ԴԵՌ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ. ՄԱՐԴԻԿ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարի 13-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ հարյուրից ավելի իրավաբաններ եւ իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էին հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է թե՛ բովանդակային եւ թե՛ ընթացակարգային առումներով: «Ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, եւ այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը «ՈՉ» քարոզչական կողմ ձեւավորելու ցանկություն չեն հայտնել»,- նշել էր իրավապաշտպանը եւ տեղեկացրել, որ իրենք ստանձնում են «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե ովքեր են միացել իր նախաձեռնությանը, եւ ինչ քայլեր են պատրաստվում առաջիկայում իրականացնել:
-Պարո՛ն Մելիքյան, արդեն հայտարարել եք, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի օրը Դուք լինելու եք «Ոչ» կարծիքների հանրային պաշտպանը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այս ուղղությամբ, ովքե՞ր են Ձեր թիմակիցները, ի՞նչ փուլում են Ձեր աշխատանքներն այս ուղղությամբ:
-Մենք կոնսուլտացիաների մեջ ենք, շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունենում իրավաբանական համայնքի շրջանակներում, տարբեր կարծիքներ են հնչում: Մենք արդեն ունենք մարդիկ, ովքեր միանշանակ համախոհ են այս գաղափարին, որ երեկ ներկայացվեց մեր կողմից: Գործընթաց է, որ գնում է, ու դեռ մի քանի օր ժամանակ կա, որը պետք է ֆորմալ առումով սպասել, որովհետեւ օրենքի կարգավորումից ելնելով՝ մինչեւ երկուշաբթի օրը ներառյալ նախապատվություն ունեցող պատգամավորները կարող են դիմել եւ իրենք ստանձնել «ՈՉ»-ի քարոզչական կողմը: Խոսքը վերաբերում է տվյալ նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորներին, որոնք մենք գիտենք, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում: Բայց օրենքի պահանջն է, եւ մի քանի օր կա, որը մենք կօգտագործենք այս կոնսուլտացիաների համար:
-Իսկ արդեն շա՞տ թիմակիցներ ունեք, ովքեր համախմբվել են «Ոչ» կարծիքների շուրջ. ովքեր են իրենք՝ կտեղեկացնե՞ք:
-Ես ուզում եմ հատուկ նշել, որ սա հավաք չէ իմ շուրջ, այլ սա գաղափարի շուրջ հավաք է, եւ ես որեւէ կասկած չունեմ, որ օրենքով սահմանված իրավաբաններ կգտնվեն, որ այս գաղափարին կմիանան: Բայց կարեւոր է նաեւ հակառակ մոտեցումը. կա մոտեցում նաեւ, որ, առհասարակ, ցանկալի չէ այս գործընթացը իրականացնել հենց իրավաբանների մեջ, ի դեպ, հենց այն մարդկանց մեջ, ովքեր որ ստորագրել են այդ 132 իրավաբանների ու իրավապաշտպանների անունից հանրապետության նախագահին ուղղված խնդրագիրը: Այդ թվում կան մարդիկ, ովքեր հրապարակավ այն կարծիքին են, որ այս գործընթացը ճիշտ չէ. դա էլ մոտեցում է, այսինքն՝ խորհրդակցություններ են ընթանում:
-Քարոզարշավի մեկնարկի ժամանակ Դուք քարոզելու եք, որ քաղաքացիները «ՈՉ» քվեարկե՞ն, թե՞ ընդհանրապես բոյկոտեն հանրաքվեն ու չմասնակցեն: Ինչպե՞ս է լինելու Ձեր քարոզարշավը:
-Երբ կգա ժամանակը քարոզարշավի, այդ ժամանակ կլսեք մեր ուղերձները: Մեր մոտեցումը բացատրվում է մեր հայտարարությամբ, մենք առաջին հերթին հարթակ տրամադրող ենք լինելու: Մենք հարթակ ենք տրամադրում այն ուժերին, որոնք որ հավասար հնարավորությունների իրավունքներ ունեն մեր երկրում: Սա իրավական խնդիր է առաջին հերթին, եւ երկրորդը՝ մենք տրամադրելու ենք վերահսկողական հնարավորություններ բոլոր այն ուժերին, որոնք որ վերահսկողական ռեսուրսներ ունեն, որովհետեւ եթե չձեւավորվի «ՈՉ» քարոզչական կողմ, կամ «ՈՉ» քարոզչական կողմը ստանձնի մի ուժ, որը որեւէ առնչություն չունի այս գործընթացի հետ, օրինակ՝ երբեւէ հրապարակավ չի հայտարարել, որ այս գործընթացը հակասահմանադրական է կամ սխալ է, ապա մենք կունենանք ուղղակի այն աստիճան խճողում, այնպիսի վիճակ, որը ավելի մեծ հարված կլինի մեր պետականության համար: Թեեւ ռիսկերը մեծ են, մենք պատրաստ ենք այս հարվածները կրել այն պարզ պատճառով, որ մենք քաղաքական գործիչներ չենք: Ես ուզում եմ ընդգծել, որ սա քաղաքական հայտ չէ, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ եղել որեւէ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ ու վաղն էլ չեմ պատրաստվում քաղաքական գործունեությամբ զբաղվել:
-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը նշանակել է հանրաքվեի օր, բայց նպատակ ունի քննարկումներ սկսել հասարակական, քաղաքական ուժերի, մասնագիտական համայնքի հետ: Դուք պատրաստվո՞ւմ եք քննարկումներ ունենալ նախագահի հետ՝ Ձեր դիրքորոշումների հետ կապված:
-Ես չգիտեմ հանրապետության նախագահի ծրագրերը, բայց անմիջապես, երբ լուրը տարածվեց, որ հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան որոշումը՝ հանրաքվե նշանակելու մասին, ես հանդես եմ եկել հրապարակավ, հայտարարել եմ, որ այլեւս որեւէ հույս՝ հակասահմանադրական իրավիճակում ուղղելու առումով, չկա: Այս տեսանկյունից որեւէ բան չի փոխվել, ես այս հարցը որեւէ հնարավորություն չեմ տեսնում քննարկելու: Եթե հանրապետության նախագահը տեսնում է, որ հնարավորություն կա այս հարցը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի առջեւ, դա կարող է անել առանց որեւէ խորհրդակցության:

 

 

 

ՎԵԹԹԻՆԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՒ» ՈՐՈՇՈՒՄ ԿԱ

Դեռեւս մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով. «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել, եւ որոշել են փետրվարի 25-ին խորհրդարանական լսումներ կազմակերպել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են Սահմանադրական դատարանի «հարցերը լուծելուն» զուգահեռ «վիրահատական միջամտության» ենթարկել նաեւ դատական համակարգն ամբողջությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս հաճախ են այս թեմայի շուրջ իշխանությունները քննարկումներ ունենում ու հանգել են այն եզրակացության, որ պետք է դատական համակարգը ենթակել վեթթինգի:
Նշենք, որ մայիսին վարչապետն իր ելույթում նշել էր նաեւ, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա՝ դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջնական տեսքի չբերվեց, քանի որ իշխանությունները կարծում էին, որ դատավորների հարցերը կարելի է լուծել սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կնպաստեր նաեւ դատական համակարգի առողջացմանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ երկար քննարկումներից հետո իմքայլականները կրկին եկել են այն եզրակացության, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին. պետք է լինի վեթթինգ: Մենք տեղեկացանք, որ խորհրդարանական լսումները նախագահելու է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, եւ արդեն որոշում կա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրելու խորհրդարան՝ քննարկում ունենալու համար: Բայց թե այս անգամ նշված հանձնաժողովին կհաջողվի ինչ-որ արդյունք ունենալ, դժվար է ասել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎԱՑԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի, եւ նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործերը վերջին շրջանում բավականին լավացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացրել է հարկային վճարումները: Նշենք, որ գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, մեկ տարվա ընթացքում ավելի քան 894 մլն 164 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 1 մլրդ 448 մլն դրամ, իսկ 2018 թվականին «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 553 մլն 836 հազար դրամ:

 

 

 

ՆՈՐ ԼՍՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Ըստ մեր տեղեկությունների՝ լսումները լինելու են «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով: Նախատեսված է, որ լսումները նախագահելու են Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Իմքայլական պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին հստակեցվում են օրակարգային հարցերը, ելույթները: Պատգամավորն ասաց որ այս պահին նախատեսված է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ելութը խորհրդարանում:

 

 

 

ՆՈՐ ՁԵՎ
Հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 31-ը պետք է ներկայացնեն իրենց գույքի եւ ունեցվածքի մասին տվյալները: Եվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվել եւ կառավարության կողմից հաստատվել է հայտարարագրման նոր կարգը: Ըստ այդմ, հաստատվել է պաշտոնյայի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրի օրինակելի ձեւը: Հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք եւ նրանց ընտանիքի անդամները:




Լրահոս