ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակներն ու հակավիրուսային դեղերը թանկացել են. ինչ պատիժ է սպասվում դեղատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սուր շնչառական վարակների արագ տարածումից օգտվել են տեղական դեղատները: Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ դեղատները հակաբիոտիկների, ջերմիջեցնող դեղերի գները բարձրացրել են առանց հիմնավորման: Ոչ միայն դեղամիջոցներն են թանկացել, այլեւ հազի դեմ օգտագործվող կակաոյի յուղը:

Օրինակ՝ մեզ դիմած քաղաքացիներից մեկը վրդովված նկատեց, որ մեկ օրվա ընթացքում 7 դեղատուն է մտել բժշկական դիմակ գնելու նպատակով, սակայն այն գտել է միայն 7-ից մեկում, այն էլ՝ 130 դրամով. այն, ի դեպ, նախկինում վաճառվում էր 30 դրամով: Դեղատուն կա, որտեղ բժշկական դիմակը վաճառվում է 150-200 դրամով:

Տնտեսվարողները, բժշկական դիմակի դեֆիցիտից օգտվելով, մի քանի անգամ բարձրացրել են դրա գինը: Նշենք, որ դեղատները դիմակները վաճառում են սահմանափակ թվով: Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն տարածեց՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից:

Բայց, արի ու տես, դեղատներն ականջալուր չեն այս հորդորներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն այս ոլորտում մշտադիտանցում է իրականացնում: Եթե խախտումներ կամ չարաշահումներ արձանագրվեն, կհարուցվեն վարչական վարույթներ, եւ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Տեղեկացնենք, որ ընթացիկ տարում հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում դեղերի շրջանառության ոլորտում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս