Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ Ոստիկանությունում սկսվել է ծառայողական քննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա, քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել քաղաքացի Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նա զանգել է հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն ստացել, ապա նամակը հասցեագրել է մի շարք պաշտոնյաների:

1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. նամակից արագ դուրս բերել ընթացակարգային այն խնդիրները, որոնք նորմատիվային կարգավորման կարիք ունեն եւ սկսել կարգավորման գործընթացը:

2. Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին. սկսել ծառայողական քննություն Անձնագգրային եւ վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձեւով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային եւ վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ եւ վատ աշխատողներին ազատել աշխատանքից:

3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. նշանակել ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ եւ թերացած աշխատակիցներին ազատել աշխատանքից:

4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին. հայրենադարձների շրջանում իրականացնել զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ եւ այդ օրակարգը փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը:

5. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հետեւել սույն հանձնարարականի կատարման ընթացքին:




Լրահոս