ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԻՄԵԼ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք առաջիկայում ցանկանում են «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում սկսել քննարկումներ նաեւ Ընտրական օրենսգրքի շուրջ, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում:

-Պարո՛ն Դանիելյան, տեղեկություններ կան, որ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը պատրաստվում եք ուղարկել Վենետիկի հանձնաժողով եզրակացություն ստանալու համար: Կա՞ նման նպատակ:
-Ճանապարհին է, որ պետք է ուղարկենք: «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը այնպիսի կարեւոր առանցքային ռեֆորմ է, որ մեզ համար հետաքրքիր է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Ու նշեմ, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողով, այլ նաեւ ուղարկում ենք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների հաստատությունների գրասենյակ, որի համատեղ կարծիքը կունենանք նախքան այդ օրենքի ընդունումը:
-Ուղարկե՞լ եք արդեն ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին օրենքի նախագիծը:
-Չէ, պատրաստվում ենք ուղարկել, տեխնիկական շտկումներ կան, որ պետք է անել, ինչպես նաեւ մեր գործընկեր ֆրակցիաների դիրքորոշումները հստակեցնելու հարցը կա. դրանք հստակեցնելուց հետո՝ առաջիկայում, կուղարկենք: Օրերի խնդիր է:
-Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը դեռեւս դիրքորոշում չի՞ ներկայացրել՝ օրենքի նախագծի հետ կապված:
-Չէ, մենք համատեղ քննարկում ունեցել ենք, բայց այսպես ֆորմալ վերջնական դիրքորոշում դեռեւս չկա, սպասում ենք:
-Վենետիկի հանձնաժողովում եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ում քննարկումը ինչքա՞ն կտեւեի, արդյոք կա՞ ժամանակացույց, որի ընթացքում եզրակացությունը կուղարկվի, ու, ըստ Ձեզ, ե՞րբ այն կներառվի խորհրդարանի նիստերի օրակարգ:
-Մեծ հաշվով, եթե գրավոր կարծիքի մասին է խոսքը, Վենետիկի հանձնաժողովը ունի այդպես տարեկան պարբերական հանդիպումներ՝ մեկը մարտին է լինելու, մյուսը՝ հունիսին: Կա՛մ մարտին կլինի, կա՛մ հունիսին. հույս ունենք, որ եզրակացությունները համատեղ կլինի, եւ կախված, թե երբ կստանանք արձագանքը, այդ ժամանակ էլ արդեն կընդգրկվի օրակարգ: Ամեն դեպքում, վերջնական պատասխան ունենալուց հետո այն դեռեւս կքննարկվի հանրային լսարանի հետ: Այնպես չի, որ միայն Վենետիկի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքն է, մեզ համար հետաքրքիր է նաեւ ներսի շահառուների, արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կարծիքը:
-Այսինքն՝ դեռեւս քննարկումները այստեղ չե՞ք ավարտել: Արդեն տեւական ժամանակ է՝ քննարկումներ եք իրականացնում, դեռեւս քննարկվող հարցեր կա՞ն:
-Մենք քննարկել ենք, բայց մենք չենք խուսափում եւս մեկ շրջափուլ քննարկումներ կազմակերպել:
-Ի՞նչ խնդրահարույց կետեր կան օրինագծում, որ կրկին նպատակ եք դրել հարցը քննարկել քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ:
-Խնդրահարույց բան չենք տեսնում: Բոլոր լուծումների հետ կապված էլ ցանկանում ենք դիրքորոշում լսել՝ լինի խմբագրական, լինի էական, բոլորի հետ կապված էլ մեզ հետաքրքիր են կարծիքները, եւ մենք ուշադրությամբ, շահագրգիռ կերպով լսում ենք բոլորի դիրքորոշումները՝ մեր ընդդիմախոսների, մեր աջակիցների: Եւ, բնականաբար, հետաքրքիր է իմանալ Եվրոպայի լավագույն փորձը. բաներ կան, որ մենք առաջնորդվում ենք այդ փորձով, բաներ կան, որ մենք ենք այդտեղ լուծումներ տվել, արժի մի հատ էլ համալիր կերպով գնահատել ստեղծվածը:
-Հայտարարվել էր նաեւ այն մասին, որ իշխանությունները սկսում են աշխատել նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա: Ո՞ր փուլում եք այդ դեպքում, արդյոք արդեն հստակեցվա՞ծ է, թե ինչ փոփոխություններ եք կատարելու:
-Մենք փուլ առ փուլ ենք գնում, ընտրականի մասով ես միշտ հայտարարել եմ, որ նախ անում ենք «Կուսակցությունների մասին» օրենքը, հետո նոր կսկսենք ընտրականը: Այնպես կազմակերպված. ինչպես «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի վրա ենք աշխատել, այդպես դեռեւս ընտրականի մասով չկա: Բայց, ասենք, օրինակ, հաջորդ շաբաթ արդեն՝ փետրվարի 17-ին, 18-ին արդեն, ունենալու ենք հրապարակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության կարգի հետ կապված: Քվեարկության ընթացակարգն ենք քննարկելու, թե ինչպես կարելի է քվեարկել, շրջիկ քվեատուփ, ինտերնետային քվերակություն, տարբեր մեթոդներով եւ այլն: Կհայտարարենք, կտարածենք, թե որտեղ է լինելու քննարկումը, ինչ ձեւաչափով եւ այլն. մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու:
-Նպատակ կա նաեւ փոփոխություն կատարել ՏԻՄ-ում. ի՞նչ պլաններ ունեք այս հարցի վերաբերյալ:
-ՏԻՄ-ի հետ կապված՝ ՏԻՄ-ի ընտրակարգի փոփոխություն է, մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ այսօրվա ընտրակարգը թերի է, իմ անձնական կարծիքով, առանձին դրույթներ հակաժողովրդավարական են, դրանք վերացնելու անհրաժեշտություն կա, բայց ամենահիմնարար հարցը, իհարկե, կապված է նաեւ համայնքների խոշորացման հետ, ոչ միայն խոշորացման, այլ նաեւ համայնքների չափի եւ ընտրակարգի հետ կապված: Այս պահին զուտ զբաղվածության առումով դեռեւս ակտիվ փուլում չէ նախագիծը, բայց հասնելու ենք նաեւ դրա իրականացմանը:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ. «ՎԱԽԵՐ» ՈՒՆԻ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջեւ, կարծես թե, հակամարտությունը երեկ իր գագաթնակետին էր հասել, քանի որ նախարար Թորոսյանը որոշել էր արդեն իր ֆեյսբուքյան էջում դրա մասին հանդես գալ հայտարարությամբ:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Թորոսյան-Զեյնալյան փոխհարաբերությունները վերջին օրերին ավելի են լարվել, քանի որ Զեյնալյանը համարձակվում է իր տարբերվող դիրքորոշումը ներկայացնել բոլոր այն նախագծերի վերաբերյալ, որը խորհրդարան է ուղարկում նախարարը: Նախարարի հայտարարությունից պարզ է դառնում, որ վերջինս սկսել է այլեւս չհանդուրժել այդ իրավիճակը եւ ցույց տալ իր դժգոհությունը իր թիմակցի նկատմամբ:
Իսկ ինչի՞ց էր սկսվել այդ ամենը: Նարեկ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով…։ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարցում-գրություն եմ ուղարկել Առողջապահության նախարարություն մի շարք հարցերի պարզաբանում ստանալու համար…»:
Այս հայտարարությունը, կարծես թե, հուզել էր նախարարին. վերջինս հայտարարեց. «7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որեւէ նախաձեռնություն Առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից….Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին…»:
Պարզ է, որ նախարարը իրեն քննադատողներին չի ընդունում: Ըստ տեղեկությունների՝ Թորոսյանը կարծում է, որ Ն. Զեյնալյանը իրեն մրցակից է ու նպատակ ունի գրավել իր պաշտոնը: Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերը զրուցել է Զեյնալյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են լարվել նախարարի եւ իր փոխհարաբերությունները: Պատգամավորը հայտարարեց, որ որեւէ խնդիր չկա իր եւ Թորոսյանի միջեւ:
Իմքայլականն ասաց, որ ցանկացած նախագիծ պետք է դառնա քննարկման առարկա. «Այլակարծություն է, այլ տեսակետ է հնչում, դա պետք չէ վերագրել հակամարտության, լարված իրավիճակի. նման բան չկա»: Իսկ դիտարկմանը, թե Զեյնալյանը նպատակ ունի նախարարի «աթոռին հասնել», ասաց, թե նման բան չկա. կա կարծիք, որը բարձրաձայնվում է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՆՈՐ ԹԻՄ
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին հայտարարեց, թե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել` խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Վերջինս նշել է, թե այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ուրիխանյանը նպատակ ունի առաջիկայում քաղաքական այլ գիծ բռնել, ինչի համար էլ վերջինս նորից որոշել է ԲՀԿ-ից առանձնանալ: Խմբակցությունում էլ շատ վատ են վերաբերվել պատգամավորի հայտարարությանը, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ ֆրակցիայում կարծիք կա, որ ճիշտ կլիներ, որ Ուրիխանյանը մանդատը վայր դներ, ամեն անգամ իրենց խմբակցությունը չխայտառակեր նման հայտարարություններով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ մեկնաբանության համար դիմեց Տիգրան Ուրիխանյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. ««Այլանս» կուսակցությունը գործող իմ վաղեմի ընկերներով, համակիրներով ստեղծած կառույց է, ապա նոր թիմ ձեւավորելու անհրաժեշտություն ամենեւին էլ չկա եւ չի էլ լինելու: Նոր թիմ ձեւավորելու խնդիր չկա»:

 

 

 

ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային ժողովում ձեւավորված մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը կրկին դիմել է Պետական եկամուտների կոմիտեին եւ կառավարությանը: Բանն այն է, որ օրեր առաջ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նոր տեղեկություններ է ներկայացրել հանձնաժողովի անդամներին: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «30 հազար քառակուսի մետրի վրա 470 հնագիտական գտածոներ կան, որից 81-ը բուն «Լիդիան»-ին հատկացված տարածքում է գտնվում: Եվ «Լիդիան»-ը արդեն ստեղծել է 46-ի անվտանգության գոտիները, բայց 35-ի մասով ոչինչ արված չէ: Սակայն ամենակարեւորը վկայագրերն են, եւ դրանք պետք է ուղարկել ոչ միայն կառավարություն, այլեւ միջազգային կառույցներին: Մենք պահանջել ենք, որ դրանք տրամադրեն մեզ, եւ այն ուղարկենք միջազգային կառույցներին»: Բագրատյանը նաեւ հավելեց, որ իրենք սպասում են ՊԵԿ-ի պատասխանին՝ կապված «Լիդիան»-ին տրված արտոնությունների հետ:




Լրահոս