Հայաստանյան սուպերմարկետներում եւ խանութներում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը կվաճառվի առանձնացված դարակներում:
Տեղեկացնենք, որ այժմ կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված՝ առեւտրի կետերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով եւ հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ: Եվ ստեղծված իրավիճակն անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրողների միջեւ, ինչպես նաեւ խոչընդոտներ է առաջացնում այդ ապրանքատեսակները սպառողին ավելի մատչելի ձեւով ներկայացնելու համար:
Բացի այս, հիշեցնենք՝ հունվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից հանձնարարվել է քայլեր ձեռնարկել այս խնդրի կարգավորման նպատակով: Վարչապետը հանձնարարություն էր տվելստեղծել ստանդարտ, որ կաթնամթերքը տարանջատվի՝ ըստ գույների: Այսինքն՝ օրինակ, այն թթվասերը, որը բնական կաթից է, պետք է լինի սպիտակ գույնի տուփով, եթե պարունակում է 30 տոկոս բուսական յուղ, պետք է լինի մեկ այլ գույնի: Վարչապետը վստահ է, որ սա կբերի բնական կաթի պահանջարկի աճի:
Փաշինյանի դիտարկմամբ՝ այսօր խանութների ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք: «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը, չգիտեմ, ինչի յուղով է: Մենք չենք կարող այդ տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետեւ դա համապատասխանում է մեր ստանդարտներին: Ինձ ասում են, որ այնտեղ գրված է պարունակությունը: Բայց ես ասում եմ, որ երբ մարդը աշխատանքից գնում է տուն, եւ կինը կամ ամուսինը զանգում ասում են՝ թթվասեր բեր, մարդը հետը խոշորացույց չպիտի ունենա, որ նայի, թե թթվասերն ինչ բաղադրություն ունի»,-ասել էր նա:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի այս հանձնարարականը անհարմար դրության մեջ է գցել կաթնամթերքի տեղական արտադրողներին: Խնդիրն այն է, որ տնտեսվարողները կառավարության այս պահանջը կատարելու համար ստիպված են լինելու լրացուցիչ ծախսեր անել: Ավելին, մակնշումը փոխելու համար տնտեսվարողները պահանջում են իրենց երկար ժամանակ տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է օրենսդրական փաթեթ՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով:
Արդյունքում, ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածը 8-րդ պարբերությունից հետո կլրացվի նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) եւ հատուկ տեսակի նշումով չապահովելըկառաջացնի նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի կամ երեսնապատիկի չափով»:
Սյունէ Համբարձումյան