ԱՄՍԱԿԱՆ 34 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա միջին ընթացիկ գներով, կազմել է 60 հազար 229 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 28 դրամ` ամսական կտրվածքով: Նշենք, որ 2018 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով, կազմել է 35 հազար 906 դրամ:

Այսինքն` սպառողական զամբյուղը, թե՛ ամսական, թե՛ տարվա կտրվածքով, էժանացել է: Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի:
Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` օրական 2412.1 կկալ: Բայց անցյալ տարի Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան՝ 1 շնչի հաշվով, կազմել է 2232 կկալ:
Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեեւ չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014-ին` 2043 կկալ, 2015-ին` 2058, իսկ 2016-ին` 2090 կկալ: Բայց, ըստ Վիճակագրական կոմիտեի, ե՛ւ 2017-ին, ե՛ւ 2018-ին մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել: Ըստ որոշ հետազոտությունների` օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս: Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: Ըստ որոշ հետազոտությունների` թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում` գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Թերսնում է համարվում նաեւ այն, որ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով:
Օրինակ՝ Հայաստանում, ըստ 2019 թվականի 4-րդ եռամսյակի սպառողական զամբյուղի, մեկ շնչի հաշվով կարտոֆիլի սպառումը, ամսական կտրվածքով, կազմել է 4.3 կգ: Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 355 գրամ հացամթերք, 250 գրամ հաց, 100 գրամ միս, 0.5 հատ ձու, 300 գրամ բանջարեղեն (կաղամբ, գլուխ սոխ), 200 գրամ միրգ (խնձոր), սուրճ կամ հյութ եւ այլ սննդամթերք:
«Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 34 հազար 28 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, կազմել է 145 գրամ՝ 18 գրամ ձու, 48 գրամ միս եւ այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում շուրջ 300 դրամ է կազմում: Ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 200 դրամ է կազմում: Երկու հատ ձուն 50-70 դրամ է (վերջին ամսում Հայստանում ձվի գերարտադրություն է, ինչի արդյունքում ձվի մեկ հատը վաճառվում է 25-35 դրամով), իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 130-140 դրամի սահմաններում:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար 519 դրամ, նվազագույն աշխատավարձը մեր երկրում այս տարվա հունվարի 1-ից բարձրացավ՝ կազմելով 68 հազար դրամ: Բայց այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել, էլ չենք խոսում կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի եւ, ամենակարեւորը, դեղորայքի մասին: Համենայնդեպս, ձմռան այս ամիսներին մարդկանց մեծ մասի ամսական կոմունալ վարձերը գերազանցում են 30-40 հազար դրամը: Բայց, միեւնույնն է, սա բավարար չէ մարդուն պատշաճ սնվելու, ապրելու համար: Շատերը մեր երկրում այս ամիսներին գոյատեւելու համար ստիպված են լինում դիմել բանկերին, վարկային կազմակերպություններին:
Մյուս կողմից` նկատենք, որ մեր երկրում ընտանիքների մեծ մասում մեկ անձը ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ եթե այդ ընտանիքը բաղկացած է 4 կամ 5 հոգուց, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի նվազագույն զամբյուղի գումարից քիչ գումար այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի համար նախատեսված գումարը:
Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաեւ այցելություններ ռեստորաններ եւ գեղեցկության սրահներ: Իսկ Մեծ Բրիտանիայում սպառողական զամբյուղում ներառված են տան վերանորոգման կամ այգեգործության համար պիտանի իրեր: Եվրոպացիները սպառողական զամբյուղում ընդգրկել են նաեւ թատրոնի եւ կինոյի տոմսեր, գրքեր, ինչպես նաեւ լողավազանների եւ ֆիթնես ակումբների այցեքարտեր:
Դե արի ու Հայաստանի կառավարության որեւէ պատասխանատուի առաջարկի 34 հազար 28 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Համենայնդեպս, մեր հանրապետությունում ուղղակի հնարավոր չէ 34 հազար դրամով ապրել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԸ՝ ԱՆՀԱՐՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել «Սեւանի հացի գործարան» ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Նշենք, որ հացի գործարանը մասնակցել է Պոլիտեխնիկի կողմից հայտարարված գնումների մրցույթին եւ շահել, ինչից հետո ընկերությունը պետք է հաց մատակարարեր բուհի ճաշարանին:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Սեւանի հացի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է բուհը մտադիր «խաղից հանել» հացի գործարանին: Գործարարը մեզ փոխանցեց, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել:
Պարզվում է, որ Armeps գործակալության միջոցով հացի գործարանին փոխանցվել է տեղեկություն՝ երբ տնտեսվարողը մոտենա եւ պայմանագիրը կնքի, հացը մատակարարի: Տնտեսվարողը, սակայն, այդ մասին ծանուցում չի ստացել:
«Մենք Երեւանի մանկապարտեզներին, այլ հիմնարկներին եւս հաց ենք մատակարարում: Պոլիտեխնիկի մասով միայն մենք ենք մասնակցել եւ շահել ենք: Այդ ծանուցումը մեզ չի հասել, իսկ գնումների օրենքով էլ այդ գործընթացը եթե պարտաճանաչ չես կազմակերպում, երկու տարով զրկվում ես գնումների մրցույթին մասնակցելուց: Բայց ամեն ինչ կարգին է, քննարկվում է: Ճիշտ է, խիստ մոտեցում է, բայց, դե, մենք էլ փաստարկներ ենք ներկայացրել, որ իրոք չենք ստացել այդ ծանուցումը: Անգամ խնդրել ենք գալ, ստուգել: Իրենք օրենքով են աշխատում, Պոլիտեխնիկն ամբողջովին այսօրվա գործող օրենսդրությամբ է շարժվում»,- նկատեց գործարարը:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցում գործարարից տեղեկացանք, որ Armeps գործակալության համակարգում երեւում է, որ ծանուցումն ուղարկվել է, բայց գործարանի էլեկտրոնային հասցեում այն չկա: Եւ ընկերության հետ պայմանագրի կնքման ժամկետն ավարտվելուն պես բուհը դիմել է բողոքարկման խորհուրդ: «Որեւիցե մի սխալ բան չկա, ամեն ինչն օրենքի շրջանակներում է: Մենք առաջարկել ենք իրենց գալ, մեր համակարգչի աղբի զամբյուղն ուսումնասիրել: Հույս ունենք, որ չեն զրկի հաց մատակարարելուց: Անգամ նման ծանուցումները իմ հեռախոսին էլ է գալիս, բայց ես չեմ ստացել, ուշադիր եմ: Կապի խնդիր է եղել, ուրիշ ոչ մի խնդիր չկա»,- անկեղծացավ Աշոտ Ավետիսյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հացի գործարանին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառելու վերաբերյալ հարուցված ընթացակարգի քննության ժամկետը երկարաձգվել է, եւ հրապարակման վերջնաժամկետ է սահմանվել փետրվարի 15-ը: Այսինքն՝ երկու օր հետո պարզ կդառնա՝ հացի գործարանը կշարունակի իր համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ, թե ոչ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐ ԿԲԱՑԵՆ
Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում սուր է խմելու ջրի խնդիրը: Այդ հիմնախնդիրը ավելի է սրվել կլիմայի գլոբալ փոփոխությունների, երկրագնդի տաքացման հետեւանքով: Բանն այն է, որ Տավուշի գյուղերում շատ աղբյուրներ ցամաքել են: Երեւանում փետրվարի 7-ին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները հարց տվեցին Տավուշում խմելու ջրի հիմնահարցի եւ դրա լուծման ուղիների մասին: Մարզպետը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը 2019թ.-ին երկու անգամ մարզի ջրային ակունքների եւ ջրավազանների ուսումնասիրություններ է կատարել, առաջին հետազոտություններից հետո ձեւակերպվել են առաջնահերթ խնդիրները, սակայն տարեվերջին ստիպված են եղել համայնքներ երկրորդ անգամ խմբեր ուղարկել, որպեսզի համոզվեն, որ ջրահավաք ծավալներն առկա են: Տավուշի մարզպետարանը անցյալ տարեսկզբից համայնքապետարաններից քրոնոմետրաժ է պահանջել, որպեսզի համայնքապետարանները ստուգեն եւ մարզպետարանին տեղեկացնեն առկա ջրային ռեսուրսների մասին: Այդ նույն աշխատանքը հիմա էլ է կատարվում, որովհետեւ սկսվել են մի քանի ծրագրերի նախագծային աշխատանքները, եւ մարզպետարանը ստիպված է նույն աշխատանքը նորից կատարել: Բնության փոփոխության հետ փոխվել են նաեւ ջրային ծավալները, եւ հարկադրված են հետազոտական նոր գործիքներ օգտագործել: Ինովացիոն առաջարկություն կա մագնիսական դաշտի միջոցով ուսումնասիրելու մարզի լանդշաֆտը եւ գտնելու ջրային նոր ռեսուրսներ: Տավուշի մարզում նախկինում առանձնապես ընդունված չեն եղել հորատանցքերը, բայց հիմա ստիպված են փոխել քաղաքաշինական ռազմավարությունը, հատկապես՝ ջրային ռեսուրսների օգտագործման առումով: Մարզպետ Չոբանյանը հայտնեց, որ ոռոգման համակարգերի ծավալային մեծացումը հնարավորություն կտա մեծացնել նաեւ խմելու ջրի ջրային ավազանը: Արդեն 30 տարի Տավուշի մարզում տասնյակ հազարավոր հեկտարներ չեն ոռոգվում, ձյան տեսքով ջրային քիչ պաշար կա, նաեւ անապատացում է տեղի ունենում, ջրահավաքը նվազել է: Մարզպետը նշեց, որ իրենք պլանավորել են խմելու ջրի 30-ից ավելի ծրագիր, որից 21-ն առաջնահերթ է: Վերջիններիս թվում են Արճիս, Լճկաձոր, Տավուշ գյուղերի խմելու ջրի ծրագրերը, որոնք նախագծային փուլում են: Հ. Չոբանյանը հայտնեց, որ 2019 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակված գումարների մի մասը ուղղվելու է Տավուշի մարզի խմելու ջրի համակարգի բարելավմանը, եւ ինքը հույս ունի, որ այդ համակարգի առաջնահերթ խնդիրները հիմնադրամի աջակցությամբ կլուծվեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս