«ՍԻՐՈ ՀԱՐՑՈՒՄ ՆՎԻՐՎՈՂ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերսանուհի Փառանձեմ Սահակյանն է: Մենք անդրադարձել ենք նրա բնավորության գծերին, սովորություններին, կենսակերպին: Դերասանուհին նշել է, թե ինչպիսին է սիրո հարցում, ինչից է վախենում կյանքի այս փուլում, եւ ինչ է փոխվել իր կյանքում հայտնի դառնալուց հետո:

-Փառանձե՛մ, հավատալ ճակատագրի՞ն, թե՞ սեփական ուժերին:
-Հավատալ սեփական ուժերին՝ չմոռանալով, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում:
-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…
-Աստված կա:
-Կինոմա՞ն եք:
-Այո: Վերջին ֆիլմերը, որոնցով տպավորվել եմ, այս տարի ներկայացված էին «Օսկար»-ի: Դրանցից մեկը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն է, մյուսը՝ «Մակաբույծները», որն իսկապես արժանի էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Առաջին անգամ օտարալեզու ֆիլմը ճանաչվեց լավագույնը: Այն ունի խորը փիլիսոփայություն, դաստիարակչական բնույթ:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:
-Կյանքի տարբեր փուլերում լինում են դժվարություններ, բայց կարեւորն այն է, որ ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ, գտնես օպտիմալ լուծում, այդ դեպքում դուրս կգաս ցանկացած իրավիճակից: Պարզապես պետք է հավատալ սեփական ուժերին եւ այն գերբնական ուժին, որն օգնում է մեզ ամեն քայլափոխի:
-Կա՞ մի բան, որ կարգելեք Ձեր երեխաներին:
-Դիտել անորակ հաղորդումներ եւ ֆիլմեր: Բայց եթե մի բան շատ է արգելվում երեխային, նրա մոտ հակառակ ռեակցիա է առաջանում: Ես կփորձեմ փոքրուց երեխայիս մեջ սերմանել լավը, որպեսզի նրանք անորակ պրոդուկտի նկատմամբ հետաքրքրություն անգամ չցուցաբերեն:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ են եղել:
-Որ ասեմ՝ ամեն քայլափոխի ունեցել եմ հարվածողներ, սուտ կլինի, բայց մարդկանց կյանքում մակաբույծներ չեն կարող չլինել, ուղղակի պետք է իրավիճակից դասեր քաղենք ու հասկանանք, որ նրանք հայտնվել են մեր կյանքում շատ բաներ արժեւորելու եւ հասկանալու համար:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Ես իմ տեսակով նվիրվող եմ, եթե զգում եմ, որ դիմացինս փոխադարձում է ինձ: Պետք է միշտ հիշել, որ նվիրվելու դեպքում էլ գոյություն ունի չափ, եւ երբ անցնում ես այդ չափը, վնասում ես ե՛ւ քեզ, ե՛ւ նրան, ում սիրում ես:
-Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եք…
-Ինձ՝ ինչ-որ միջոցառումների ժամանակ: Թաղի մեծերն էլ հավաքվում էին, որ դիտեն դրանք:
-Երբեւէ կատարե՞լ եք աշխատանք, որը դերասանական արվեստի հետ կապ չունի:
-Այո, իհարկե, շատ, հատկապես այն շրջանում, երբ նոր էի Երեւան տեղափոխվել: Ինձ համար ցանկացած աշխատանք, որը դեմ չէ բարոյական իմ սկզբունքներին, ընդունելի է: Ամոթ է չաշխատելը: Աշխատել եմ ապահովագրական ոլորտում, նաեւ որպես մենեջեր: Շատ բան եմ սովորել, այդ գիտելիքներս կիրառում եմ նաեւ իմ ոլորտում:
-Ի՞նչ խոստովանություն կանեք մեկին, ում ծանոթ եք դպրոցական տարիներից:
-Կուզենայի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուս ասել շնորհակալություն: Գուցե նա չգիտի, բայց այդ առարկայի հանդեպ իմ սերը հենց նա է արթնացրել:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Վախենում եմ առանց գիտակցելու նեղացնել հարազատ մարդկանց:
-Երեխաներ ունենալ կյանքում հետք թողնելո՞ւ համար, թե՞ որ վաղը Ձեզ ջուր տվող լինի:
-Շարունակություն ունենալու համար: Ամեն մարդ, որը ծնվում է, իր շարունակությունը պետք է ունենա, բայց եթե դու չունես այն գիտակցումը, թե ինչպես պետք է պահես, դաստիարակես երեխայի, ավելի լավ է՝ չունենաս, չվնասես նրան: Երեխա պետք է ունենալ այն դեպքում, երբ պատրաստ ես պատասխանատվություն կրել:
-Ձեր ամենահաջողված դերը ո՞րն եք համարում:
-Հաջողված եւ չհաջողված դերեր ինձ համար չկան: Չեմ կարող մեկն առանձնացնել: Լավագույնն է այն դերը, որը խաղում եմ այդ պահին:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:
-Ամեն քայլափոխի հանդիպում եմ ժպտացող դեմքերի, ինչը հաճելի է, բայց Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ հայտնիությունը լուրջ բան է փոխում քո կյանքում:
-Հոգնածությունը թոթափելու համար նախընտրում եք այցելել փաբե՞ր, թե՞ բնության գիրկ:
-Բնականաբար, նախընտրում եմ գնալ բնության գիրկ:
-Ո՞ր քաղաքն է Ձեզ ամենաշատը տպավորել:
-Դեռ շատ չեմ ճամփորդել, բայց կցանկանամ անպայման լինել Հռոմում:
-Անիմաստ է ապրել առանց…
-Հարազատ եւ սիրելի մարդկանց:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԷԼ Է ՀԱՆԵԼՈՒԿ, ԹԵ ԻՆՉՈՒ ՉԵՆ ԿԱՆՉՈՒՄ»

«Անուղղելիները» հեռուստասերիալի ավարտից հետո արդեն ավելի քան մեկ տարի է՝ դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանին էկրաններին չենք տեսնում:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց պատճառների մասին. «Սերիալներից առաջարկներ առայժմ չկան, պատճառը չեմ կարող ասել. ինձ համար էլ է հանելուկ, բայց ոչինչ, տաշած քարը գետնին չի մնում, կարծում եմ՝ մի օր կստանամ առաջարկ: Խաղում եմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, բացի այդ, ունեմ մտքեր, որոնք հանձնում եմ թղթին. գուցե հետագայում մանրապատումների շարք ստեղծվի: Հիմա Արթուր Հակոբյանի հետ հանդես ենք գալիս երգերով շաղախված բեմական մանրապատումներով, որոնք, ի դեպ, նաեւ ուսուցողական բնույթ են կրում, բացի այդ, առջեւում էլի նոր ծրագրեր են սպասվում: Սքեչերը ոչ միայն ստեղծագործելու, այլեւ գումար աշխատելու հնարավորություն են տալիս: Իմ այժմյան գործունեությունը գուցե այնքան էլ չի բավարարում ինձ, բայց ես գիտեմ, որ ամեն բան առջեւում է, լավ է լինելու»,- մեկնաբանեց դերասանուհին:
Հարցին, թե մտավախություն ունի արդյոք, որ իրեն կարող են մոռանալ, Մարգարիտ Խաչատրյանը պատասխանեց. «Բնավ չունեմ նման մտավախություն: Ժողովրդի արձագանքներն իմ նկատմամբ մինչեւ այսօր շատ ջերմ են ու տաք: Եթե էկրանային հարմար առաջարկ լինի, անշուշտ կընդունեմ այն: Ես իմ գործը շատ եմ սիրում, լրջորեն եւ բծախնդրորեն եմ վերաբերվում դրան: Պարզապես դեռ չի հասունացել այն պահը, որ ինձ կրկին հրավիրեն որեւէ նախագծում նկարահանվելու: Ես բազմապրոֆիլ դերասանուհի եմ, բայց եթե ռեժիսորներն ու պրոդյուսերները կարծում են, որ կան ինձնից լավերը, թող նրանք ընդգրկվեն նախագծերում»:
Նշենք, որ Մարգարիտ Խաչատրյանը նկարահանվել է մի շարք հումորային հեռուստանախագծերում, նա կատարում է նաեւ էստրադային երգեր: Հեռուստադիտողները դերասանուհուն հիշում են հատկապես «Վերվարածները» եւ «Անուղղելիները» սերիալներից:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՉԵԼՍԻ»
Հոլանդական «Այաքսի» մարոկացի կիսապաշտպան Հակիմ Զիեխը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի». այս մասին տեղեկացնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստը «կապույտների» շարքերը կհամալրի հուլիսին։ Նշվում է, որ Զիեխի տրանսֆերի դիմաց լոնդոնցիները ամստերդամյան ակումբին վճարել են 40 մլն եվրո, որը պայմանագրում նշված կետերով կարող է աճել եւ հասնել 44մլն եվրոյի։ Զիեխը «Այաքսի» կազմում դարձել է 50 գոլի հեղինակ եւ կատարել 83 արդյունավետ փոխանցում։

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին կարողացավ վարձակալել չինական «Շանհայ Շենուայի» նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոյին։ Ինչպես տեղեկացնում են անգլիական հեղինակավոր լրատվամիջոցները, Իգալոն դեռեւս չի մասնակցել անգլիական ակումբի ընդհանուր խմբի հետ մարզումներին եւ նույնիսկ չի մեկնել ուսումնամարզական հավաքի։ Պատճառը Անգլիայի օրենքներն են, որոնցից մեկի համաձայն՝ Չինաստանից ժամանածները պետք է 14 օր մեկուսացված լինեն կորոնավիրուսի վտանգի պատճառով։ Իգալոն արդեն 11 օր է, ինչ Անգլիայում է, եւ, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ հանդիպմանը։

ԷԴՄՈՆ ՄԱՐԻՏՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՆԱԿՆԿԱԼ
Սիրո տոնի կապակցությամբ Beeline-ը անակնկալներ է պատրաստել բաժանորդների համար: Beeline-ը հայտարարում է «Սերը դա…» առաջարկի մեկնարկի մասին, որը թույլ է տալիս կանխավճարային բաժանորդներին 3 օրով ակտիվացնել առանց արագության սահմանափակման ինտերնետ՝ 500 դրամ վճարի դիմաց։ Ինտերնետ փաթեթը տրամադրում է 2 ԳԲ ինտերնետ, որից 1 ԳԲ-ը տրամադրվում է ակտիվացնող համարին, իսկ մյուսը բաժանորդը հնարավորություն է ստանում փոխանցել մեկ այլ համարի: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ։ Beeline-ը, Սիրո տոնին ընդառաջ, եւս մեկ անակնկալ է պատրաստել. փետրվարի 10-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 033 կոդով «Գեղեցիկ համարներ»-ը bid.beeline.am կայքում վաճառվելու են մինչեւ 40% զեղչով։ «Մոտենում է տարվա ամենառոմանտիկ եւ գեղեցիկ սիրո տոնը: Beeline-ում մենք որոշեցինք մեր հաճախորդներին անակնկալ մատուցել, որպեսզի սիրելիի հետ կապի մեջ լինելը է՛լ ավելի հարմար եւ հաճելի լինի, իսկ զգալի զեղչերը 033 կոդով «Գեղեցիկ համարների» համար կօգնեն սիրելիին մատուցել յուրահատուկ եւ ցանկալի նվեր»,- ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ինտերնետ փաթեթը կարելի է ակտիվացնել մինչեւ 2020 թվականի փետրվարի 23-ը՝ հավաքելով *1414# USSD հրահանգը, իսկ նվեր փաթեթը կարելի է փոխանցել *2020*նվեր ստացողի հեռախոսահամրը# հրահանգի միջոցով:

 




Լրահոս