Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ և ութերորդ կայազորային քննչական բաժինների կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով:

Ամփոփմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարական կազմը, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Ամփոփման ընթացքում կայազորային քննչական բաժինների պետերը ներկայացրել են 2019 թվականի ընթացքում քննչական բաժինների կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով, սպասարկվող զորամասերում հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը:

Բարձրացվել են զորքերում առկա խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղիները: Կարևորվել է հանցագործությունների կանխարգելման գործում նախաքննական մարմնի դերը՝ մասնավորապես հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների ուղղությամբ ներկայացվող միջնորդությունները քննելիս քննիչի մասնակցությունը, ինչպես նաև՝ վերջիններիս կողմից զորամասերում անցկացվող դասախոսությունները:

Ամփոփման ընթացքում քննարկվել է հարուցված քրեական գործերի ընթացքը, որոնցով քննության արդյունավետությունը բարձրացնելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ա.Կրկյաշարյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետը դրական է գնահատել կայազորային քննչական բաժինների կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շեշտել, որ հարկավոր է չբավարարվել ձեռք բերվածով և միջոցներ ձեռնարկել ամենօրյա աշխատանքով նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս