ԹՈՓ 5 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՓ 5 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն շաբաթ է, ինչը նշանակում է, որ ֆուտբոլային թոփ 5 առաջնություններում կրկին կկայանան լավագույն հանդիպումները։ «Ժողովուրդ» օրաթերթը առաջարկում է ծանոթանալ թոփ 5 առաջնությունների՝ այս օրերին կայանալիք լավագույն հանդիպումներին։

Անգլիայի Պրեմիեր լիգա
Սկսենք Անգլիայից, որտեղ արդեն մարել է չեմպիոնական ինտրիգը, սակայն կա թեժ պայքար լավագույն քառյակում հայտնվելու համար։ Առջեւում Պրեմիեր լիգայի 26-րդ տուրն է, իսկ այս տուրի կենտրոնական խաղը նախատեսված է երկուշաբթի՝ Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիդջ» մարզադաշտում տեղի «Չելսին» կընդունի «Մանչեստեր Յունայթեդին»։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ, երբ լոնդոնցիների գլխավոր մարզիչ դարձավ Ֆրենկ Լեմպարդը, բոլորը համոզված էին, որ անգլիացին ձախողելու է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ թիմի լեգենդներից մեկը շատ լավ է լեզու գտել իր խաղացողների հետ։ Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Յունայթեդից» 0։4 հաշվով կրած պարտությունից հետո քննադատություններն ավելի շատացան, բայց Ֆրենկին դիմացավ դրանց։ «Չելսին» այժմ ունի վաստակած 41 միավոր եւ 4-րդն է, 8-րդ տեղում հանգրվանած «Մանչեստեր Յունայթեդից» առաջ է անցել 6 միավոր։ Թիմերը պայքարում են լավագույն քառյակում հայտնվելու համար, եւ այս հանդիպումը միանշանակ կարելի է համարել 6 միավորանոց։

Իսպանիայի Լա լիգա
Այստեղ մենք առանձնացրել ենք «Բարսելոնա» – «Խետաֆե» հանդիպումը. առաջատարներից երկուսը կբախվեն Կատալոնիայի «Կամպ Նոու» մարզադաշտում։ Այո, որքան էլ որ զարմանալի է, «Խետաֆեն» ընթացիկ մրցաշրջանի առաջատարներից մեկն է: Թիմը 3-րդն է՝ վաստակած 42 միավորով, եւ կատալոնյան ակումբից հետ է 7 միավորով։ Այս խաղի ֆավորիտը միանշանակ Կիկե Սետյենի տղաներն են, բայց «Խետաֆեն» արդեն ճաշակել է բարձր դիրքերում լինելու հաճույքը եւ ամեն ինչ կանի այդ տեմպը բաց չթողնելու համար։ «Բարսելոնան» էլ իր հերթին այդքան էլ լավ ֆուտբոլ չի ցուցադրում Սետյենի գլխավորությամբ, այնպես որ, մադրիդյան ակումբը շանսեր ունի։ Հանդիպումը կկայանա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Գերմանիայի Բունդեսլիգա
Շաբաթ օրը Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակներում կկայանա «Լեյպցիգ» -«Վերդեր Բրեմեն» հանդիպումը։ Առաջնության առաջատարներից մեկը՝ «Լեյպցիգը», կմրցի բաց ֆուտբոլ դավանող բրեմենցիների հետ։ «Վերդերը» 17 միավորով նախավերջինն է, իսկ «Լեյպցիգը»՝ 42 միավորով 2-րդը։ Թիմերը գտնվում են հակառակ բեւեռներում, բայց դա չի նշանակում, որ «Լեյպցիգին» հեշտ հանդիպում է սպասվում։ Բրեմենցիները հիմա նման են վիրավոր գազանի եւ յուրաքանչյուր պահի կարող են բզկտել առաջատար ակումբներին։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

Իտալիայի Ա սերիա
Կիրակի՝ Երեւանի ժամանակով 23։45-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց են բախվելու 1-ին եւ 3-րդ հորիզոնականներով ընթացող թիմերը՝ «Լացիոն» ու «Ինտերը»։ Չեմպիոնության համար պայքար մղող երկու գրանդները ամեն ինչ կանեն այդ պայքարի տեմպից չընկնելու համար։ «Լացիոն» անկասելի է խաղում տնային հանդիպումներում, իսկ «Ինտերը» Կոնտեի գլխավորությամբ կարողացել է թիմ բերել ստաբիլություն։ Այստեղ ֆավորիտ առանձնացնել հնարավոր չէ, միայն պարզ է այն, որ ֆուտբոլիստները ոչինչ չեն խնայի հաղթանակի հասնելու համար։ Վերջին մրցաշրջաններում գրեթե չեն եղել դեպքեր, որ «Յուվենտուսը» չեմպիոնության համար մղվող պայքարում ունենա մրցակից. հիմա մեկի փոխարեն երկուսն են, եւ երկուսն էլ անչափ մրցունակ են։ «Ինտերը» ունի 54 միավոր, «Լացիոն»՝ 53։

Ֆրանսիայի Լիգա 1
Թոփ 5 առաջնություններից վերջինը, որին պետք է անդրադառնանք, Ֆրանսիան է։ Այստեղից ցանկանում ենք խոսել կիրակի կեսգիշերին մեկնարկելիք խաղից։ 4-րդ տեղում գտնվող «Լիլը» տանը կհյուրընկալի 2-րդ հորիզոնականով ընթացող «Օլիմպիկ Մարսելին»։ Այստեղ արդեն վաղուց պարզ է չեմպիոնը. ՊՍԺ-ին ոչինչ չի խանգարի այդ հարցում, իսկ մյուս թիմերը կպայքարեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ «Լիլը» դրանցից մեկն է, ով ունի 40 միավոր, եւ Չ/Լ-ի որակավորման փուլի ուղեգիր պարգեւող 3-րդ տեղից հետ է 1 միավորով։ Մարսելցիները 2-րդն են՝ 49 միավորով։ Այս խաղը անչափ կարեւոր է լինելու լավագույն եռյակի ձեւավորման հարցում։ «Լիլը» սեփական դաշտում շատ լավն է եւ կարող է պայքարել յուրաքանչյուրի հետ։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ՏԱՐՎԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը եւ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ամփոփել են բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները՝ ներկայացնելով համակարգի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքներն ու ցուցանիշները: Համաձայն վիճակագրության՝ բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 844.8 մլրդ դրամ: 2018թ. համեմատ՝ աճը կազմել է 73 մլրդ դրամ կամ 9.5%: Անդրադարձ է կատարվել նաեւ վճարային քարտերով իրականացված գործարքներին եւ ներկայացվել, որ 2019թ. վճարային քարտերի քանակը կազմել է 2 390 376, որը, 2018թ, համեմատ, ավելացել է 366.306-ով կամ 18,1%-ով: 2019թ.-ին վճարային քարտերով կատարվել է 64. 728.868 գործարք, որը, 2018թ.-ի համեմատ, ավելացել է 16.604.108-ով կամ 34.5%-ով: 2019թ.-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2.344.113 մլն ՀՀ դրամ, որը, 2018թ.-ի համեմատ, ավելացել է 411.309 մլն դրամով կամ 21.3%-ով:
2019թ.-ին արտասահմանից ստացումների ծավալը, 2018թ.-ի համեմատ, ավելացել է 173 մլն դոլարով կամ 9.7%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը, 2018թ.-ի համեմատ, ավելացել է 267 մլն դոլարով կամ 22.5%-ով, ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը, 2018թ.-ի համեմատ, ավելացել է 343 մլն դոլարով կամ 57.5%-ով:

 

 

 

ԴԻՄԱԿՆԵՐ ԵՆ ՆԵՐԿՐՎՈՒՄ
Չինաստանում շարունակում են պահանջված լինել բժշկական դիմակները: Պարզվում է՝ դրանք կանոնավոր պարբերականությամբ ներկրվում են նաեւ Հայաստանից: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Չինաստանից ամեն օր մի խմբաքանակ բժշկական դիմակի պատվեր է լինում: Օրեր առաջ էլ չինական Սիան քաղաքն օգնություն է խնդրել Գյումրիից։ Չինաստան են ուղարկվել դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ: Նշենք, որ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով Չինաստանում ամենապահանջված ապրանքների ցանկի առաջատարը բժշկական դիմակն է: Քանի որ այս սուր շնչառական վիրուսն օդակաթիլային ճանապարհով բավականին արագ տարածվող է, դիմակների պաշտպանությունից Չինաստանի այս հատվածի փողոցներում եւ հանրային կենտրոններում օգտվում են բոլորը. մարդիկ քիթն ու բերանը ծածկում են դիմակով՝ մեծ մասամբ կանխելով վարակվելու հնարավորությունը։




Լրահոս