Ամիսներ հետո կմեկնարկի տարվա ամենասպասված ֆուտբոլային միջոցառումը՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել տարվա գլխավոր ստուգատեսի մասնակիցներին՝ իրենց հաղթելու հնարավորություններով։
Արդեն անդրադարձել ենք F խմբում («Մահվան» խումբ) հանգրվանածներից երկուսին՝ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիային եւ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային։ Այսօր հերթը աշխարհի նախկին չեմպիոն Գերմանիայինն է։ Բունդեսթիմը 2014 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո չի կարողանում գտնել իր խաղը եւ չի կարողանում արդյունք գրանցել։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ գերմանացիները 0։2 հաշվով պարտվեցին հենց Ֆրանսիային եւ դուրս մնացին կիսաեզրափակչից։ Դրանից հետո գերմանական «մսաղացը» դուրս մնաց աշխարհի առաջնության խմբային փուլից՝ տեղը զիջելով Մեքսիկային եւ Շվեդիային, իսկ Ազգերի լիգայում Յոհախիմ Լյովի տղաները խմբում գրավեցին վերջին տեղը։
Ահա այսպես են դասավորվել գերմանացիների գործերը վերջին 3 միջազգային մրցաշարերում։ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հնարավորություն կտա Լյովի թիմին վերադարձնել սասանված հեղինակությունն ու կրկին դառնալ աշխարհի բոլոր հավաքականների ահն ու սարսափը։ Եվրոպայի 2020 թվականի նախընտրական փուլում գերմանացիները շատ հաջող հանդես եկան եւ կարողացան իրենց խմբում վաստակել 21 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։ «ԵՎՐՈ»-ի եզրափակիչ փուլում Բունդեսթիմը հայտնվել է մահվան խմբում, որտեղ առաջինը կմրցի Ֆրանսիայի, ապա Պորտուգալիայի հետ։ Եթե համեմատում ենք այս երեք թիմերի կազմերը, որքան էլ զարմանալի է, ամենաթույլը գերմանացիներն են, իսկ խմբից դուրս գալու ֆավորիտները՝ Պորտուգալիան եւ Ֆրանսիան։ Նայելով թիմի կազմին՝ կարող ենք այսպես ասել, բայց Գերմանիան մնում է Գերմանիա իր ֆանտաստիկ մարզչի՝ Յոհախիմ Լյովի հետ միասին։ Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էինք Ֆրանսիայի հավաքականին եւ նշել, որ «Աքաղաղների» համար կարող է այս առաջնությունը չստացվել մոտիվացիայի պակասի պատճառով. հենց այդ պատճառով Գերմանիան 2014 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո չի կարողանում ուշքի գալ։ Հիմա ամեն ինչ ուրիշ է, եւ եթե ինչ-որ թիմ ունի մոտիվացիայի մեծ չափաբաժին, ապա դա հենց Գերմանիան է։
Աշխարհի նախկին չեմպիոնների կազմը շատ փոփոխությունների է ենթարկվել վերջին տարիների ընթացքում եւ ապրել է սերնդափոխություն։ Հնաբնակներից, ամենայն հավանականությամբ, հայտացուցակում կլինեն Մանուել Նոյերը, Էմրե Ջանն, Իլկայ Գյունդողանը եւ Մարկո Ռոյսը, եթե վնասվածք չունենան։ Խոսելով հնաբնակների մասին՝ պետք է մի պահ կենտրոնանանք թիմի հենասյուն, ավագ եւ առաջատար Մանուել Նոյերի վրա, քանի որ, ինչքան էլ զարմանալի հնչի, Նոյերը կարող է Եվրոպայի այս առաջնությունում լինել ԳԵրմանիայի ձախողման պատճառը, ավելի կոնկրետ՝ Մանուել Նոյեր-Մարկ Անդրե Տեր Շտեգեն դիմակայությունը։ Մանուել Նոյերը արդեն արտահայտվել է այս հարցի շուրջ եւ նշել, որ չի պատրաստվում մեկնարկային տեղը զիջել ոչ մեկի։ Գերմանացու ակումբը՝ «Բավարիան», իր հերթին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ու նշել, որ եթե Նոյերը չլինի հավաքականի հիմնական դարպասապահը, ապա թիմը այլեւս ոչ մի ֆուտբոլիստ չի տրամադրի ազգային ընտրանուն։
Ահա այսպիսի նախազգուշացում՝ Յոհախիմ Լյովին։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ Տեր Շտեգենի ու Մանուել Նոյերի հարաբերությունները լարված են, իսկ այդ փաստը միանշանակ կարող է նպաստել Բունդեսթիմի վատ ելույթներին։ Ինչպես միշտ, այնպես էլ հիմա Գերմանիայի հավաքականի կորիզը կազմում են «Բավարիայի» ֆուտբոլիստները՝ Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Լեոն Գորեցկաշ, Նիկլաս Զուլյե եւ Սերժ Գնաբրի։ Պատկերացնում ենք՝ ինչ կկատարվի, եթե «Բավարիան» որոշի այս ֆուտբոլիստներին բաց չթողնել հավաքական։ Բացի վերը նշված ֆուտբոլիստներից, գերմանացիների կարեւորագույն խաղացողների շարքին են դասվում նաեւ Լերոյ Սանեն, Մարկո Ռոյսը, Կեւին Բրանդտը, Տոնի Կրոսն ու Տիմո Վերները։ Մի փոքր խոսենք Գերմանիայի ազգային հավաքականի եւ «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների մասին։ Վերջինս հրաշալի է կարողանում խաղալ իր ակումբում, սակայն ոչնչով աչքի չի ընկնում հավաքականում արդեն երկար տարիներ։ Յոհախիմ Լյովը դեռեւս չի կարողանում գտնել Վերների ուժեղ կողմերը եւ օգտագործել դրանք։ Վերների խաղալու պարագայում Գերմանիայի ազգային հավաքականի հարձակման գիծը ստանում է շատ անատամ տեսք։ Լյովը, ամեն դեպքում, գտել է այս խնդրի լուծման բանալին՝ հարձակման կրակագծում օգտագործելով Սերժ Գնաբրիին։ Վերները կորցրել է տեղը մեկնարկային կազմում, բայց այն կարող է վերգտնել նախքան «ԵՎՐՈ»-ի մեկնարկը սպասվելիք ընկերական հանդիպումների միջոցով։
Այսքանը կարող ենք ասել ԳԵրմանիայի ազգային հավաքականի մասին։ Կարծում ենք՝ Լյովն ու իր տղաները ֆավորիտ չեն, բայց ի զորու են դուրս գալ «մահվան» խմբից գոնե 3-րդ հորիզոնականով։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ին բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթեւեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Երեկ փակ են եղել Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային միջոց՝ 8 մարդատար եւ 50 բեռնատար, իսկ Սիսիան քաղաքի կողմից՝ 125 տրանսպորտային միջոց՝ 6 ավտոբուս, 84 բեռնատար, 35 մարդատար: