«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալավերդի քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Արկադի Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել:
Պատճառն այն է, վերջինս, որ զբաղվելով Վրաստանից Հայաստան մրգերի, բանջարեղենի ներմուծմամբ եւ վերավաճառքով, ունենալով ներկրված ապրանքի թույլատրելի չափաքանակը գերազանցող միրգ-բանջարեղենով բարձված մեքենաները զննության չենթարկելու եւ դրանք մաքսակետից դուրս բերելու միասնական դիտավորություն, պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետ-բաժնի պաշտոնատար անձինք հանդիսացող Սուրեն Օհանյանի, Հովիկ Քոլոզյանի, Գեւորգ Ալեքսանյանի հետ եւ 2019թ. հունվարի 15-ին կաշառք է առաջարկել ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Սուրեն Օհանյանին՝ նրա լիազորությունների շրջանակներում իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ ներկրված թույլատրելի չափաքանակը գերազանցող միրգ-բանջարեղենով բարձված մեքենաները զննության չենթարկելու եւ դրանք մաքսակետից դուրս թողնելու հետ կապված հնարավոր խոչընդոտները վերացնելու համար ու իր գործողություններով օժանդակել է Սուրեն Օհանյանին, Հովիկ Քոչարյանին, Գեւորգ Ալեքսանյանին՝ չարաշահելու իրենց պաշտոնեական պարտականությունները:
Սույն քրեական գործով, բացի նշված պաշտոնյաներից, մեղադրանք է առաջադրվել նաեւ «ՀՀ հանրապետական անասնաբոււժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի պետ Ռոբերտ Վանյանին, նույն հսկիչ կետի գյուղատնտես Սուրիկ Թանդարյանին:
Արկադի Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի 1-ին մասով եւ 312 հոդվածի 1-ին մասով, Գեւորգ Ալեքսանյանին եւ Հովիկ Քոչարյանին՝ 308 հոդվածի 1-ին մասով, Սուրեն Օհանյանին՝ 308 հոդվածի 1-ին մասով եւ 311 հոդվածի 1-ին մասով, Ռոբերտ Վանյանին եւ Սուրիկ Թանդարյանին՝ 315 հոդվածի 1-ին մասով: Այս գործով ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը եւ չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատավարությունը 2020 թվականի փետրվարի 18-ից մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ