ՀԱՆՔԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ստուգել ցորենի, ալյուրի, մեդիա գովազդի եւ հանքարդյունաբերության ոլորտները: Հանձնաժողովը ուսումնասիրությամբ փորձելու է ներկայացնել շուկայի իրական պատկերը՝ տնտեսվարող սուբյեկտներից մինչեւ կենտրոնացվածության աստիճան, գերիշխող դիրք ու հակամրցակցային համաձայնություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը հունվարի 21-ի նիստում է քննարկել հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին հարցը: Նույն օրը քննարկվել է նաեւ ցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու մասին հարցը:
Ինչպես հայտնի է, հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային եւ ոչ պարենային ապրանքների շուկաներում, նաեւ տնտեսության այն ոլորտներում, որոնցում կա բարձր կենտրոնացվածություն, եւ հասարակության կողմից պարբերաբար մտահոգություններ են բարձրացվում՝ այդ ոլորտում առկա մրցակցային իրավիճակի վերաբերյալ: Պարզվում է՝ այդ ոլորտներից են ցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտները: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել ցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտները այդ շուկաների կառուցվածքի, կենտրոնացվածության աստիճանի գնահատման, հնարավոր անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին հայտնաբերելու, հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու, օրենքի հնարավոր խախտման հատկանիշները պարզելու, նաեւ մրցակցային իրավիճակը գնահատելու նպատակով:
Բայց սրան զուգահեռ նկատենք, որ հանձնաժողովը դեռեւս 2018 թվականի մարտին, երբ հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանն էր, վերջինիս հանձնարարականի հիման վրա ուսումնասիրել է ցորենի եւ ալյուրի շուկաները: Այս ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը հայտարարեց, որ ոլորտի կենտրոնացվածության աստիճանը նվազել է, եւ տնտեսվարողների թիվն ավելացել է: Բայց, կարծես թե, հանձնաժողովի ներկայիս ղեկավարությանը չեն գոհացրել Շաբոյանի կատարած ուսումնասիրության արդյունքները, եւ հանձն է առել ունեցած ռեսուրսները օգտագործել այս ոլորտը կրկին ուսումնասիրելու համար:
Ամենաուշագրավն այն է, որ ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում հայտնվել են հանքարդյունաբերող ընկերությունները: Ավելին, հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հույս ունի, որ կարող է ուսումնասիրության ընթացքում պարզել հանքերի իրական սեփականատերերին. չէ՞ որ տարածված կարծիք կա, որ հանքերի մեծ մասն ունի մի քանի սեփականատեր, կամ էլ իրական սեփականատերերը թաքնված են:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի խնդիր կա, որին բախվել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հայտնի է, որ հանք շահագործող բազմաթիվ ընկերություններ գրանցված են օֆշորային երկրներում, ինչը դժվարացնում է հանձնաժողովի մասնագետների հարցումների պատասխանները ստանալու գործընթացը. ՏՄՊՊՀ-ն ստիպված է լինում այլ գործիքներ կիրառել, որպեսզի ստանա այդ պատասխանները:
Թե հանքարդյունաբերության ոլորտում հանձնաժողովը երբ կավարտի ստուգումները, դեռեւս հայտնի չէ: Բայց մեզ հայտնի դարձավ, որ այն իրականում պայմանավորված է տեղեկությունների հավաքագրման հետ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել էր, թե ինչու կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը: «Մենք ընդունել ենք տարբեր օրենքներ, որոնցից է «Ընդերքի իրական սեփականատերերի մասին» օրենքը, բայց օրենքն ընդունելը մի բան է, վերջում պարզվում է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան դա անելու: Հիմա՝ հունվարի 30-ին, մենք պետք է արդեն ունենայինք հանքերի իրական սեփականատերերի տվյալները: Սկզբնական ժամկետը նոյեմբերի 30-ն էր, հետո հետաձգվեց հունվարի 30-ը: Չկա այդ ցանկը դեռ, եւ, բնականաբար, մենք պետք է այդ հարցերը տանք: Եթե մենք դա չենք կարողանալու անել, ավելի լավ է՝ ի սկզբանե ասենք՝ մենք տեխնիկապես այս ժամկետի մեջ չենք տեղավորվում»,- ասել էր Թունյանը:
Սակայն ի պատասխան Թունյանի հարցին՝ ֆինանսների նախարարն արձագանքել էր. «Իրականում ես տեղեկատվություն չունեմ, չեմ կարող հիմա ներկայացնել: Եթե հայտնի լիներ, որ այդ հարցը մենք այստեղ քննարկելու ենք, ենթադրում եմ, որ մենք ավելի պատրաստ կլինեինք պատասխանել»: Ասել է թե՝ հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու կառավարության խոստումն այդպես էլ մնում է օդում կախված:
Այսքանից հետո հարց է առաջանում՝ արդյոք կհաջողվի՞ ՏՄՊՊՀ-ին բացահայտել հանքերի իրական սեփականատերերին: Հետաքրքրիր է, թե ինչպես են ՏՄՊՊՀ մասնագետները իրենց աշխատասենյակներում, համակարգչի առաջ նստած, ստուգելու այդ շուկայի կառուցվածքը, գնահատելու կենտրոնացվածության աստիճանը, հայտնաբերելու հնարավոր անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին, բացահայտելու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին: Պարզ է, որ իրենց պահանջած փաստաթղթերը հանքերը կներկայացնեն խմբագրված՝ իրենց շահերից ելնելով: Այսքանից հետո հավանականությունը քիչ է, որ ՏՄՄՊՀ-ն ի վիճակի կլինի պարզելու օբյեկտիվ իրականությունը: Արդյոք ՏՄՄՊՀի համար հասանելի՞ է հանքի շահագործման ողջ գործընթացի թափանցիկությունը՝ ընդհուպ մինչեւ հանքահանման պրոցեսը: Մեզ մնում է հավատալ, որ ՏՄՊՊՀ-ի կողմից այս վերահսկողական գործունեությունը նպատակային է եւ շոու չէ:

 

 

 

 

«ԲՆԱԿԱՆ Է՝ ԳՅՈՒՂՈՒՄ ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱԿ ԿԼԻՆԻ, ՈՐ ԴԵՄ ԿԱՐՏԱՀԱՅՏՎԻ»

ՀՀ Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչները մեծ ոգեւորվածությամբ սպասում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. այդպես նկարագրեց Սարատակի գյուղապետը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանի հետ:

-Պարո՛ն Ղրզոյան, սարատակցիները ի՞նչ կարծիք ունեն սահմանադրական փոփոխությունների մասին:
-Բոլորն էլ կողմ են, համենայնդեպս, մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Բնական է՝ գյուղում երկու դաշնակ կլինի, որ դեմ կարտահայտվի (ծիծաղում է-Ս.Հ.):
-Մարդիկ ի՞նչ են խոսում՝ մեզ պետք չէ Սահմանադրական դատարանը ներկա կազմո՞վ, թե՞ ոչ:
-Հոգուդ մեռնեմ, հաշվի առնելով մեր իրավիճակը՝ որ Սահմանադրական դատարանի գործունեությունը, որ ձախողում է իշխանությանը, բնականաբար, ժողովուրդը երկու տարի է՝ տեսնում է, թե ինչ է լինում: Մենք գյուղում կուլտուրայի տուն ունինք, ժողովուրդն այնտեղ հավաքվում, քննարկում է այդ թեման… Ամեն տնից որ մի հոգի լինի, կլինի ամբողջ գյուղը: Բոլորը միաբերան ասում են, որ կողմ են:
-Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եթե տեղի ունենա, կմասնակցե՞ն:
-Իհարկե:
-Իսկ Դուք, պարո՛ն Ղրզոյան, մասնակցելո՞ւ եք հանրաքվեին, «այո՞» եք ասելու:
-Ես, բնականաբար, մասնակցելու եմ ու «այո» եմ ասելու: Մենք բավականին լուրջ զարգացած, նաեւ մեր առօրյայով եւ ներկայով ապրող մարդիկ ենք: Մեզ համար օրենքի գերակայությունը պարտադիր է:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՀԱՂԱՐԾՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ
«Հրապարակ» թերթում հոդված է հրապարակվել, որ Տավուշի մարզի Հաղարծնի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսին Մանուկյանն այդ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանի դեմ բողոք է գրել, որի պատճառով արդեն մեկուկես տարի այդ դպրոցում լարված իրավիճակ է, ոստիկանները քննություն են կատարում, ուսուցիչներից բացատրություններ վերցնում եւ այլն: Լուսինե Մանուկյանը 2020թ. փետրվարի 13-ին, անդրադառնալով թերթի այդ հրապարակմանը, Ֆեյսբուքում գրել է. «Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ ես մտահղացա տոնել Հաղարծին գյուղի 200-ամյակը՝ ծրագիր ներկայացնելով մշակույթի բաժին. հավանություն եւ ուղղորդումներ ստանալուց հետո սիրով անցա կազմակերպչական գործընթացին: Ընթացքում համախմբվեց ողջ գյուղը, սփյուռքի գյուղաբնակները, եւ մի հրաշալի տոն դարձավ այդ օրը գյուղում: Բոլորը ուրախ էին, տոնական տրամադրությամբ, իսկ տնօրեն Գոհար Թամամյանի տուն շտապ օգնության մեքենան էր եկել. դե, իհարկե, իրենց դուր չէին գալիս տոնախմբության ձայները»: Լուսինե Մանուկյանը գրել է Հաղարծնի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից նոր ուսումնական տարում «պատժի» արժանանալու մասին. «Երբ «պատժել էր» եւ ինձ հասանելիք աշխատանքներից զգալի կրճատել ու մնացածն էլ դրել կասկածի տակ, պինդ խռովել էր ու թե՝ «Չեմ խոսելու քո հետ»: Զավեշտ է, հո տնօրենի պահվածք չէ: Ես էլ իմ բողոքը ներկայացրեցի մարզպետարան, ինչի արդյունքում աուդիտ կազմակերպվեց Հաղարծնի դպրոցում, եւ պարզաբանվեց տնօրեն Գ. Թամամյանի կողմից մի շարք դրամաշորթությունների մասին, եւ նա ստացավ իր կատարած արարքներին համապատասխան տույժերն ու նկատողությունը»: Լ. Մանուկյանը նույն մեկնաբանության մեջ գրել է. «Թալանը հայտնաբերված է, տույժն էլ՝ կիրառված, մնացածի մասով էլ քրեական գործ է հարուցված, որ նաեւ ես բողոքարկող կողմ եմ»: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Լուսինե Մանուկյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Հաղարծնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 214 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը 2019թ. դեկտեմբերի 5-ին որոշել է հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերը կայանում են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, նախնական դատական հերթական նիստը նշանակված է 2020թ. փետրվարի 25-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս