ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓԱԹԵԹԸ ԴՐՎԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այն հիմնականում առաջարկում է փոփոխություններ կատարել տարածքային կառավարման ոլորտում:

Սակայն հետաքրքիր է, որ այս փաթեթներին զուգահեռ գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է «Կուսակցությունների մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, եւ աշխատանքներն էլ համակարգում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Ընդ որում, Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր, որ առաջիկայում «Կուսակցությունների մասին» օրենքը, հնարավոր է, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար: Սակայն պատգամավորների նախաձեռնությունից զատ, օրենքի նախագծում փոփոխություններ է առաջարկվում նաեւ նախարարության կողմից: Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նախագծերի փաթեթն ու առանձնացրել այն գլխավոր փոփոխությունները, որոնք կատարվելու են՝ ըստ այդ նախագծի: Եվ հետաքրքիր է՝ ե՛ւ Համազասպ Դանիելյանի, ե՛ւ մյուսների կողմից մաշկված նախագծում էական տարբերություններ չկան:
Ըստ այդմ, փաթեթով առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաեւ մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի: Գլխավոր փոփոխություններից մեկն այն է, որ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության կարգ, որի դեպքում համայնքի ավագանին կկարողանա անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին: Բացի այդ, ներդրվելու է համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգ, որի պարագայում համայնքի ավագանին իր կազմից կկարողանա ընտրել եւ նշանակել համայնքի ղեկավարի: Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը: Միեւնույն ժամանակ, եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
Փոփոխություններ են կատարվել նաեւ ընտրական գրավի հարցում: Մասնավորապես, մինչեւ 1 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ: Նկատենք, որ, ըստ գործող օրենքի, մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքներում չի նախատեսվում ընտրագրավ, 500-1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ: Անդրադառնանք անցողիկ շեմին: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն:
ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կարվի նաեւ 7-րդ բաժնում, որը սահմանում է համայնքի ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի ընտրության անցկացման կարգը: Օրինակ՝ առաջարկվում է անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին քաղաքական կոալիցիա կազմելու եւ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու առաջադրելու հնարավորություն տալ: Եվ առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոսը ստացած կուսակցության ընտրական բոնուսը: Բացի այդ, առաջարկվում է լրացում կատարել գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում: Համաձայն վերը նշված լրացման՝ առաջարկվում է օրենքով սահմանել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու այն դեպքերը, երբ լրացել է համայնքի ղեկավարի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը, եւ հերթական ընտրության նշանակման օրը նախատեսված է այդ ժամկետի ավարտից հետո:
Նման իրավիճակներում առաջարկվել է քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների դեպքում՝ ՀՀ վարչապետին, իսկ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների դեպքում մարզպետին վերապահել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավասություն:
Եվ այստեղ հետաքրքիր է, թե ինչու է կրկին նման նախագիծ բերվել, եթե պատգամավորների կողմից նման փոփոխություններ արդեն նախաձեռնվել էին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ
Երեկ ավարտվել է հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձեւավորելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու ժամկետը: Եվ, ահա, ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այդպիսի դիմում չի ներկայացվել:
Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն հայտարարել են չեզոքություն պահպանելու եւ քարոզարշավին ոչ մի կերպ չմասնակցելու մասին: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բանագնացներ են ուղարկվել՝ համոզելու, որպեսզի «Ոչ»-ի շտաբ ձեւավորեն: ՔՊ-ականներն անգամ խոստացել են, որ դաժան չեն քննադատի, միայն թե այսպես կկարողանան լեգիտիմության հարց լուծել: Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր ուժերը չեն ցանկացել ընդառաջել, դառնալ թիրախ ու վարկաբեկվել, որի պատճառով էլ մերժել են առաջարկները:
Եվ հիմա իշխանական ուժը մնացել է 50 հոգուց բաղկացած քաղաքացիական խմբի հույսին: «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու նպատակով: Դիմում կարող է ներկայացվել այսօրվանից, եւ չի բացառվում, որ, բացի իրավապաշտպաններից եւ իրավաբաններից բաղկացած խմբից, «Ոչ»-ի այլ կողմ եւս գործի:

 

 

 

ՆՈՐ ՀԱՅՑ
Դատական հայց է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի նոր կազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 14-ին ՀՀ վարչական դատարան է դիմել դատավորի թեկնածու Նոնա Գալստյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին դատավորների թեկնածուներին 2019 թվականի քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակում չներառելու վերաբերյալ վարչական ակտ հանդիսացող ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 24.01.2020թ. գրությունը վերացնել: Սա ԲԴԽ-ի դեմ 2020 թվականի ընթացքում երկրորդ հայցն է: Առաջին հայցը ներկայացրել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, որի դիմումը արդեն երկրորդ անգամ դատարանը հետ է վերադարձնում՝ հայցում շտկումներ անելու պահանջով: Իսկ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը ԲԴԽ-ից տեղեկություն է ուզել, ինչը չի տրամադրվել, եւ նա դիմել է դատարան:

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ
Փետրվարի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական. լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման նպատակով:

 

 

 

ՄՈՏ 3 ՄԻԼԻԱՐԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի եւ եւս 6 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝ հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով: Նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով եւ նշանակված համալիր հարկային ստուգումներով՝ հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որեւէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այսպիսով, Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քննվող գործ Հատուկ քննչական ծառայությունում այլեւս չկա:

 

 

 

19.294.827-Ի ՎՆԱՍ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 19.294.827 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նշենք, որ արձանագրվել է 23 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 2.895.212 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:




Լրահոս