ԿՐԿԻՆ ՊԱՀԵՑԻՆ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը, կարծես թե, որդեգրել է մի քաղաքականություն, երբ ամեն կերպ փորձ է անում ծածկադմփոց անել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված ցանկացած հարց: Բավական չէ, որ այս տարվա հունվարին «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց Երեւան համայնքին նվիրատվությունների հարցով եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը, երեկ էլ «ծանր տարան» մեկ այլ նախագիծ, որը կրկին վերաբերում էր քաղաքապետարանի աշխատանքին:

Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ ներկայացրել էր օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում էր համայնքների օգտին կատարվող նվիրատվությունները, եթե դրանք գերազանցում են 1 միլիոն դրամը, հաստատել ավագանու որոշումով։ ԱԺ ամբիոնից այդ նախագիծը ներկայացնում էր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, որն ընդգծեց, որ 1 միլիոն դրամից ավելի նվիրատվություն անողների նվիրատվությունները պետք է բացահայտ լինեն, քանի որ քննարկվելու են ավագանու նիստում։ Եվ ուշագրավն այն է, որ չնայած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, եւ, ըստ էության, իշխող թիմը դեմ չէր այդ փոփոխությանը, սակայն երեկ արդեն իշխանական պատգամավորները կրկին 180 աստիճան փոխվել էին:
Մասնավորապես, իմքայլականները փորձում էին ամեն կերպ հիմնավորել, որ պետք չէ օրենքում նման փոփոխություններ անել: Եվ իրավիճակը լարվեց այնքան, որ Անի Սամսոնյանը ԱԺ միջանցքում իմքայլականներից բարձր տոնով պահանջեց հարգանք դրսեւորել իր անձի նկատմամբ: «Ինձնից հարգանք պահանջե՛ք, երբ ինքներդ հարգանք կցուցաբերեք իմ հանդեպ: Կհարգեք` կհարգվեք»,- բարձր տոնով դիմեց նա Վլադիմիր Վարդանյանին:
Սակայն պարզվում է՝ իմքայլականների նման պահվածքը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Եվ սա, ըստ էության, պատահական չէ, եւ առաջին դեպքը չէ, որ Մարությանը ԱԺ նախագահի միջոցով փորձում է իր հետ կապված նախագծերը մերժել կամ հանել օրակարգից. այդպես եղավ նաեւ հայտնի «Կամազ»-ների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման հետ: Այդ ժամանակ եւս պատմությունը կրկնվեց: Դեռ 2019 թվականի դեկտեմբերին, երբ ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել էր այդպիսի հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անմիջապես արձագանքել էր «Այո, մենք ունենք քաղաքական կամք, համաձայն ենք հանձնաժողով ստեղծել` բոլոր մտահոգությունները փարատելու համար»: Բուն քննարկման ժամանակ, սակայն, իմքայլականները կրկին 180 աստիճան փոխեցին իրենց միտքը։
Բանն այն է, որ այդ հայտարարությունից հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավին կրկին բացատրել ու հասկացրել էր, որ նման հանձնաժողովի ստեղծումն իր համար կարող է խնդիրներ առաջացնել, եւ այդ ժամանակ եւս մեկ րոպեում կայացրած որոշմամբ չեղարկվեց նման հանձնաժողովի ստեղծումը: Ստացվում է՝ արդեն երկրորդ դեպքն է, երբ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է ամեն կերպ շրջանցել Հայկ Մարությանի հետ կապված օրենքի քննարկումը:
Բանը հասավ նույնիսկ նրան, որ երեկ իմքայլական պատգամավորները կրկին անցան այլ բառապաշարի, ինչն էլ զայրացրել էր Անի Սամսոնյանին, եւ նա արդեն միջանցքում էր փորձել զրուցել վերջիններիս հետ: Ամենից շատ իրավիճակը թեժացել էր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ: «Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց Ձեզ այդքան ամբարտավանություն, բա թե՝ դուք մասնագետ չեք, ունենք փայլուն իրավաբան. սա ի՞նչ հռետորաբանություն է: Դուք մտածո՞ւմ եք, որ Ձեր որոշ գործընկերների հռետորաբանությունը ազդում է Ձեր նախագծերի ընկալման վրա»,- նշել էր Դանիելյանը: Մեկ այլ պատգամավոր՝ Վաղարշակ Հակոբյանը եւս փորձել էր ամեն կերպ պիտակավորել ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագիծը: Սա բնավ պատահական չէ. իմքայլականները կրկին հանձնարարական էին ստացել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ
Հեղափոխությունից հետո մի իրավիճակ էր ստեղծվել, երբ ադարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը եւ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը դատավորների նկատմամբ վարույթները հարուցում եւ ուղարկում էին ԲԴԽ, որ այնտեղ դատավորներին պատժեն, սակայն այժմ իրավիճակ է փոխվել: Մասնավորապես, 2019 թվականին Սահմանադրական դատարանը բավարարել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը եւ հակասահմանադրական ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել էին: Եվ, ըստ էության, ստացվեց այնպես, որ քանի դեռ Դատական օրենսգիրքը չի փոխվել, ԲԴԽ-ն չի կարող որեւէ դատավորի լիազորություններ դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով: Ահա, հենց այս որոշման պատճառով էլ նախարարը վարույթ չի հարուցում դատավորների նկատմամբ. եթե հարուցի, ու ԲԴԽ-ն էլ, դրա հիման վրա, որոշում կայացնի , ապա ՍԴ-ն հակառակ որոշում կկայացնի, որն էլ շուռ կգա հենց նախարարի ու ԲԴԽ-ի դեմ, ուստի քանի չի լուծվել ՍԴ-ի հարցը, դատավորները հանգիստ շունչ են քաշում:

 

 

 

ՄՏԱՀՈԳ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ իմքայլականներին խիստ զարմացրել եւ մտահոգել է ընդդիմադիր գործընկերների պահվածքը: Ինչպես հայտնի է, ԼՀԿ անդամներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցրել են իրենց անդամակցությունն այդ խմբին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նման մտադրություն ունեն նաեւ ԲՀԿ-ականները: Եվ այդ դեպքում այդ աշխատանքային խմբում կմնան միայն իմքայլականներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, թե անկախ ամեն ինչից՝ իրենք շարունակելու են աշխատանքները՝ նախագիծ ներկայացնելու ուղղությամբ: Եվ ստացվում է, որ իշխանությունները միայնակ պետք է նախագծեն ատելության խոսքի դեմ պայքարի օրենք, ու իրենք էլ չգիտեն՝ ինչպես։

 

 

 

 

ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է առաջիկայում Երեւանի հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի հագեցվածությունն ապահովել: Ըստ Ան-ի՝ սա իր հերթին կնպաստի մարզային դեպքերի սպասարկմանը եւ մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերի խնայողությանը: Փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Երեւանի հիվանդանոցներում մահճակալային հագեցվածությունը ավելին է, քան գրանցվող դեպքերը, ինչը կարող է նպաստել նաեւ մարզային դեպքերի սպասարկմանը: Ըստ առողջապահության նախարարության՝ մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերը չեն ապահովելու նպատակի արդյունավետությունը:

 

 

 

ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ ԱՆ Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լեւոն Գեւորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: «Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, մինչեւ 2020թ. սեպտեմբերի 1-ը մշակել եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»,-ասված է որոշման մեջ:

 

 

 

10 ՄԻԼԻՈՆԻ ՏՈՒԳԱՆՔ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար: Հանձնարարվել է նաեւ «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը 45-օրյա ժամկետում կատարել համապատասխան վերահաշվարկ եւ «ՀԱԷԿ»-ին եռամսյա ժամկետում վերականգնել «ՀԷՑ»-ին եւ սպառողներին հասցված վնասը:

 

 

 

ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

 

 

 

ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանն է։ Նախագծով արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում։ Պատգամավորը պարզաբանել է, որ այս փոփոխությամբ նախատեսվում է, որ քաղաքում տեղադրվելու են անվճար վահանակներ, որպեսզի գովազդից օգտվող տնտեսվարողները հնարավորություն ունենան այդ վահանակների վրա փակցնել իրենց գովազդը։

 

 

 

ՀԱՎԱՔ՝ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Երեկ Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքն է մեկնարկել Վիեննայում։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:




Լրահոս