ԲԴԽ-ում ներքին նախնական քննարկման ժամանակ մտահոգություն է հնչել, որ այլ ելք չունեն եւ պետք է կայացնեն հստակ որոշում:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին: Եվ, ահա, Արայիկ Մելքումյանը չէր հաշտվել իրականության հետ, իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ուշուրջ մեկ տարի անց՝ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, բավարարեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը եւ հակասահմանադրական ճանաչեց Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը։

Տեղեկացանք, որ դատավորը չնայած գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փաստաբանի միջոցով դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնի լիազորությունները: Արդյունքում ԲԴԽ-ն վարույթ է ընդունել Արայիկ Մելքումյանի փաստաբան Դիանա Գրիգորյանի դիմումը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի ներսում քննարկում է եղել, եւ կարծիքներ են հնչել այն մասին, որ ՍԴ-ի որոշումը իրենց գցել է վատ իրավիճակում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ անդամները նշել են, որ ՍԴ-ի որոշումը եղել է անօրինական, պարզապես ՍԴ-ն այս քայլով ցանկացել է այլ իրավիճակ ստեղծել դատական համակարգում:

Իսկ ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ՍԴ-ն, հակասահմանադրական ճանաչելով Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը, դատավորների մոտ փորձում է լավ կերպար ստեղծել, որ դատավորները ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության հետ խնդիրները լուծելու համար համախմբվեն ՍԴ-ի շուրջ: Բարձրագույն դատական խորհրդում նախնական քննարկման ժամանակ որոշել են, որ այլընտրանք չունեն եւ պետք է վերականգնեն դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:

Սակայն այսքանով ԲԴԽ-ի ներքին քննարկումները չեն ավարտվել. ԲԴԽ անդամները նեղսրտած հայտնել են, որ բավական չէ,որ դատավորի լիազորությունները դադարեցրել են, մի բան էլ պետք է պետական բյուջեից 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար:

Նկատենք,որ դատավոր Արայիկ Մելքումյանը դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եւ սպասում է որոշմանը, որպեսզի վերադառնա Հայաստան:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 2018 թվականին դատավոր Արայիկ Մեքումյանը սնանկ ճանաչվեց, քանի որ Դիանա Կատայանը Արայիկ Մելքումյանին տվել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես անտոկոս փոխառություն։ Ա. Մելքումյանը կատարել է մասնակի վճարումներ։ 26.04.2017թ. դրությամբ վերջինիս պարտքը կազմել է 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որն առ այսօր չի վճարել։ Դիանա Կատայանը դիմել է դատական պաշտպանությանիր խախտված իրավունքները վերականգնելու համար։ Դատավորից գումար գանձելու պահանջով դատարան է դիմել նաեւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, որը հայտնել է, որ դատավորը բանկին պարտք է ավելի քան 78 հազար ԱՄՆ դոլար: Իսկ, ահա, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին դատավոր Մելքումյանը պարտք է 22 հազար ԱՄՆ դոլար:

Քնար Մանուկյան




Լրահոս