Փետրվարի 24-ից Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում տեղի են ունենում հանդիպում-քննարկումներ ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ։ Նպատակը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համագործակցության ակտիվացումն է, նաև Ինտերպոլի հնարավորությունները ներկայացնելը։
Փետրվարի 25-ին հերթական հանդիպում-քննարկումն էր, որը վարում էր ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։
Ողջունելով ոստիկանության ծառայողներին՝ նա խոսեց հանդիպում-քննարկումների նպատակների ու տարածքային ստորաբաժանումների հետ համագործակցության մասին։
Այնուհետև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները ներկայացրին քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի ստեղծման պատմությունը, գործունեության առանձնահատկությունները, ներկայացրին նաև տարբեր տեսակի քարտերի նշանակությունը և այլն։
Առավել մանրամասն ներկայացվեցին Ինտերպոլի դերն ու գործառույթները՝ հատկապես մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի, ապօրինի զենք-զինամթերքի և մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։
Խոսվեց նաև այդ ոլորտներում տարածքային բաժինների և Ինտերպոլի համագործակցության ձևերի ու եղանակների մասին։
Քննարկման ընթացքում ոստիկանության ծառայողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին և ստացան սպառիչ պատասխաններ։