ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտարարագրման նոր կարգն ու պաշտոնյաների ճակատագիրը. ինչ է սպասվում մարտի 31-ից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել են հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխողորոշումը: Բանն այն է, որ բացի հայտարարագրի նոր ձեւանմուշը հաստատելուց, պետք է նաեւ սահմանվի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը: Այդ ցանկը ներկայումս սահմանված է կառավարության՝ 15.12.2011թ. որոշմամբ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկը չվերանայելու դեպքում հնարավոր չի լինի հրապարակել հայտարարագիրը, քանի որ հայտարարագրում լրացված տվյալների մի մասն է ենթակա հրապարակման (այդտեղ առկա է անձնական տվյալների պաշտպանության խնդիր):

Այլ կերպ ասած, հայտարարագրում լրացված ոչ բոլոր տվյալներն են հրապարակվում, եւ հրապարակման ենթակա տվյալների ցանկը պետք է կրկին սահմանի կառավարությունը: Այլ դեպքում հայտարարագրի հրապարակայնացման մասով կծագեն խնդիրներ, այսինքն՝ էլեկտրոնային հայտարարագիրը տեսականորեն կարող է լրացվել եւ հանձնվել, սակայն քանի դեռ հստակեցված չէ դրա՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, այն հնարավոր չի լինի հրապարակել:

Ինչեւէ, հայտարարագրման կարգում բազմաթիվ փոփոխություններ են եղել, քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժիմեջ են մտել «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքի՝ նաեւ հայտարարագրերի՝ պայմանականորեն նոր բովանդակությունը սահմանող դրույթները: Ըստ այդմ, պաշտոնատար անձի հայտարարագրում կլրացվեն ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները: Բացի այդ, հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու պահի դրությամբ իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ կլրացնեն նաեւ հայտարարատու պաշտոնյայի ընտանիքի անդամները: Միասնականացվել է նաեւ գույքի եւ եկամուտների հայտարարագրերի բովանդակությունը:

Այդ առնչությամբ, օրինակ,իրենց դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ կլրացնեն պաշտոնատար անձի ընտանիքի բոլոր չափահաս անդամները: Ներդրվել է նաեւ շահերի հայտարարագրման համակարգ: Շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական պաշտոն զբաղեցնող անձինք, 15000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարները եւ նրանց տեղակալները:

Հայտարարագրի ձեւանմուշում, մասնավորապես, հանձնված եւ վերադարձված փոխառությունների մասով փոխառությունը եւ բանկային ավանդն առանձնացվել են, այսինքն՝ բանկային ավանդների վերաբերյալ տվյալները կարտացոլվեն առանձին: Հայտարարագրի՝ դրամական միջոցներին վերաբերող հատվածը տրոհվել է երեք մասի:

Առաջին մասում արտացոլվելու են բանկային հաշիվների մնացորդները՝ բացառությամբ բանկային ավանդներին վերաբերող տվյալների, երկրորդ մասում՝ էլեկտրոնային հաշիվների եւ կրիպտոարժույթի վերաբերյալ տվյալները, երրորդ մասում՝ կանխիկ դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Ինչպես արդեն նշեցինք, ներդրվելու է նաեւ շահերի հայտարարագիր:

Նկատենք, որ սա ներդրվում է առաջին անգամ: Այն բաղկացած է պայմանականորեն վեց բաժիններից եւ հիմնականում նպատակ ունի պարզել հայտարարագրման ենթակա պաշտոնյաների կապված լինելը առեւտրային կազմակերպությունների, կուսակցությունների, այլ մարմինների հետ, այնտեղ իրենց շահերը: Օրինակ «Մասնակցությունը առեւտրային կազմակերպություններում» բաժնում պետք է նշվի կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են հանդիսանում, կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունի հայտարարատու պաշտոնատար անձը:

Իսկ, օրինակ,«Պաշտոն զբաղեցնող անձի եւ նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաեւ նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է հինգ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը: Եվ, այս ամենից զատ, նշենք, որ մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր չներկայացնելու պարագայում առկա են պատասխանատվության տարբերակներ:

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին համապատասխան՝ հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելն առաջ է բերում նախազգուշացում, դրանից հետո՝ 30-օրյա ժամկետում չներկայացնելը՝ տուգանք: Վերջինիս կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածին համապատասխան, առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս