Ո՞Վ ԿԼԻՆԻ ՊՆ-Ի ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր բանակում 2020 թվականի ընթացքում արձանագրված աղմկահարույց դեպքերին: Եվ, ահա, հերթական աղմկահարույց դեպքը արձանագրվեց փետրվարի 14-ին, երբ ՊԲ զորամասերից մեկում գտան սպա Հայկ Ասրյանի դին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ մինչեւ ՀՀ վարչապետի մոտ հանդիպման գնալը, նախարարությունում ժողով է հրավիրել եւ հայտարարել, որ ՊՆ-ում կոնկրետ անձ պետք է ազատվի պաշտոնից: ՊՆ-ում հրավիրված ժողովի ժամանակ նախարարը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը զորամասերում, շարունակել ստուգումները՝ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով, տեղակալների նկատմամբ զգոնությունը ուժեղացնել եւ ամեն ինչ անել զորամասում առկա իրավիճակին տիրապետելու համար:
Բանն այն է, որ 2020 թվականի հունվարից մինչեւ փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 13 մահվան եւ 8 վիրավորման դեպք, ընդ որում՝ զինվորները մահացել են ոչ թե մարտական գործողությունների հետեւանքով, այլ մի դեպքում ինքնասպան են եղել, մյուս դեպքում դժբախտ պատահարի հետեւանքով են մահացել կամ կրակել են իրար վրա:
Սպան՝ հոգեբանի մոտ
Փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում սպա Հայկ Ասրյանի մահվան դեպքը եւս բազմաթիվ հարցեր է առաջ քաշում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում ներքին քննարկման ժամանակ հայտնի է դարձել, որ սպա Հայկ Ասրյանը մինեւ դիրքեր բարձրանալը այցելել է հոգեբանին: Եվ, ահա, այս տեղեկությանը տիրապետելով՝ Պաշտպանության նախարարությունում հարց են բարձրացրել՝ եթե սպան հոգեբանի է այցելել եւ խնդիր է ունեցել, ինչպե՞ս է զորամասի ղեկավարությունը նրան զենք տվել եւ դիրք բարձրացրել: Եթե նա եղել է ոչ սթափ վիճակում, ստացվում է` կարող էր կրակել զինվորների վրա, այլ անկանխատեսելի գործողություններ կատարել. ո՞վ պետք է պատասխան տար այդ իրավիճակի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցը բարձրացվել է ՊՆ-ում, եւ, առհասարակ, սպան մինչեւ դիրքեր բարձրանալը ինչու է եղել հոգեբանի մոտ: Ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Քննություն է կատարվում, այլ բան հայտնել չեմ կարող»:
Ժողով՝ ժողովի հետեւից
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանակում տիրող իրավիճակի մասով երեկ մեկը մյուսի հետեւից հաջորդեցին ղեկավար մարմինների խորհրդակցություններն ու քննարկումները: ArmLur.am-ը երեկ տեղեկացրեց, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գործուղումից վերադառնալուց հետո շտապել է կառավարություն` ՀՀ վարչապետի հետ հանդիպման: Բանն այն է, որ բանակում արձանագրված դեպքերի մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ էր կանչել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, Զինված ուժերի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին եւ պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի եւ կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը եւ ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետեւողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ: Սա՝ պաշտոնապես: Իսկ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետը ներկա պաշտոնատար անձանց առանձին- առանձին իրենց կողմից թույլ տված բացթողումների մասով նկատողություններ է արել, իսկ, ահա, հանդիպման ներկա պաշտոնատար անձանցից որեւէ մեկը առարկությամբ հանդես չի եկել, գլուխները կախ՝ լսել են վարչապետի նկատողությունները:
Ավելին, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը՝ հատ առ հատ նշելով, որ դեպքերը մեկը մյուսի հետ կապ չունեն, այլ ամեն մեկը առանձին խնդիր է. մի դեպքում զինվորը զորամասի հետ կապված խնդիր է ունեցել, մյուս դեպքում անձնական խնդիր է եղել, եւ այդպես շարունակ: Ասել է թե՝ վարչապետին կոմիտեի նախագահը բացատրել է, որ զինվորների՝ մեկը մյուսի հետեւից կատարվող ինքնասպանությունները միմյանց հետ կապ չունեն, այլ առանձին դեպքեր են:
Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, եւ երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ` ԲԱՆՏՈՒՄ

Արտառոց դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Արմեն Հայրապետյանի սենյակում խառնաշփոթ է եղել:

Ըստ մեզ հասած լուրերի՝ դատապարտյալի խուց են շտապել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներ. խուցը եղել է տակնուվրա արված, եւ դեռ ավելին՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները գետնի վրա հայտնաբերել են արնանման հետքեր: Ի՞նչ է կատարվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան՝ մեզ հայտնեցին. «Դատապարտյալ Արմեն Հայրապետյանը պահանջ է ներկայացրել իրեն այլ մասնաշենք տեղափոխելու համար: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից նրան բացատրվել է, որ իր պահանջը պետք է գրավոր ներկայացնի, սակայն Ա. Հայրապետյանը հրաժարվել է դիմում գրելուց եւ կատարել է ինքնավնասում՝ պնդելով իր պահանջը»:
ՔԿ ծառայությունը հաստատեց մեր տեղեկությունը, որ դատապարտյալ Հայրապետյանի հետ խնդիր է եղել, որի հիմնական պատճառը եղել է իրեն այլ մասնաշենք տեղափոխելու հարցը: Արդյոք այս ինքնավնասումից հետո դատապարտյալի պահանջը կկատարվի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի իրադարձությունների զարգացմանը:
Նշենք, որ 2009 թվականին Արմեն Հայրապետյանը ազատազրկման է դատապարտվել 13 տարի ժամկետով, եւ շուրջ 11 տարի է, ինչ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում: Վերջինս 13 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ բռնությամբ, զենքի գործադրման սպառնալիքով, իր ավտոմեքենայով առեւանգել է Աստղաձոր գյուղի բնակչուհի անչափահաս Նելլի Կնյազյանին եւ, նրա կամքին համառակ, նրան տարել է Մարտունի-Վարդենիս ճանապարհի առափնյա անտառը, որտեղ, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: 2006 թվականին քրեական գործով որոշում է կայացվել Արմեն Հայրապետյանի նկատմամբ իր այդ արարքի համար հետախուզում հայտարարել, եւ, ահա, երկու տարի անց՝ 2008 թվականին, նա հայտնաբերվել է եւ կանգնել է դատարանի առաջ: Վերջինս դատարանում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն՝ դատաքննության ընթացքում տալով մասնակի ինքնախոստովանական ցուցմունք եւ խուսափողական պատասխաններ, հայտնել է, որ հիշում է միայն այն, որ Աստղաձոր գյուղով անցնելիս առեւանգել է Նելլի Կնյազյանին, սակայն առեւանգման նպատակի մասին կոնկրետ ոչինչ չի հիշում: Չի բացառում, որ հնարավոր է՝ նրան բռնաբարելու նպատակ է ունեցել: Աղոտ ձեւով հիշում է, որ Ն. Կնյազյանին առեւանգելով՝ նրան տարել է առափնյա անտառագոտի, որտեղ ինքը մերկացել է, ապա նաեւ մերկացրել նրան, սակայն վերջին պահին մի պահ զգաստացել է եւ նրան ձեռք չի տվել: Ինքն ամաչում է իր կատարած արարքի համար եւ զղջում: Ինչեւէ, շուրջ 11 տարի բանտում գտնվող Հայրապետյանը միգուցե իրեն այլ մասնաշենք տեղափոխելու համար ունի կոնկրետ պատճառներ, ինչը պետք է պարզի Քրեակատարողական ծառայությունը. միգուցե դատապարտյալին վտանգ է սպառնում, որ նա խնդրում է իրեն տեղափոխել այլ մասնաշենք:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բաժնի պետերի փոփոխություններ է արել: Նրա հրամանով՝ ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Հիշեցնենք, որ Սերոբյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. նոյեմբերից: Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը: Ըստ այդմ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ է նշանակվել Խաչատրյանի տեղակալը: Ոստիկանապետի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը՝ անցելով երկարամյա ծառայության թոշակի: Սպիտակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալը:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած երիտասարդը, դատարանի որոշմամբ, տեղափոխվել է հոգեբուժարան ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով: Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պատանդ վերցնելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ոստիկանությունը կրակոցների վերաբերյալ ահազանգ էր ստացել, անմիջապես օպերատիվ խմբեր էին մեկնել հյուրանոց:

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԿԻՆԸ՝ ՊԱՀԱԿ
Ըստ ՀՀ ոստիկանության՝ Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի առերեւույթ ապօրինությունների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: Պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015թ. գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել եւ մինչեւ այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ: Գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ տարբեր ժամանակահատվածներում բացակայել է Հայաստանից: Կեղծիքի հատկանիշներով քրգործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուց: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

 




Լրահոս