Հայաստանում ոչխարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով 79 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել, որով 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանում ոչխարաբուծությամբ զբաղվում են հիմնականում Սյունիքի մարզում, որտեղ գլխաքանակը կազմում է 16.9 տոկոս, Գեղարքունիքի մարզում՝ 15.1 տոկոս, Արմավիրի մարզում՝ 15.1 տոկոս, Արարատի մարզում՝ 13.1 տոկոս, եւ Արագածոտնի մարզում՝ 12.7 տոկոս:
Այն, որ Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է, դա վաղուց հայտնի փաստ է: Այդ մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 18 հազար 739-ով պակասել է:
2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600,2019-ին՝ 571 հազար 861: Միայն կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 12 հազար 200-ով. 2018 թվականին այն կազմել է 266 հազար 800, իսկ 2019-ին՝ 253 հազար 990: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 21 հազար 843-ով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին` 660 հազար 100, իսկ 2019-ին՝ 38 հազար 257: Միայն 1991 թվականին Հայաստանում ոչխարի գլխաքանակը 1 մլն էր, մինչդեռ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 745 հազար 800 գլուխ: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 16 հազար 300 գլուխ ոչխար եւ 82 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը եւ Վրաստանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ոչխարի եւ ոչխարամսի արտահանման ծավալները 2018 թվականին, 2017-ի համեմատ, նվազել են:
Խնդիրն այն է, որ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում:
Նշենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն այդ տարիներին մեծ վնասներ կրեցին: Ի դեպ, այս խնդիրը կարգավորելու նպատակով դեռ տարիներ առաջ արգելվեց Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել, բայց, ինչպես տեսնում եք, խնդիրը չկարգավորվեց:
Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս խնդրի լուծման իր տարբերակն առաջարկեց՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ: Եւ ՀՀ կառավարության՝ անցած տարվա սեպտեմբերի 19-ի որոշմամբ՝ հաստատվեց «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ ծրագրով ՀՀ շատ քաղաքացիներ են հետաքրքրվում: Ավելին, այս ծրագրով, պարզվում է, 203 գլուխ տոհմային կենդանի է փաստացի ներկրվել ՀՀ:
Բայց պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ ոգեւորված ու հետաքրքրված են տավարաբուծության 2014-2024 թվականների զարգացման ծրագրով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տավարաբուծության ծրագրով մոտ 700-800 հետաքրքրվող քաղաքացի են ունեցել: Ավելին, 406 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել 315 գլխի համար: Պարզվում է, որ 136 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ) արդեն իսկ ներկրվել է, բայց քանի որ հիմա համապատասխան սեզոնը չէ, եւ ներկրման հետ կապված դժվարություներ կան, այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ իրենք մերժումների մոնիթորինգ չեն վարում, որովհետեւ բանկն է մերժում, եթե ֆերմերը վարկունակ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական աջակցությունը իրականացվում է 2 եղանակով. տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է, որի դեպքում վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է առավելագույնը 10 տոկոսային կետն այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով։
Փոխհատուցվելու է շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչեւ 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 տոկոսը: Իսկ, ահա, սահմանամերձ բնակավայրերի եւ կոոպերատիվների կողմից մինչեւ 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար կփոխհատուցվի 27 տոկոսը։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչեւ 4 տարի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլրդ 97 մլն 125 հազար դրամ:
Թեեւ շատերը ողջունում են ոչխարաբուծության զարգացման ծրագիրը, բայց եզդիական համայնքն այնքան էլ ոգեւորված չէ: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ եզդիների մի մասը հրաժարվել է մասնակցել ծրագրին. «Անգամ ես առաջարկել եմ նրանց, բայց հրաժարվեցին՝ ասելով, որ ձեռնտու չէ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ԿԳՐԱՆՑՎԻ
Այս տարվա փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.09 դոլար՝ հունվար ամսվա 1.11 դոլարի դիմաց:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 220 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 390 դրամ, Ռուսաստանում՝ 346 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 298 դրամ:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս անցած տարեվերջին Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը հայտարարել է, որ հայկական կողմը համաձայնել է բենզին ներկրել Ղազախստանից, ինչի արդյունքում ակնկալվում է արձանագրել գների նվազում:
Խոսքը «Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջեւ Հայաստան նավթամթերքների մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» միջազգային պայմանագրի նախագծի մասին է, որը վերաբերում է փոխադարձ ինդիկատիվ դրույքաչափերի եւ հաշվեկշռի սահմանմանը: Այն հնարավորություն կտա մատակարարներին նավթամթերք ներկրել առանց մաքսատուրքերի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայկական կողմն այս հարցը ղազախական կողմի հետ քննարկում է, բայց չնայած սրան՝ ներմուծման ծավալների տվյալներով՝ Ղազախստանից բենզինի ներմուծումը այդքան էլ մեծ չէ: Հետեւաբար, Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին պայմանագիրը չէր կարող այս կարճ ժամանակահատվածում նման արդյունք արձանագրել, քանի որ վերոնշյալ պայմանավորվածությունը նախորդ տարվա վերջին է ձեռք բերվել: Բայց հայկական կողմը վստահ է, որ սա առաջիկայում դրական ազդեցություն կունենա, բայց այս պահին շուկայական տատանումներն ուղղակիորեն կապ չունեն դրա հետ: Ըստ մասնագետների՝ բենզինի գնի իջեցումը պայմանավորված է համաշխարհային շուկայի գնային տատանումներով:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԻՋՈՑՈՎ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Տավուշում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Լեռնիկ Բաբայանի եւ այդ գումարտակի շտաբի պետ Էդգար Զուրաբյանի դատավարությունը։ Է. Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 2-րդ հրաձգային գումարտակի շտաբի պետ, պաշտոնատար անձ, 2018թ. օգոստոսից մինչեւ 2019թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, նախապես տեղյակ լինելով, գումարտակի պաշտպանական շրջանում թիկունքային ապահովման աշխատանքներ իրականացրած, սակայն համապատասխան ժամաքանակ մարտական դիրքերում չանցկացրած, նույն գումարտակի պայմանագրային զինծառայողներ Արտակ Սիմոնյանի, Շահեն Ղանադյանի վերաբերյալ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ, գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվանացուցակներ, ապա ներկայացրել է զորամասի հրամանատարության հաստատմանը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել. վերոհիշյալ զինծառայողները ստացել են առանձնահատուկ ծառայություն իրականացնելու համար նախատեսված ընդհանուր 680 հազար 744 դրամ հավելավճար։ Լեռնիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար, պաշտոնատար անձ, պարտավոր լինելով ստուգել գումարտակի շտաբի պետ Էդգար Զուրաբյանի կողմից կազմված, գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվանացուցակներում ընդգրկված զինծառայողների հաճախելիությունը, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայողական պարտականությունների նկատմամբ։ Է. Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով եւ 375 հոդվածի 1-ին մասով, Լ. Բաբայանին՝ 376 հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Հիշյալ քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է փետրվարի 12-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները փետրվարի 10-ին Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա Նաիրա Պ.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: