ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք պարունակող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում կայացած ասուլիսին հայտարարել էր, 2018-ի մայիսից սկսած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն առաջարկել է իր ծառայությունները, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետը արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան: Վարչապետը հրապարակել էր գրիչի լուսանկար, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ՝ նշելով. «Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»: Այս հրապարակումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին՝ պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: