ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿՍԿՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բանն այն է, որ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից հետո, եւ փետրվարի 7-ին` Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Սակայն միեւնույն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, թե հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը՝ Ազգային ժողովի կողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:
Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այսպիսի ընթացակարգերին: Եվ ելնելով Արմեն Սարգսյանի աշխատակազմի կողմից նմանօրինակ հայտարարություններից՝ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ: Եվ, ահա, ի պատասխան մեր հարցմանը՝ հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը կարող է նման քննարկումներ սկսել:
«Կարեւորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը՝ հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին եւ փորձագետներին դիմելը», – նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Միեւնույն ժամանակ աշխատակազմից ընդգծել են, որ Արմեն Սարգսյանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ պետական եւ հասարակական կյանքին առնչվող կարեւորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին: Օրինակ՝ վերջերս իր հարցազրույցներից մեկում Արմեն Սարգսյանը նշել էր. «Կարծում եմ՝ ցանկացած իշխանության համար, մանավանդ՝ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերեւից՝ ամպերից իջնել ցած, իջնել եւ ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ եւ կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած եւ ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»: Եվ հարցման վերջում նախագահի աշխատակազմից կրկին ընդգծել են, որ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ պարզապես ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, սակայն այս պահի դրությամբ պաշտոնապես «ՈՉ»-ի կողմ են հանդիսանում իրավաբան-իրավապաշտպանները, որոնք մինչեւ այս նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էին նամակ ուղարկել՝ հանրաքվեի օր չնշանակելու պահանջով: Նշենք, որ այդ խմբի մեջ են Ռուբեն Մելիքյանը, Արսեն Բաբայանը, Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը եւ այլք: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի չի մասնակցի, իսկ ԲՀԿ-ն էլ դեռ վերջնական որոշում չունի. քաղխորհրդի որոշումն այսօր կլինի: Այս ամենին զուգահեռ գործընթացին խառնվել, կարծես թե, չեն շտապում նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն կամ այլ անհատներ: ՀՅԴ-ն արդեն կոչ է արել ՀՀ քաղաքացիներին բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն: Միայն հայտնի է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ն ու սպարապետի եղբայր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցություններն են հայտարարել քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԸՆՏՐԵՑԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
Երեկ ավարտվեց Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ին մեկնարկած հերթական նստաշրջանը: Այս օրակարգում ընդգրկված էր 14 հարց, եւ պատգամավորները կարողացան արագ ավարտել դրանց քննարկումը՝ երեկ երեկոյան կազմակերպելով նաեւ հարցերի քվեարկությունները: Երեկ, 113 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով, անցավ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել էին երեք խմբակցություններից մեկական պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Հարություն Բաբայանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս նախագծին դեմ էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ու կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին: Սակայն ամբողջ խորհրդարանը միահամուռ չլսեց նախարարին՝ կողմ քվեարկելով: Քվեարկությանը չեն մասնակցել միայն իմքայլականներ Թագուհի Ղազարյանն ու Մաթեւոս Ասատրյանը:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ՀՀ գլխավոր դատախազության եւ Կոտայքի մարզպետարանի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզպետարանի դեմ՝ պահանջելով աճուրդներն անվավեր ճանաչել եւ անվավերության հետեւանքներ կիրառել: Չի բացառվում, որ դատախազությունը աճուրդների գործընթացում ինչ-ինչ հանգամանքներ է բացահայտել եւ հիմա դատական հայցով փորձում է աճուրդներն անվավեր ճանաչել տալ:

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը անցկացվելու է մարտի 23-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին մի քանի անուն է շրջանառվում, որից մեկը ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ռեկտորի պաշտոնի համար, հնարավոր է, առաջադրվի նաեւ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանը, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր. «Որեւէ թեկնածու չի դիտարկվել, խորհուրդն է ընտրելու թեկնածուներին այն բանից հետո, երբ վերջիններս կառաջադրվեն»։ Ի դեպ, տեղեկացնենք, որ մրցույթին մասնակցության դիմումները թեկնածուները պետք է ներկայացնեն փետրվարի 12-ից մինչեւ մարտի 7-ը։

 

 

 

 

 

ՎԱՐՈՒՅԹ՝ ՇՈՒԿԱՅՈՒՄ
«Շաքարավազի շուկայի ուսումնասիրության հարցով վարույթ ենք սկսել»,- այս մասին երեկ՝ կառավարության նիստից հետո, ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե այս շուկայում կարծես գնանկման խնդիր կա: «Հստակ պատկերացումներ ունենք այդտեղ: Մեր ստացած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր է: Պատճառը հասկանալու նպատակով վարույթ ենք հարուցել»: Նա ընդգծել է, որ փաստի առթիվ վարույթը հարուցված է, կա մրցակցային անհամաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում: «Վարույթը կուսումնասիրենք՝ պարզ կլինի»,- ասել է Գ. Գեւորգյանը։ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ ուսումնասիրություններ են սկսել ցորենի, ալյուրի շրջանառության, հանքարդյունաբերության, մեդիա գովազդի եւ ձվի ոլորտներում:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵՑ
Երեկ Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Բանաձեւի նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը: Քննարկումների ընթացքում Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանն ընդգծել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանն ընդամենը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն իր հերթին շեշտել է, որ ցեղասպանության ճանաչումը կարեւոր է, որովհետեւ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ ահաբեկիչների ձեռամբ:

 

 

 

ՀԵՐՅՈՒՐԱՆՔ
Շուտով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ կկազմակերպի, եւ հարցին լուծում կտրվի. այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով 2020թ. ընթացքում Հայաստանի եւ Արցախի բանակներում 10 զոհերի եւ 5 վիրավորների խնդրին: «Մենք լսումներ կանենք մեր հանձնաժողովում եւ առաջարկներ կանենք: Ես՝ որպես Երկրապահի նախագահ, հանձնաժողովի կազմում եմ»,- ասել է նա։ Վերջինս համաձայնել է վարչապետի այն հայտարարության հետ, որ խաղաղ պայմաններում Զինված ուժերում զոհերը կապված են քրեական ենթամշակույթի հետ։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները Ժնեւում քննարկել են Լաչինի հարավում ադրբեջանցիների եւ հայերի համատեղ բնակավայր կառուցելու հարցը, Սասուն Միքայելյանը նշել է. «Հերյուրանք է, նման բան չի կարող լինել: Այս իշխանությունը միշտ բաց է եղել ժողովրդի առաջ, ժողովրդի թիկունքում, ժողովրդից գաղտնի չի կարող նման բան քննարկել եւ ժողովրդին տեղյակ չպահել»։




Լրահոս