Այդ գոտեմարտում ինքս ինձ ապացուցեցի, որ նույն տեղում չեմ մնացել. Արսեն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ` փետրվարի 21-ին կայացավ Հայաստանի 2019 թվականի լավագույն տասը մարզիկների պարգեւատրման արարողությունը:
Պարգեւատրման արարողությունից հետո ArmLur.am-ի հարցերին պատասխանեց վերջերս Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61կգ):

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մարզիկի համար շատ ոգեւորիչ է այն, որ նա հայտնվում է ուշադրության կենտրոնում պետության ղեկավարների կողմից: Միանշանակ այսպիսի միջոցառումները նպաստում են սպորտիզարգացմանը: Կարծում եմ` բոլոր մարզիկներն էլ ավելի լավ կմարզվեն ու կձգտեն ամեն տարի հայտնվել Հայաստանի լավագույն տասը մարզիկների շարքում»:

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրոպայի այս առաջնության բոլոր մենամարտերն էլ բարդ են եղել, բայց կառանձնացնեմ հույն ըմբիշի (Գեորգիոս Պիլիդիս) հետ գոտեմարտը, որովհետեւ ես տարիներ առաջ պարտվել եմ հենց նրան: Այդ մենամարտը հոգեբանական առումով էր դժվար, կար լարվածություն, բայց մեծ էր տրամադրվածությունը: Մարտը ինձ համար սկզբունքային էր, քանի որ պետք է հաղթեի եւ ապացուցեի ինքս ինձ, որ նույն տեղում չեմ մնացել: Հաղթահարեցի լարվածությունս ու առավելության հասա 10:0 հաշվով»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես վստահ եմ, որ մինչեւ 2050 թվական Հայաստանը կարող է ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ նույնիսկ ավելին, որովհետեւ Հայաստանում կան շատ ուժեղ մարզիկներ: Շատ շատերն էլ հանդես են գալիս այլ երկների դրոշների ներքո, բայց, մեր երկրում սպորտի զարգացման պարագայում նրանք էլ կվերադառնան հայրենիք»,-ասել է Արսեն Հարությունյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս