2.4 միլիոն դոլարի ներդրում․ ինչու Դիլիջանում բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը հիմքերից վեր չի բարձրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքի կենտրոնում տարիներ առաջ Ջեյմս Թուֆենկյանի կողմից սկսվել եւ այդպես էլ կիսատ է մնացել բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար:

Նա նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը, սակայն հյուրատան շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղյա ամրանները դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են: Բացի այդ, հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Նախկինում մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք իրականություն չեն դարձել: Երեւանում 2020թ․փետրվարի 7-ին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ, Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» թերթի խմբագիր Ալբերտ Սիմոնյանը հայտարարեց, որ Ջեյմս Թուֆենկյանը մեծ գործ է կատարել Դիլիջանի պատմաճարտարապետական կոթողները փրկելու գործում, դիլիջանցիները դրա համար նրան երախտապարտ են, սակայն քաղաքի կենտրոնում արդեն 15 տարի ձգվում է 100մ երկարությամբ ցանկապատ, հյուրանոցի շինարարությունը վաղուց սառեցված է, ճիշտ կլինի, որ Թուֆենկյանը վերսկսի հյուրանոցի շինարարությունը կամ վաճառի, վարձակալությամբ հանձնի այն:

Տավուշի մարզպետն ասաց, որ այդ խնդրով ինքը հանդիպել է Ջեյմս Թուֆենկյանի հետ, դրանից առաջ այդ հարցով հանդիպում է ունեցել այդ ընկերության տնօրենի հետ, եւ բոլորի մոտեցումը նույնն է՝ այդ տարածքն այդպես չի կարող մնալ: Մարզպետի խոսքերով՝ դա մասնավոր ներդրում է, որը կախված է այն հաշվարկներից, որոնք կատարվել են շուկայի ուսումնասիրությունների արդյունքում: Հ.Չոբանյանը «Ժողովուրդ»օրաթերթին ասաց, որ անցյալ տարի Դիլիջանում զբոսաշրջության ավելի քան 30 տոկոս աճ է եղել: Սա կարող է պատճառ դառնալ, որ Ջեյմս Թուֆենկյանը եւ Դիլիջանում տուրիստական ենթակուցվածքներ կառուցելու մտադրություն ունեցող այլ ներդրողները Դիլիջանում կառուցեն այդ ենթակառուցվածքները: Մարզպետը նշեց, որ ինքը համոզված չէ, սակայն հույս ունի, որ 2020 թվականին կվերսկսվեն վերոհիշյալ հյուրանոցի շինարարական աշխատանքները:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս