Շաբաթ օրը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանակցությունները շարունակում են լայն քննարկման թեմա մնալ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: ՀՀ վարչապետը քննադատվում է թույլ փաստարկներով խոսելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին ներկայացուցիչ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` հետաքրքրվելով՝ որպես Արցախյան հիմնահարցի իրավական հատվածից ամենատեղեկացված մարդկանցից մեկը՝ ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացվեին մյունխենյան քննարկման ժամանակ, որ չարվեցին:
«Կոռեկտ չեմ համարում հրապարակային խոսել հայկական կողմի բացթողումների մասին:- ասաց Կոստանյանը` շարունակելով,- Ինչ վերաբերում է փաստարկներին, որոնք անպայման պետք է ապագայում ներկայացնել Ադրբեջանին, բազմազան են: Օրինակ` բառացիորեն վերջերս՝ հունվարի 30-ին, Եվրոպական դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ իր վճիռը՝ Մանվել Սարիբեկյանի վերբերյալ: Այս գործով, որպես պետության ներկայացուցիչ, ես ներկայացրել եմ Հայաստանը որպես երրորդ կողմ: Դատարանը այս գործով հստակ արձանագրեց, որ մեր հայ տղան Ադրբեջանում խոշտանգվել, սպանվել է, եւ դրա համար պատասխանատու է Ադրբեջանի իշխանությունը: Սա Մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից հաստատված մի զորեղ փաստարկ է, որը պետք է որպես ապտակ օգտագործել բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանի որեւէ պաշտոնյա, ներառյալ նախագահը, իրեն թույլ կտա ասել, թե Ադրբեջանում հայերը կարող են հանգիստ եւ ապահով ապրել, ինչպես մնացած բոլոր ազգային փոքրամասնությունները»:
Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ կան բազմաթիվ այլ փաստեր՝ հաստատված միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք վերաբերում են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի եւ այլ հանցագործություններին, որոնք բազմիցս մեր կողմից ներկայացվել են իրավական գործընթացներում եւ պետք է օգտագործվեն նաեւ քաղաքական համատեքստում:
Հավելենք, որ առաջիկայում նաեւ լինելու է Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մասով ՄԻԵԴ դատավճիռը, որի ներկայացուցիչը եւս եղել է Գեւորգ Կոստանյանը:
Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Փաշինյանն իր մոտ ներկա պաշտոնյաներին առանձին-առանձին իրենց կողմից թույլ տված բացթողումների մասով նկատողություններ է արել: Բոլորը, գլուխները կախ, լսել են: Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը մեկ առ մեկ՝ նշելով, որ մեկը մյուսի հետ կապ չունեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, եւ ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից: Բացի այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ հայտնի դարձան փետրվարի 14-ին ճակատի շրջանում կրակոցի հետեւանքով մահացած սպա Հայկ Ասրյանի դեպքից: Պարզվում է` նա մինչեւ դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի մոտ, բայց դա չի խանգարել, որ զենքը տան նրան ու դիրք բարձրացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց դեպքի հանգամանքներից, վերջինս պատասխանեց. «Քննություն է կատարվում, այլ բան հայտնել չեմ կարող»:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից: Մասնավորապես, հանդիպումը նախաձեռնվել է հենց Փաշինյանի կողմից, որը ցանկացել է քննարկում ունենալ արդեն երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ: Մեր տեղեկություններով՝ հիմնական քննարկվող հարցը հենց քարոզարշավի ընթացքն է եղել՝ շտաբների ձեւավորումը, քարոզչություն իրականացնողները եւ դրանց ձեւերը, այսինքն՝ թե ինչպես պետք է տանել «այո»-ի քարոզը: Հայտնի էր, որ հիմնական գործող անձինք Սուրեն Պապիկյանը, Սիփան Փաշինյանը եւ Հակոբ Սիմիդյանն էին լինելու, բայց երեկ պարզվել է, որ քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաեւ մարզպետները եւ վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը եւս մասնակցելու է քարոզարշավին, կհստակեցվի` ինչ գրաֆիկով եւ ձեւաչափով, եւ կոչ է արել ակտիվ նախապատրաստվել: Եվ ուշագրավ է, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել: Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը լքած Հայկ Սարգսյանի մորաքրոջ թոռն է եւ վերջինիս «հոպար» է ասում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Կարապետյանին մեկուսացնեն հանրաքվեի աշխատանքներից:
Երեւանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ՝ բնակչության շրջանում հայտնի Օղակաձեւ այգում, օրեր առաջ տեխնիկա է աշխատել: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա տեղեկություն ունի, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր է հիմնվում։ Նախ՝ քաղաքապետը տարօրինակորեն կամ զավեշտալիորեն տեղյակ չէր, թե իր քթի տակ ինչ է կատարվում Կենտրոն վարչական շրջանում՝ այգու տարածքում՝ մանկական խաղահրապարակի մոտ: Պարզվեց, որ լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի ոչ միայն աշխատողները, այլեւ տնօրեն Ռուբեն Սիմոնյանը տեղյակ չէին, որ այդ տարածքում աղբի տեսակավորման կենտրոն է կառուցվելու: Այդ մասին նրանց պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել: «Դա դեռեւս ինչ-որ խոսակցության մակարդակով է, որեւէ հստակ, կոնկրետ ժամանակներ չունենք, տեղյակ չենք։ Այս տարածքը «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի սեփականությունն է։ Որեւիցէ գործ դեռեւս չի եղել, ուղղակի գիտենք, որ կարող է…»,- նկատեց Սիմոնյանը։ Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին շտապեցին տեղեկացնել, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր չի նախատեսվում հիմնել, այլ աղբի տեսակավորման կետ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Նման աղբի տեսակավորման կետեր արդեն կան Դավթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա-Սեբաստիայում։ Նման հավաքակետեր գործելու են բոլոր 12 վարչական շրջաններում»։