ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՇԱՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեքշաբթի է, սակայն ոչ սովորական երեքշաբթիներից մեկը: Հենց այսօր՝ փետրվարի 18-ին, սկսվում է ֆուտբոլի եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը: Որոշակի դադարից հետո եվրոպական թեժ ֆուտբոլային գիշերները կայցելեն մեզ: Այսօր եւ վաղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կկայանան 4 հանդիպումներ, որոնց էլ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստվում է անդրադառնալ հիմա:

«Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ
1/8 եզրափակչի ամենահետաքրքիր զույգերից մեկը կազմել են գերմանական «Բորուսիա Դորտմունդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Այս դիմակայության ֆավորիտը միանշանակ համարվում են փարիզցիները, բայց գերմանական ակումբն էլ իր հերթին իսկական թափ է հավաքել եւ վերջին հանդիպումներում բառացիորեն հիացնում է իր երկրպագուներին:
«Սիրո քաղաքի» ներկայացուցիչները այս հանդիպմանը մոտենում են լուրջ կորուստներով: Ֆրանսիական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ փարիզյան ակումբի կազմում կարող են խաղադաշտ դուրս չգալ Նեյմարը, Պրեստել Կիմպեմբեն, Տոմա Մենյեն, Տիագո Սիլվան, Խուան Բերնատն ու Պաբլո Սարաբիան: Այսպիսի կադրային խնդիրների պայմաններում միգուցե այս խաղի ֆավորիտի կարգավիճակը դրվում է հարցականի տակ, բայց ոչ դիմակայության ֆավորիտի կարգավիճակը: Դորտմունդցիներն էլ իրենց հերթին «մաքուր» չեն մոտենում այս հանդիպմանը: Նախ խաղին այսօր մասնակցել չի կարողանա թիմի աստղային ձեռքբերումը՝ Էրլինգ Հոլանդը, որովհետեւ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում արդեն հասցրել է խաղադաշտ դուրս գալ «Զալսբուրգի» կազմում: Բացի Հոլանդից գերմանացիների հայտացուցակից, հնարավոր է, բացակայեն «մեղուների» առաջատարներից երկուսը՝ Մարկո Ռոյսն ու Յուլիան Բրանդտը:
Առաջին հանդիպումից առաջ կարծես ամեն ինչ հավասար է երկու թիմերի ճամբարներում:
Խաղը կկայանա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ուղիղ 24:00-ին:

«Ատլետիկո Մադրիդ» – «Լիվերպուլ»
Այսօրվա իսկական զարդը կլինի Մադրիդի «Ատլետիկոյի» ու մերսիսայդյան «Լիվերպուլի» բախումը: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը՝ «Լիվերպուլը», Չ/Լ-ի 1/8 եզրափակչում հանդիպել է ոչ հեշտ մրցակցի: Այո, Յուրգեն Կլոպի տղաները մեծ թափ են հավաքել, նրանք Անգլիայում 78 հնարավոր միավորից վաստակել են 76-ը, բայց Չեմպիոնների լիգան ուրիշ պատմություն է, գուցե եւ՝ ուրիշ մոլորակ: Այստեղ կարող է որոշիչ դառնալ յուրաքանչյուր մանրուքը, յուրաքանչյուր հպումը գնդակին: Ասել, որ «Կարմիրները» դիմակայության բացահայտ ֆավորիտն են, չի կարելի, քանի որ նրանք մրցելու են Չոլո Սիմեոնեի թիմի դեմ: Արգենտինացի մասնագետի գլխավորած թիմը վերջին ժամանակները այդքան էլ հաջող հանդես չի գալիս, բայց այսպիսի խաղերում Սիմեոնեն իր թիմին տրամադրում է ֆանտաստիկ ձեւերով: Տրամադրել- չտրամադրելը թողնենք մի կողմ եւ հասկանանք՝ ինչ կազմերով են թիմերը մոտենում խաղին: Յուրգեն Կլոպի «աստղային» մեկնարկային կազմից չի բացակայում եւ ոչ մեկը, բայց, ահա, պահեստայինների նստարանը մի փոքր դատարկ կերեւա այսօրվա խաղում, քանի որ «Լիվերպուլի» կազմում վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, հայտացուցակից դուրս կմնա Շերդան Շաքիրին: Մադրիդյան թիմը, ի տարբերություն իր մրցակցի, ունի ավելի լուրջ կորուստներ. խաղը բաց կթողնեն Ժոաու Ֆելիշը եւ Կիերան Տրիպիեն, հարցականի տակ է նաեւ Դիեգո Կոստայի եւ Էկտոր Էրերայի մասնակցությունը:
Այս պարագայում ոչ միայն դիմակայության, այլ նաեւ խաղի ֆավորիտն են դառնում մերսիսայդցիները, բայց, կրկնում ենք, ոչ բացահայտ:
Խաղը կկայանա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ուղիղ 24:00-ին:

«Ատալանտա» – «Վալենսիա»
Չորեքշաբթի օրը կայանալիք խաղերից մեկը տեղի կունենա Իտալիայում, որտեղ «Ատալանտան» ուժերը կչափի «Վալենսիայի» հետ: Փլեյ-օֆֆի ուղեգիր այս թիմերը կարողացան նվաճել մեծ դժվարությամբ: «Ատալանտայի» մասնակցությունն ավելի քան անակնկալ էր, քանի որ իտալացիները խմբային փուլի վերջին տուրից առաջ զբաղեցնում էին վերջին հորիզոնականը: «Վալենսիան» էլ իր հերթին կարողացավ հաղթել անցած մրցաշրջանի կիսաեզրափակչի մասնակիցներից «Այաքսին» եւ դուրս գալ խմբից: Երկու թիմեր, որոնցից սպասելի է ամեն ինչ, երկու թիմեր, որոնք գրանդ ակումբների շարքին չեն դասվում, բայց կարողանում են հավասար պայքար մղել այդ գրանդների հետ: Այս խաղի ֆավորիտն են համարվում իտալացիները, քանի որ խաղում են սեփական հարկի տակ, եւ, դրան էլ գումարած, «Չղջիկները» հանդիպմանը մոտենում են լուրջ կորուստներով: Ալբերտ Սելադեսի թիմից այս խաղին մասնակցել չեն կարողանա Ֆրանսիս Կոկլենը, Ռոդրիգոն եւ Էզեկիել Գարայը, հարցականի տակ է նաեւ Մանու Վալյեխոյի եւ Յասպեր Սիլեսենի մասնակցությունը: «Ատալանտան» այս խաղին մոտենում է առանց կորուստների:
Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 24:00-ին:

«Տոտենհեմ Հոտսպուր» – «Ռեդ Բուլ Լեյպցիգ»
Վերջին խաղը, որին պետք է անդրադառնանք, անգլիոգերմանական ճակատամարտն է՝ «Տոտենհեմն» ընդդեմ «Լեյպցիգի»:
Ամենաանկանխատեսելի զույգերից մեկն է: Այս հանդիպումից ամեն ինչ կարելի է սպասել, եւ առանձնացնել ֆավորիտ ուղղակի անհնար է: Յուլիա Նագելսմանի գլխավորած թիմը ուղղակի ֆանտաստիկ է հանդես գալիս այս մրցաշրջանում եւ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդն է ու առաջատար «Բավարիայից» հետ է մնում ընդամենը 1 միավորով:
«Տոտենհեմը» Մոուրինիոյի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո նոր թեւեր է առել եւ կարողանում է հաղթանակներ տանել, թեկուզ մեծ դժվարությամբ, բայց հաղթում է: Մոուրինյոն արդեն նշել է, որ իր թիմը ի զորու է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Անցած տարվա փոխչեմպիոնները այս տարի էլ ամեն ինչ կանեն, որքան հնարավոր է, հեռու հասնելու համար, բայց նախ եւ առաջ պետք է անցնել գերմանական ակումբի արգելքը, որն այդքան էլ հեշտ գործ չէ: Լոնդոնցիներից այս խաղը բաց կթողնեն Հարի Քեյնն ու Մուսա Սիսոկոն, հարցականի տակ է նաեւ Էրիկ Լամելայի մասնակցությունը: Նագլեսմանի թիմից հանդիպմանը մասնակցել չեն կարողանա Կեւին Կամպլը, Իբրահիմա Կոնատեն, Ուիլլի Օրբանը: Նրանց բացակայությունն իհարկե նորություն չէ: Թիմի հայտացուցակից, հնարավոր է, դուրս մնա նաեւ Թիլեր Ադամսը: Խաղը կկայանա չորեքշաբթի եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 24:00-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԿԱՅՈՒՆԱՆՈ՞ՒՄ Է
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` այս պահի դրությամբ, գրիպով հիվանդացության հետ կապված, դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում: Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական դիմելիությունը, համեմատելով նախորդ ուրբաթ օրվա հետ, նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա հետ՝ 1,2 անգամ: Նշենք, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ են: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առկա իրավիճակին, ապա սուր շնչառական վարակներով հիվանդացությունը կազմում է 7,1%: Հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաեւ շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

 

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ
Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը հարավային եւ կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-22-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ անձրեւ: Փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
Լարսի ռուսական կողմում ձյան կուտակման պատճառով արդեն 17 օր կանգնած հայ վարորդները ահազանգում են: Ըստ վարորդներից մեկի՝ ազգությամբ թուրք եւ վրացի վարորդները գումարով անցնում են, իսկ իրենք մնացել են կանգնած: «Չգիտենք՝ ում դիմենք, որ գոնե էս սնունդը անցկացնեն Հայաստան: Մեզ պարզ ասում են՝ փող տվեք, գնացեք, հակառակ դեպքում մնացեք հերթի մեջ այնքան ժամանակ, մինչեւ ճանապարհը կկարգավորվի»,- նշել են նրանք: Վարորդների խոսքով՝ Լարսում Հայաստանի ներկայացուցիչը իրենց չի մոտեցել: «Ոնց որ բոմժ լինենք. ո՛չ սնունդ կա, ո՛չ լոգանք ենք ընդունում, սենց օրերով էս ճանապարհի վրա կանգնած ենք: Մեր պատկան մարմինները քնա՞ծ են»,- դժգոհել են նրանք: Բեռնատարի վարորդները կանգնած են ձյան պատճառով եւ չգիտեն՝ մաքրման աշխատանքներ կատարվում են, թե ոչ:




Լրահոս