ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԱՆ «ՊՐԱՐԱԲԸ» ՊԵՏ Է ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նրա կինը բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով եւ անգամ ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում։ Ըստ էության, նա կատարում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։

Եվ, ահա, վերջերս Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին եւ կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլեւս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին լրագրողներին ասել էր, որ իր կինը ոչ թե աշխատում է քաղաքապետարանում, այլ օգնում է մի շարք հարցերում, այսինքն՝ պարզապես հաստատել էր մեր հայտնած տեղեկությունը։ Հիմա մեր աղբյուրները այլ ինֆորմացիա տվեցին՝ հայտնելով, որ Երեւանի քաղաքապետարանում հայտնված տարբեր պաշտոնյաներ բավականին ուշագրավ հանգամանքներում են պաշտոն ստացել: Նրանց մեծ մասին, իհարկե, նշանակվելու հարցում օգնել ու միջնորդել է քաղաքապետի կինը՝ Իվան։
Եվ, ահա, պարզվում է, որ Գրիգոր Հարությունյանը, որը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետն է, եղել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի տան «պրարաբը», շինաշխատանքներ է արել։ Այդ արժանիքը բավարար է եղել, որ նրան Մարությանը նշանակի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ: Այս եւ այլ հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գրիգոր Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր ո՞ր արժանիքի կամ մասնագիտական որակների համար են նշանակել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ:
-Այ, հարցը շատ հետաքրքիր էր, դեռեւս այս հարցը ինձ ոչ մեկ չէր տվել: Ես շինարարության ոլորտում շատ երկար ճանապարհ եմ անցել, աշխատել եմ «Գազպրոմ Արմենիայում»՝ նույն Շինարարության եւ բարեկարգման վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Այդքանը:
-Այսինքն՝ սա՞ եք համարում Ձեր արժանիքը, որի համար Ձեզ բերեցին եւ նշանակեցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ:
-Այո, այո, այո, շատ հպարտ եմ, որ ինձ վստահել են տվյալ գործունեությունը, տվյալ աշխատանքը, եւ պարտավորվել եմ եւ պարտավոր եմ ինձ ստանձնած պաշտոնը բարեխիղճ հասցնել իր նպատակին:
-«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Դուք միանգամայն ուշագրավ հանգամանքներում եք նշանակվել այս պաշտոնում: Մասնավորապես, Հայկ Մարությանի տան համար շինաշխատանքներ եք արել, եւ այդ պատճառով էլ Ձեզ բերել եւ նշանակել են Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ:
-Ո՛չ, այդպես չի, որ ես տանը հայտնվել եմ ու այդտեղից հայտնվել եմ այստեղ:
-Բայց քաղաքապետի տանը շինաշխատանքներ իրականացրե՞լ եք:
-Աշխատանքներ միշտ էլ իրականանում են, ցանկացած ընկերների, ղեկավարների շենքեր ենք կառուցել, բնակարաններ եւ ամեն ինչ:
-Հայկ Մարությանին ճանաչել եք այն պահից, երբ իր տանը շինարարական աշխատանքներ եք արե՞լ:
-Ոչ, Հայկ Մարությանին ճանաչում եմ 12 տարուց ավել, շատ բարձր արժանիքներ ունի այդ անձը ինձ համար: Բացարձակ կապ չունի տան աշխատանքները տվյալ բարեկարգման վարչությունը ղեկավարելու հետ:
-Ի՞նքը Ձեզ ասաց, որ գաք քաղաքապետարան աշխատելու, թե՞ Դուք իրեն դիմեցիք, կամ այլ միջնորդ կար:
-Առաջարկը եղել է Հայկ Մարությանի կողմից, եւ ես էլ փորձել եմ չմերժել, շատ դժվար էր, մերժելն էր շատ դժվար:
-Նկատում ենք, որ ՀՀ միջպետական ճանապարհները բավականին որակով, հաստ շերտով են ասֆալտապատվում, ինչը չի նկատվում Երեւան քաղաքում: Երեւան քաղաքի ճանապարհները նույն ՀՀԿ-ի օրոք արված ասֆալտապատումից ոչնչով չեն տարբերվում։ Ինչո՞ւ մենք Երեւան քաղաքի ասֆալտապատման հարցում հեղափոխություն չենք նկատում:
-Ասեմ՝ ինչու չենք ունենում. մի հատ այդ միջպետական ճանապարհների ասֆալտի արժեքը նայենք, տարբեր արժեքներ են. երկու-երեք անգամ ավելի թանկ է վճարվում այնտեղ, քան Երեւան քաղաքում:
-Ինչո՞ւ նույնը չի արվում Երեւան քաղաքում:
-Քանի որ մեր բյուջեն շատ սահմանափակ է, մեր ասֆալտի ծավալները սահմանափակ են: Տեսե՛ք, Երեւան քաղաքը 26 միլիոն 300 հազար քառակուսի մետր է, իսկ մեր ասֆալտի ծավալը 500 հազար քառակուսի մետր. դա զրո տոկոս է կազմում։ Մեզ մոտ՝ Երեւանում, միայն փոսանորոգման աշխատանքներ են կատարվում, չունենք այդպիսի մեծ ծավալներ, որ կարողանանք համատարած ճանապարհները…: Տեսե՛ք, միջպետական ճանապարհներին երկշերտ ասֆալտապատման աշխատանք է, իսկ մեզ մոտ միայն փոսանորոգում, որը 4,5 -5 սմ տաշում ենք ասֆալտը եւ նոր ասֆալտ ենք փռում: Ճիշտ է՝ ամբողջ նորմատիվները պահպանվում են. որ վարորդը կասի՝ 4 սմ պակաս ասֆալտ է եղել, դրա համար մենք պատրաստ ենք պատասխան տալ: Մեր գնայինն էլ սա է. 4000 դրամի էլ չի հասնում, ընդամենը 3000 քանի հարյուր դրամ է կազմում:
-Բայց անօգուտ աշխատանք է, քանի որ որակը շուտ ընկնում է, եւ դատելով Ձեր պատասխանից՝ Երեւան քաղաքում հույս չկա, որ բարձրորակ ասֆալտ կունենանք երբեւէ:
-Եթե պետությունը կարողանա այդպիսի գումարներ տրամադրի, ինչպես տրամադրում է միջպետական ճանապարհներին, ինչի՞ մասին է խոսքը: Նախ սկսեմ նրանից, որ հողային պաստառը, հողային պաստառից է ամեն ինչ գալիս, շատ վատն է, սողանքներ ունենք տարբեր տեղերում. ինչ կարգի էլ սարքեն, պետք է հիմնանորոգում կատարվի, որը երբեւէ չի արվել ու չի արվում. դա շատ թանկ աշխատանք է. քառակուսի մետրը 14-15 հազար դրամից պակաս չի, դրա համար ունենք այն, ինչ ունենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞… ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ
Նախնական վարկածի համաձայն՝ երեկ ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան եղած զինվորը նույն զորամասում միակը չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ՊԲ նույն զորամասում մեկ շաբաթ առաջ կրկին զինվոր է իրեն կրծքից կրակել՝ ինքնասպանության փորձ կատարելով, սակայն զինվորին կարողացել են փրկել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ զինվորին մնացել էր 6 ամիս, որպեսզի ծառայությունը ավարտեր եւ վերադառնար տուն: Զորամասում տարածված լուրերի համաձայն՝ զինվորը, իբր, իրեն կրակել է պայմանագրային զինառայողի զենքով, նաեւ վարկած է քննվում, որ նա զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետեւանքով էլ կրակել է իրեն: Սակայն զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, եւ գործում կան հանգամանքներ, որ մութ են պահվում: Արդյոք իրավապահները բան են թաքցնում կամ փորձում են կատարվածի մասով կոնկրետ մարդկանց փրկել, ջրից չոր դուրս հանել՝ ցույց կտա քննությունը։
«Ժողովուրդ» օրաերթին հայտնի դարձավ, որ զինվորի վիճակն արդեն կայուն է, նա ցուցմունք է տվել իրավապահներին, որը բավականին տարօրինակ է եղել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նա իր ցուցմունքում ասել է, որ իր ապրելն իմաստ չունի: Սակայն զինվորի ինքնասպանության փորձի դեպքը եւ նրա տված ցուցմունքը կասկածների տեղիք են տալիս: Ինչո՞ւ: Բանն այն է, որ փետրվարի 12-ին ՊԲ տարբեր զորամասերում, նախնական վարկածի համաձայն, ինքնասպան էին եղել Տիգրան Մանվելյանը եւ Տիգրան Մխոյանը:
Եւ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած երկու զինվորներն էլ ինքնասպանության փորձ կատարած Նվեր Ավետիսյանի զորամասից են: Ստացվում է, որ շուրջ մեկ շաբաթվա մեջ նույն զորամասում զինվորներից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, որին կարողանում են փրկել, իսկ, ահա, մյուս զինվորները ինքնասպան են լինում: Ի՞նչ է մտածում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը. վերջինիս լրատվական բաժինը, իր հիմնական պարտականությունը թողած, երեկ զբաղված էր քաղաքական հայտարարություն անելով, ինչը իր գործառույթների մեջ չի մտնում: Ի՞նչ իրավունքով է ԳՇ-ն քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում՝ թողած իր հիմնական գործը, այն է` Զինված ուժերում իրավիճակը հսկողության տակ պահելը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱԼԸ ՊԵՏՔ Է
ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։ Գործող օրենսդրական կարգավորմամբ՝ երբ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։ ԲՀԿ-ն առաջարկել էր սահմանել միայն վարչական տուգանք՝ 20 հազար դրամ՝ հանելով բալը։ Պապոյանն առաջարկը բազմակողմանի քննարկել է, բայց եկել է եզրակացության, որ բալը եւս պետք է պահել։

 

 

 

ԿԱՐՃՎԵԼ Է
«Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ կողմից նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հունվարի 22-ին կարճվել է. այս մասին հայտնել է Վ. Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին ՔԿ-ն հայտնել էր, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսեւորումներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Հարուցվել է նոր քրեական գործ։

 

 

 

ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
Ադրբեջանցի Սամիր Մամադովը «Թվիթեր»-ում գրառում է կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Գրառումն այնուհետեւ ջնջվել է։ Թեմայի վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետեւ ջնջված անձնական գրառումներին։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրշիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված եւ այլ ներկայացուցիչների հետ, այն է՝ Արցախի իշխանությունների եւ քաղհասարակության հետ»։




Լրահոս