Քննիչ հանձնաժողովը 4 ամիս է` դեռ փաստաթղթեր է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 4 ամիս առաջ խորհրդարանում ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանձնաժողովի ղեկավարն է: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք շատ ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ են ու առաջիկա օրերին պատրաստվում են կրկին նիստ հրավիրել:

Մեր դիտարկմանը, թե կոնկրետ ինչ արդյունք ունեն այս պահին, ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ իրենց պահանջած փաստաթղթերը շատ ծավալուն են, եւ իրենք ուսումնասիրությունների փուլում են:

«Երկու աշխատանքային քննարկում ենք ունեցել, հիմա տվյալների հավաքագրման փուլում ենք, այս պահին հարցումներ ենք իրականացրել, սպասում ենք պատասխաններին, ստացել ենք նաեւ պատասխաններ, որոնք մշակում ենք, ուսումնասիրում ենք, քննարկում ենք, սպասում ենք ամբողջ տեղեկատվությանը, որպեսզի ընդհանուր պատկերը ստանանք»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մեր հարցին, թե կոնկրետ որ գերատեսչություններին են հարցումներ ուղարկվել, ընդդիմադիր պատգամավորը հայատարարեց, թե այն գերատեսչությունը, որը կարող է կապ ունենալ մարզային, միջպետական, առհասարակ, համայնքային ուղեւարափոխադրումներին, բոլոր մարմիններին իրենք դիմել են:

«Բնականաբար, ուսումնասիրություններ իրականացնելու համար մեզ պետք է՝ իրենք տեղեկատվություն տրամադրեն՝ փաստաթղթերի ու ինֆորմացիայի տեսքով: Երկշաբաթյա ժամկետ կա, ու դրա ժամանակահատվածում մենք ստանում ենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները»:

Պատգամավորից փորձեցինք պարզել, թե արդյոք այս 4 ամսվա ընթացքում քննիչ հանձնաժողոին հաջողվել է ինչ-որ խնդիրներ ութերություններ բացահայտել այդ ոլորտում: ԲՀԿ-ականը հայտարարեց, որ փաստաթղթերի ծավալը շատ մեծ է, քանի որ իրենք ուսումնասիրում են 2016-2018 թթ.ընկած ժամանակահատվածը՝ 4 տարվա վիճակը, ինչի համար դեռեւս իրենք փորձում են դրանք իմի բերել:

Հարցին, թե հնարավոր է, որ 6 ամիս ժամկետը բավարար չլինի քննիչ հանձնաժողովի աշխատանքերի ավարտի համար, հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց. «Ամեն դեպքում, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի տեղավորվենք:Եթե աշխատելու էլի տեղ կլինի կիսատ, կդիմենք ԱԺ-ին՝ խնդրանքով, որ էլի երկարացնեն, բայց այս պահին դրա մասին չենք մտածում, աշխատում ենք»,-եզրափակեց Արտյոմ Ծառուկյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս