Մտահոգ եմ բանակում վերջին շրջանի կորուստների առթիվ. Մասիս Մայիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ զրուցել է վերջին շրջանում բանակում գրանցված աղմկահարույց դեպքերի, դրանց պատճառների և այլ հարցերի շուրջ:

«Ինքս էլ մտահոգ եմ բանակում վերջին շրջանի կորուստների առիթով։ Կատարվածի թարմ հետքերով արդեն արտահայտել եմ իմ կարծիքը, ըստ որի՝ մտահոգիչ իրավիճակից ելքերից մեկն էլ բանակ-հանրություն կապերին նոր բովանդակություն հաղորդելն է, դրանց նոր ու արդյունավետ մեխանիզմների որոնումը, ինչը օրվա հրամայականն է բոլորիս համար: Միևնույն ժամանակ՝ ես տեսնում եմ այն կոնկրետ միջոցները, որ ձեռնարկում են ԱՀ և ՀՀ պատկան մարմինները»,-ընդգծեց Մասիս Մայիլյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ փետրվարի 15-ին ԱՀ ՊԲ շտաբում բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ընթացքում քննարկվել է իրավիճակը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին անդրադարձել է կատարված դեպքերին, խոսել դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին, նաև կոնկրետ հանձնարարականներ տվել պատասխանատու պաշտոնատար անձանց:

Մասիս Մայիլյանի կարծիքով՝  խնդիրը մշտապես եղել է Հայաստանի և Արցախի զինված ուժերի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես նա նշեց.

«Փետրվարի 21-ին  ԱՀ Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Խնդիրը քանիցս քննարկել է ԱՀ և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը»։

Մասիս Մայիլյանը վերջում հավելեց, որ լիահույս է՝ ձեռնարկված միջոցներն արդյունավետ կլինեն։

 Լիդա Եղիազարյան




Լրահոս