ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե մինչև մարտի 15-ը Իրանում կորոնավիրուսի պատկերը չփոխվի, Հայաստանում տխուր վիճակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի իրանական Ամանորը` Նովրուզը նշելու համար Հայաստան այցելող իրանցիների թիվը էապես կնվազի: Պատճառը Իրանում գրանցված կորոնավիրուսն է: Համենայնդեպս, զբոսաշրջության ոլորտի մասնագետներն անհանգստացած են. եթե իրավիճակը չկարգավորվի, ապա իրանցի զբոսաշրջիկների քանակը զգալի կպակասի:

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Նշենք, որ երեկ՝ առավոտյան,տեղի է ունեցելկորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Բացի այս, օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն ոչ ամբողջական սահմանափակումներ,իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հանձնաժողովի նիստին որոշում է կայացվել որեւէ սահմանափակում չկիրառել ՀՀ եւ Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

Նաեւ ՀՀ կառավարությունը պետք է երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի կառավարության հետ լինի սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնի տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ հետագա անելիքները ճշգրտելու համար:

Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել Հայստանում: Այդ նպատակով իրանցիները գալիս են Հայաստան՝ մարտի 15-ից սկսած, եւ մնում են մինչեւ ապրիլի 4-ը: Նշենք, որ Նովրուզի համաշխարհային օր սահմանված է մարտի 21-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Մեխակ Ապրեսյանի հետ: Մասնագետը մեզ հետ զրույցում որոշ թվային տվայլներ ներկայացրեց: Նրա խոսքով՝ 2017 թվականի ընթացքում Հայաստան ժամանել է շուրջ 220 հազար Իրանի քաղաքացի: Այս ցուցանիշը, սակայն, 2018 թվականին նվազել է՝ կազմելով մոտ 160 հազար: Մեխակ Ապրեսյանը փոխանցեց նաեւ, որ 2019 թվականին նույնպես Հայաստան ժամանել է 160 հազար իրանցի զբոսաշրջիկ:

«Բայց 2017 թվականի առաջին եռամսյակում, երբ տոնվում է նաեւ Նովրուզը, ՀՀ Իրանից ժամանել է 45 հազար իրանցի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 48 հազար, բայց 2019 թվականի առաջին եռամսյակում այն նվազել է՝ կազմելով մոտ 27 հազար: Եթե ցամաքային հաղորդակցությունը շարունակվի փակ մնալ, ապա կարող ենք ենթադրել, որշուրջ 20 հազար իրանցի, հնարավոր է, պակաս այցելի մեր հանրապետություն»:

Ըստ մասնագետի՝ Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունները 2017, 2018, 2019 թվականներին դինամիկ աճել են.մոտ 5700 այցելություն եղել է 2017-ին, 9000 եղել է 2018-ին, իսկ 15000՝ 2019 թվականին:

«Եթե չկարգավորվի իրավիճակը մինչ մարտի 15-ը, երբ սկսում են ՀՀ գալ իրանցիները, ապա Նովրուզի համար այդ այցելությունների մասով այդ օրերինմիջինըշուրջ 20 հազար այցելություն կարող է չլինել: Բայց պետք է հաշվի առնել, որ իրականացվող միջոցառումը՝ անվտանգության տեսանկյունից սահմանը փակելը, անհրաժեշտ է մեզ ամար: Եթե իրավասու մարմիններն այդ քայլին գնացել են, ուրեմն դրա համար կան լուրջ հիմքեր»,- լրացրեց Մեխակ Ապրեսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ժամանակից առաջ պետք չէ ընկնել որոշակի կանխատեսումներ անելու համար: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ սա ժամանակավոր կարգավորում է, որի արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում, եւ որքանով է իրավիճակը կառավարելի:

«Քանի որ կարգավորումը կրում է երկշաբաթյա ժամկետ, այսինքն՝ ժամանակավոր բնույթ է կրում, այն չի համարվում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ամենաակտիվ սեզոնը, ուստի այս շրջանում մեծ վնասներ չենք գնահատում: Երբ երկու շաբաթյա ժամկետը լրանա, մենք հանդես կգանք համապատասխան մեկնաբանություններով, ինչպես նաեւ ռիսկերի հաշվարկներով», -փոխանցեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Պարզվում է, որ Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու հետեւանքով մանր առեւտրականներն են փոքր-ինչտուժելու. նրանք տարիներ շարունակ Իրանից Հայաստան են ներկրել պլաստիկ, հագուստ, սպասք, կոնֆետ եւ այլ իրեր ու վաճառել:

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Բեռներին չի վերաբերվում, բեռնատարները կարողանում են տանել-բերել, տուրիստի շարժն է դադարեցվել, իսկ բեռնատարի օրական 200-250 վարորդի հսկողությունը ռեալ է իրականացնել, իսկ ոտքի շարժը մի քանի անգամ ավել էր, դժվար էր հսկելը: Մեղրեցիները եւ ոչ միայն հայկական կողմից վերջին շրջանում դեպի Իրան այցերը ինտենսիվացել էին: Իրենց թույլատրված չափաքանակը՝ 25 կգ, գնում-ձեռք էին բերում ու անցկացնում էին Հայաստանի սահմանը: Բայց բեռնատարների վարորդների նկատմամբ իսկապես լուրջհսկողություն է սահմանվում, ջերմությունն են չափում: Իրանում էլ է իրարանցում, գործարաններ կան, որոնք կանգնել են, չեն աշխատում կամ էլ պասիվ են այս օրերին»:

Սակայն էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը փոխանցեց, որ տնտեսության վրա ազդեցությունը առավելագույնս նվազեցնելու նպատակով որոշվել է, որ բեռնափոխադրումները պետք է բնականոն հունով շարունակվեն, իսկ օդային փոխադրումները՝ որոշակի հսկողության պայմաններում. «Կարծում ենք, որ վաղ է գնահատական տալ իրավիճակին: Լիահույս ենք, որ ռիսկերը կլինեն կառավարելի, եւ կկանխվեն բացասական զարգացումները»:

Նշենք, որ Հայաստանն առեւտրային դրական հաշվեկշիռ ունի Իրանի հետ, նկատելիորեն ավելի լավ, քան հարեւանները: Հայաստանի արտահանման մեջ գերակշիռ մաս են կազմում էլեկտրականությունը, ոչխարի միսը եւ մարտկոցների ջարդոնները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ դեպի Իրան արտահանումը նախորդ տարվա ընթացքում կազմել է 83 մլն 851 հազար դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս