ԿՐԿԻՆ ԽԱՌՆՎԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Սակայն, ըստ էության, նրա հանդիպումն անցել է անարդյունք. ԱԺ նախագահը չի կարողացել փաստարկներ բերել, բացատրել կամ համոզել դեսպաններին: Եվ ԱԺ նախագահի «ձախողումը» հերթական անգամ կոծկելու համար դեսպանների հետ անհրաժեշտ համարեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ երեկ էլ նա է կառավարությունում հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի վիճակին, եւ, ինչպես ասված է հաղորդագրությունում, վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:
Եվ ուշագրավ է, որ այս հանդիպմանը խորհրդարանից ներկա են եղել միայն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց, թե իրենք են հրավիրված եղել այդ հանդիպմանը: Ստացվում է՝ անգամ Արարատ Միրզոյանը չի հրավիրվել այդ հանդիպմանը: Նկատենք, որ առաջին անգամ չէ՝ երբ քաղաքական օրակարգում են Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը, վարչապետը հանդիպում կամ հեռախոսազրույց է ունենում եվրոպական կողմի հետ։ Դրանից առաջ էլ՝ փետրվարի 3-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչին հաջորդեց ԵԽԽՎ համազեկուցողների կողմից հայտնի հայտարարությունը։ Եվ այդ անգամ եւս, ըստ էության, բանակցելու բեռն իր ուսերին վերցրեց ՀՀ վարչապետը։

 

 

 

Փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը ժամանակավորապես կատարում է ՊՎԾ ղեկավարի գործառույթները: Սակայն պարզվում է, որ երկրի թիվ մեկ վերահսկողին հարցեր տալուն հատուկ ընթացակարգ եւ վերահսկվող մի յուրօրինակ գործընթաց պետք է նախորդի: Մեր հարցերին, չգիտես ինչու, որոշել է պատասխանել ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը՝ ոչ թե ըստ էության պատասխան տալով, այլ դաստիարակչական քարոզ կարդալով եւ որակելով մեր հարցերը: Եվ փոխանակ Արգիշտի Քյարամյանը պատասխանի հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ ինքը պարբերաբար զանգահարում է իրավապահներին՝ կառույցի տեղեկանքների հիման վրա գործեր հարուցելու համար, որոշել է թաքնվել մի աղջկա փխրուն ուսերի թիկունքում եւ մեջբերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը՝ հայտարարելով, թե վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը հրապարակային ներկայացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն: Այսպիսով, նա որոշել է «հաթաթա տալ» լրատվամիջոցին, սակայն չի ստացվի: Հատուկ Քյարամյանի համար ընդգծենք, որ նրա գործառույթների մեջ չի մտնում այս կամ այն քննչական մարմնին զանգահարելն ու հետաքրքրվելը այս կամ այն քրեական գործից: Դա ուղղակի միջամտություն է պետական այլ օղակի աշխատանքին, ինչը դատապարտելի է Քրեական օրենսգրքով:

 

 

 

Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում եւ արձանագրում են, թե Զինված ուժերում հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում է, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը բանակում մահացել է 10 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից: Եվ, ահա, երեկ հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, եւ, ըստ նախնական վարկածի, ՊԲ տարբեր զորամասերի երկու ժամկետային զինծառայողներ ինքնասպան են եղել: Ի դեպ, զինվորները եղել են խրամատներում, եւ երեկ՝ ամբողջ օրը, դեպքի վայրում աշխատում էին իրավապահները՝ հասկանալու համար, թե տղաներն իրենք են արդյոք խփել իրենց, թե նրանց սպանել են: Մեր տեղեկություններով՝ իրավապահները երկու դեպքով էլ քննում են ինքնասպանության վարկածը: Եվ դատելով իրավիճակից՝ այժմ բավարարվում են միայն հրամանատարներին պատժելով, կալանավորելով, իսկ խորքային խնդիրները, թե ինչ հոգեբանական վիճակում են զինվորները կամ ինչ ներքին տարաձայնություններ ունեն, թողնում են բախտի քմահաճույքին, ինչն էլ ճակատագրական ավարտ է ունենում: Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ զինդատախազների հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, փակ քննարկման ժամանակ դատախազը կոնկրետ հրահանգ է տվել վերաբացել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու դեմ բողոքի մասով հարուցված եւ հետագայում կարճված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ նախորդ տարի թեժ գիծ ահազանգ էր եկել, սակայն համապատասխան արձագանք այն չէր ստացել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա միջին ընթացիկ գներով, կազմել է 60 հազար 229 դրամ` ամսական կտրվածքով, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 28 դրամ` ամսական կտրվածքով: Նշենք, որ 2018 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով, կազմել է 35 հազար 906 դրամ: Այսինքն` սպառողական զամբյուղը, թե՛ ամսական, թե՛ տարվա կտրվածքով, էժանացել է: Բայց, միեւնույնն է, սա բավարար չէ մարդուն պատշաճ սնվելու, ապրելու համար: Շատերը մեր երկրում այս ամիսներին գոյատեւելու համար ստիպված են լինում դիմել բանկերին, վարկային կազմակերպություններին: Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաեւ այցելություններ ռեստորաններ եւ գեղեցկության սրահներ: Դե արի ու Հայաստանի կառավարության որեւէ պատասխանատուի առաջարկի 34 հազար 28 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Համենայնդեպս, մեր հանրապետությունում պարզապես հնարավոր չէ 34.000 դրամով ապրել:




Լրահոս