ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արաբկիրի վարչական շրջանի Խաչատրյան 33 հասցի բնակիչները: Բանն այն է, որ շենքի բակում երեկվանից սկսել են շինարարական աշխատանքներ իրականացնել, ինչը բնակիչների խոսքով անթույլատրելի է:
ArmLur.am-ի հետ զրույցում Խաչատրյան 33 հասցի բնակիչները պատմեցին, թե Գոռ անունով մեկը փաստաթղթերը ձեռքին հայտարարել է, թե տարածքը պատկանում է իրեն:
«Շենքի բնակիչների և նրանց միջև ծեծկռտուք սկսվեց, եկել են ասում տարածքը գրավի տակ է: Այսինքն շենքի բակը սեփականացրել են հերիք չի, մի հատ էլ ասում են գրավի տակ է: Երեկ ուզում էին ցանկապատել, բայց մեր ժողովուրդը իջան և իրենց փորածները լցրին: Քանդել են բակի ցայտաղբյուրները, կանաչապատ տարածքը»,-պատմեցին բնակիչները:
Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մհեր Մանթաշյանի հետ:
«Մենք թույլտվություն այդ հատվածում չենք տրամադրել, քանի որ այն գտնվում է միջշենքային տարածության մեջ: Տարածքի սեփականատեր է Նոնոր Սարգսյանը, երեկ փորձել են ուղղակի տարածքը ցանկապատել, սակայն շենքի բնակիչները թույլ չեն տվել»,-ասաց Մհեր Մանթաշյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ վաղը Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները կլինեն տեղում բանկիչներ հետ միասին կհասկանան խնդիրը:
Լիդա Եղիազարյան