Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ Դատական օրենսգրքի եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ այս մասին տեղեկացրել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ընդգծել՝ քննարկումը լինելու է վեթթինգի մասին օրենքի շուրջ: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվել էին բուն վեթթինգի գաղափարից, սակայն հիմա իմքայլական պատգամավորը կրկին նման որակում է տալիս: Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ` ասելով, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի։ «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – նշել էր վարչապետը: Եվ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն խմբակցությունն այդպես էլ ամբողջական տեսքի չբերեց այն, քանի որ ընթացքում իշխանությունը միտքը փոխեց եւ որոշեց, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կառողջացներ նաեւ դատական համակարգը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս իշխանության ներկայացուցիչները հաճախ են այս թեմայի շուրջ քննարկումներ ունեցում եւ, ի վերջո, կրկին հանգել են վեթթինգի գաղափարին: Թե ինչ կտան այս քննարկումները եւ ինչպես կկարողանան առողջացնել դատական համակարգը, ցույց կտա ժամանակը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են իրականացնում՝ հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը։ Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում: ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, եւ դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել. ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ: Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, ապա դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի: Հավելենք, որ 2018թ.-ին ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս:
Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն եւս որոշեց մաս չկազմել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի: Նման որոշում կուսակցությունը կայացրել է երեկ քաղխորհրդի նիստում: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ քաղխորհրդի դռնփակ նիստից: Մեր տեղեկություններով՝ նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանը խոսք է ուղղել ներկաներին՝ ասելով, թե արդեն պարզ է՝ ինչի համար են հավաքվել, ինչ են քննարկելու, եւ առաջարկել է ներկայացնել իրենց տեսակետները։ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ասել է, թե հակված էր «Այո»-ի կողմնակից լինել, եթե իշխանություններն ընդունած լինեին ԲՀԿ-ի առաջարկները: Բանն այն է, որ ԲՀԿ-ն առաջարկել էր գոնե մեկ շաբաթով հետաձգել քննարկումները ու բերել նոր նախագիծ՝ իրավական առումով ավելի ամուր, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու իմքայլականներն ասել են, թե իրենք մեկ շաբաթ չեն կարող սպասել. ժամանակ չունեն։ Եվ հենց այս հանգամանքն էլ դուր չի եկել Ծառուկյանին: Բացի այդ, տեսակետներ են հնչել, թե «Այո»-ին մասնակցելը կարող էր դիտվել թուլության կամ վախի նշան՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի «սպառնալից» ելույթները, իսկ «Ոչ»-ից լինելով էլ՝ ծառայություն կմատուցեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ վերջինիս արածներն իրենց վրա վերցնելով: Արդյունքում ԲՀԿ-ն որոշել է չեզոք մնալ:
Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարից մինչեւ փետրվարի 14-ը Արցախի եւ Հայաստանի ԶՈՒ-երում գրանցվել է զինծառայողների մահվան 11 դեպք: Վերջին զոհը փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանն է: Այս դեպքերից հետո բարձրացվեց ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի հարցը: Մասնավորապես, այդ հարցը փետրվարի 12-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, բարձրացրեց նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իսկ իրավապաշտպանների կողմից, ըստ էության, մեղադրանքներ էին ուղղվել նաեւ Ա. Բաղդասարյանին այն բանի համար, որ վերջինս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի եւ այնպես է արել, որ նրա որդու՝ Դավիթ Մովսիսյանի մասով բողոքին ընթացք չտրվի: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ոազմական ոստիկանության պետին, որը հայտնեց. «Պաշտպանության բանակը, այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով: Մենք ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան»: Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանի որդու զորամասի հետ կապված ահազանգ եղել է դեռ Վահրամ Ավագյանի դեպքից ամիսներ առաջ, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել էր կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով։