«ՑԱՆԿԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԴԵՊՔԸ ՑԱՎԱԳԻՆ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե նա ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի եւ այնպես է արել, որ նրա որդու՝ Դավիթ Մովսիսյանի մասով բողոքին ընթացք չտրվի, հայտնեց. «Պաշտպանության բանակը, այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով: Մենք ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2020 թվականի հունվարից մինչեւ փետրվարի 12-ը բանակում ունեցել ենք 10 զոհ: Եվ այս դեպքերից հետո բարձրացվեց ռազմական ոստիկանապետի պաշտոնանկության հարցը: Բանակում ոչ մարտական հանգամանքներում եւ ոչ թշնամու գնդակից վերջին 43 օրում ունեցանք 10 զոհ, 5 վիրավոր, իսկ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը գեներալ-մայորի կոչում ստացավ։
Այսպիսով, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռազմական ոստիկանապետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ է կատարվում բանակում, գրեթե ամեն օր ողբերգական դեպքեր են արձանագրվում:
-Կներեք, ես չեմ կարող խոսել, մենք մեր ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում, ցավագին ենք տանում ամեն զինվորի դեպքը: Մի՛ խանգարեք, թողեք՝ մենք մեր աշխատանքը իրականացնենք:
-Բայց Ձեզ են մեղադրում տարբեր դեպքերի մասով։ Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ: Ձեզ մեղադրում են վերջինիս որդու գործողություններին ընթացք չտալու համար: Ինչպես գիտեք, վերջինիս որդուն կալանավորել են ՊԲ զորամասի զինվոր Վահրամ Ավագյանի մահվան գործով: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ մինչեւ այս զինվորի մահը՝ դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին, ՊՆ-ի թեժ գիծ ահազանգ է եղել, որ ԱԺ նախկին պատգամավորի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, նեղացնում է զինվորներին: Ահազանգը ուղարկվել է Ռազմական ոստիկանություն, եւ ասում են, որ Դուք եք այնպես արել, որ այս գործը փակվի:
-Պաշտպանության բանակը, այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով: Ավելին, Ձեզ հայտնեմ՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազը, Զինդատախազությունում ամփոփելով տարին, մեր Ռազմական ոստիկանության շատ աշխատակիցների պարգեւներ է հանձնել: Մենք, կրկնում եմ, ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ, ահա, Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան:
-Ձեր հարցը բարձրացվեց Ազգային ժողովում, թե բանակում ոչ մարտական հանգամանքներում վերջին 43 օրում ունեցել ենք 10 զոհ, իսկ, ահա, ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի կոչում են տալիս:
-Ես 88 թվականից սպա եմ, 31 տարեկանում գնդի հրամանատար եմ եղել եւ շատ լավ տիրապետում եմ զինվորական կյանքին: Այդ հարցի հետ կապված՝ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ խնդիրը հասկանալու համար այսօր պետք է գնանք ու տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում: ՀՀ վարչապետը շատ լավ տիրապետում է իրավիճակին եւ շատ լավ գնահատական տվեց: Ես կրկնում եմ՝ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ անում է բանակում կարգազանց զինվորներին պատասխանատվության կանչելու համար: Ավելին՝ Ձեզ հայտնեմ՝ մենք մեզ ռեկլամ չենք անում, բայց Ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ այս օրերին տարբեր զորամասերում այցելություններ են կատարում: Խնդրում եմ, չկապեք այդ դեպքերի հետ։ Ես էլ երեք օրով գնում եմ Պաշտպանության բանակ. դա, կրկնում եմ, մի՛ կապեք այս վերջին դեպքերի հետ, դա մեր ամենօրյա աշխատանքն է, որը կատարում ենք: Ավելին՝ Ձեզ ասեմ՝ զորամասերի հրամանատարների հետ Ռազմական ոստիկանությունը համատեղ զբաղվում է կարգազանց զինվորների մասով, եւ արվում են կոնկրետ աշխատանքներ: Կներեք, այլ բան չեմ կարող ասել:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Առաքել Մովսիսյանի որդու զորամասի հետ կապված ահազանգ եղել էր դեռ Վահրամ Ավագյանի դեպքից ամիսներ առաջ, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել էր կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ԱՍԵԼ ԵՆ՝ ԳՐԵ՛Ք
Փետրվարի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում, որին ներկա էր եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ամփոփվել է 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազորների դատախազները, ինչպես նաեւ ներկայացուցիչներ՝ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ՝ արձանագրվել է հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում: Ավելին, գլխավոր դատախազը մի շարք հանձնարարականներ էր տվել դատախազներին:
Սակայն նկատենք, որ այս հանդիպումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Զինդատախազությունում սկսել է փոփոխությունների շարք: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Լոռու մարզի զինդատախազին եւ Արմավիրի մարզի դատախազներին ասել է՝ դիմում գրե՛ք, ազատվե՛ք: Ավելին՝ դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ դատախազը վերոնշյալ պաշտոնյաներին այլ վարչություն է տեղափոխել։ Ի դեպ, սա միակ տեղափոխությունը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազը իրականացնում է Զինվորական դատախազությունում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Զինդատախազությունում սկսելով փոփոխությունների շարքը: Ի պատասխան՝ հայտնեցին. «Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Նախ՝ ՀՀ զինվորական դատախազությունում կադրային ընդգրկուն փոփոխությունների խնդիր դրված չէ, եւ չկա նման նախաձեռնություն: Ընդամենը ՀՀ գլխավոր դատախազի՝ 13.02.2020թ. հրամանով՝ Լոռու կայազորի զինվորական դատախազ Կարեն Հարությունյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում: Եվ դա ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեությանը նվիրված խորհրդակցության արդյունքներով բացարձակապես պայմանավորված չէ: Բացի այդ, ՀՀ զինվորական դատախազությունը Արմավիրում ստորաբաժանում չունի: ՀՀ գլխավոր դատախազի այլ՝ 11.02.2020թ հրամանով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ: Այս փոխադրումները բխում են դատախազության մարդկային ու մասնագիտական ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից, ինչը պարբերաբար իրականացվում է դատախազական համակարգում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՎՍ 6 ԱՆՁ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա՝ նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա նրա հետ միասին հեռացել շենքից: Ժամեր անց ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար եւ խոստովանել ենթադրյալ հանցագործությունը, ապա մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վերմիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

19 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով, 2019թ. ընթացքում առերեւույթ կոռուպցիոն դեպքերի հիման վրա, հարուցվել է 149 քրեական գործ: Նշված քրեական գործերից 91-ը հարուցվել է Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է կրթության, 21-ը՝ տեղական ինքնակառավարման, 12-ը՝ քաղաքաշինության, 3-ը՝ կադաստրային, 1-ը՝ զորակոչային, 6-ը՝ գյուղատնտեսության, 9-ը՝ բանկային եւ վարկային կազմակերպությունների, 14-ը՝ առողջապահության, 19-ը՝ սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, իսկ 10 դեպք վերաբերում է իրավապահ մարմիններում պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ հանցագործությունների կատարմանը: Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով՝ 91 տնտեսվարող սուբյեկտների դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

 

 

ԴԱՍԱԽՈՍԸ ԲՌՆՎԵԼ Է
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Երեւանի պետական համալսարանի դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին. «Երեւանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող եւ կազմակերպչատնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչեւ 8 հազար ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար»,- նշված է ԱԱԾ հաղորդագրությունում: ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի՝ միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 1000 դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել։ Հարուցվել է քրգործ։




Լրահոս