ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործը դատարան հասնելու ճանապարհին հետ է ուղարկվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունը յուրացնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննության հունը փոխվել է եւ նոր ընթացք ստացել: Իրավապահ մարմինների միջգերատեսչական կռիվը հանգեցրել է նրան, որ քրգործը այդպես էլ մուտք չի արվել դատարան:
Նախ հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է: Սակայն երբ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ, «ծրագրերը» փոխվել են՝ մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, եւ քրեական գործը վերադարձնելու որոշում է կայացվել:
Բանն այն է, որ գործով քննիչն առարկություն է ներկայացրել դատախազի դեմ, քանի որ վերջինս օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։ Հատուկ քննչական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննիչի առարկության պատճառը եղել է այն, որ ինքը հիմք չի տեսել դատախազի առաջարկը կատարելու համար։
Եվ մինչ քննիչն ու դատախազը սեփական պնդումներն են առաջ տանում, դժվար է պատկերացնել թե այս գործը ինչ ընթացք կունենա, եւ կունենա՞ արդյոք ինչ-որ տեղաշարժ:
Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդեւանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց, որ քրեադատավարական օրենսգիրքը քննիչին տալիս է առարկության մեկ հնարավորություն: Սակայն ուշագրավն այն է, որ չնայած դրան՝ քննիչը պարտավոր է կատարել դատախազության ցուցումը: Ըստ մեր զրուցակցի՝ զարմանալին այն է, որ այս շղթան սկսվել եւ շարունակվել է դեկտեմբեր-հունվար ամիսներից:
«300 հոդվածի մասին որեւէ խոսք չկա: Սահմանադրական դատարանի լիազորություն չի կարող լինել ՍԴ նախագահ ընտրել, դա ընթացակարգ է: Աշխարհում չկա նման բան: Հենց այդ հիմքով է, որ դատախազությունը չի հաստատել: Քննիչը պարտավոր է վերաորակում կատարել»,- մեկնաբանեց փաստաբանը:
Այսպիսով, քննիչն ուզած-չուզած պարտավոր է կատարել դատախազի ցուցումը, իսկ թե ինչու է գործընթացը ամիսներ շարունակ ձգձգվում, անհասկանալի է:
Ինչպես հայտնի է՝ Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Արսեն Բաբայանը՝ դրան օժանդակելու:
Նշենք, որ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն:
«Քննիչը և դատախազը անհամաձայնություն ունեն մեղադրյալների կատարած արարքի որակի հետ կապված: Խոսքը վերաբերվում է արարքի միայն իրավաբանական որակմանը: Ձեռք բերված ապացույցների առումով որևէ տարակարծություն չկա: Մենք դատախազությունից ցուցումը ստացել ենք, մեր առարկությունը մերժել են և, բնականաբար, կվերաորակավորենք այն հոդվածով, որը ցուցում է տվել դատախազությունը»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ գործն այսօր՝ փետրվարի 21-ին ստացել են:
ՏԱԹԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ