Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվել է մարել նախկինի պարտքերը:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռեւս 2011 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն աշխատացրել է շինաշխատանքներ իրականացնող «Տավրիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, սակայն վերջում աշխատավարձը չի վճարել: Եվ հիմա ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ԿԳՍՄ նախարարության՝ «Տոկոսի բռնագանձման» պահանջով, իսկ տոկոսները հաշվվում են, ոչ ավել, ոչ պակաս, 2011 թվականից: Շինաշխատանքներ իրականացրած ընկերությունը պահանջում է ընդհանուր ավելի քան մեկ միլարդ երեք հարյուր հիսուն հազար դրամ:
Իսկ ի՞նչ է եղել մոտ տասը տարի առաջ: Բանն այն է, որ դեռեւս 2011թ. այդ ժամանակ Կրթության եւ գիտության նախարարության միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Թալինի արհեստագործական ուսումնարանում կատարել շինարարարական աշխատանքներ, որի արժեքը կազմել է 43 միլիոն 827 հազար դրամ:
Ավելի ուշ ընկերությունը նախարարությանը հայտնել է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին, ինչին նախարարը՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, տվել է իր համաձայնությունը: Սակայն վերջում ընկերությունը ձեռնունայն է մնացել՝ առանց մի կոպեկ վարձատրության:
Նախարարությունից «քցված» ընկերության ղեկավարությունը դիմել է այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանին: Վերջինս, որպես խնդրի լուծման նախնական տարբերակ, աշխատանքային խումբ ստեղծելու հրաման է արձակել: Դե, աշխատանքային խումբն էլ՝ քաղաքաշինության նախարարության եւ այլ բնագավառների մասնագետներով եւ փորձագետներով կազմված, 2012թ. ծանուցել է, թե պետք է ներկայացնել աշխատանքի ծավալն ամբողջությամբ: Սակայն ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ գրավոր արձանագրությունները մասամբ են կատարվել:
Արդյունքում Քաղաքաշինության եւԿրթության ու գիտության նախարարությունները հրաժարվել են վճարել շինարարների աշխատավարձերը: Տարիներ շարունակ պայքարելով եւ դատարանների դռներն ընկնելով՝ ընկերությունը հասել է նրան, որ նոր կառավարությունից կստանա իր գումարի գոնե մի մասը, քանի որ մնացածի մասով գործի են դրվել վաղեմության ժամկետները:
Տաթեւ Հարությունյան