Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։ Մինչ դատական նիստի մեկնարկը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի աջակիցները հավաքվել էին դատարանի դիմաց եւ իրենց խոսքով ասած արդարություն էին պահանջում, անգամ պաստառներ էին բերել:
Այնուհետև դատարան ժամանեց Սերժ Սարգսյանը: Սակայն մինչ դատարանի դահլիճ մուտք գործելը, նա Նոր Նորքի նստավայրի մոտ հավաքված աջակիցներին շնորհակալություն հայտնեց և կոչ արեց վերադառնալ իրենց տները եւ ուշագրավ է, որ իր խոսքում անդրադարձավ նաեւ Արցախյան հիմնախնդրին:
Եվ չնայած Սերժ Սարգսյանի կոչին, շատերը նիստի մեկնարկից հետո շարունակեցին մնալ դատարանի դիմաց: Արդեն դահլիճում Սարգսյանը դատավոր Վահե Միսակյանի հարցերին պատասխանելիս ոտքի չկանգնեց: Դա չվրիպեց մեղադրող Արսեն Մարտիրոսյանի աչքից, դրա մասին ասաց նախագահողին էլ։ Վերջինս էլ ասաց, որ ամբաստանյալները կարող են նստած դիրքորոշում հայտնել, որպեսզի ապակեպատ դահլիճից այն կողմ բարձրախոսով լսելի լինի լրագրողներին։
Դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մեղադրող դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 15:30-ին:
Հավելենք, որ նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում