«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, առաջին նիստի ժամանակ ներկաները հիմնականում միայն մտքեր են փոխանակել հնարավոր փոփոխությունների մասին եւ ձեւավորել աշխատանքային խմբեր: Մենք տեղեկացանք նաեւ, որ եղել է պայմանավորվածություն, որ մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամները պետք է առաջարկություններ ներկայացնեն: Բացի այդ, այլ հստակ ժամկետներ եւս նախատեսված են: Մասնավորապես, երեք ամսվա ընթացքում հանձնաժողովի անդամները պետք է հայեցակարգ ներկայացնեն, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերն էլ՝ նախագիծը, որից հետո կսկսվեն ծավալուն հանրային քննարկումներ: Եվ չնայած այս հանձնաժողովի ստեղծումը եւ նոր Սահմանադրություն ունենալը վաղուց էր որոշված, սակայն իշխանությունների ծրագրերը մի փոքր շեղվեցին, եւ հանրաքվեի դրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցը:
Եվ հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ, այսինքն՝ 2023 թվականին, այնինչ նախապես այն պլանավորված էր 2021 թվականին: Մասնավորապես, նա նշել էր. «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը, ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն»։ Ստացվում է, որ, մի կողմից, հանձնաժողով են ստեղծում փոփոխությունների համար, մյուս կողմից՝ որոշում նոր Սահմանադրություն ընդունել: Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը կազմված է 16 անդամից, եւ հիմնական համակարգումը դրված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա, չնայած հանձնաժողովի նախագահը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։