«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է: «Գարեգին Նժդեհ», «Մեր սրտի տնակը» գեղարվեստական ֆիլմերից, «Կյանքի գինը», «Հանուն սիրո», «Երեք կյանք» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանը ներկայացել է հետաքրքիր ռակուրսից: Նա պատմել է, թե ինչպես է ընտրել իր մասնագիտությունը, ինչի համար է ափսոսում, ինչից է վախենում: Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի արտիստը խոստովանել է՝ կյանքն իրեն բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ պետք է վստահել միայն սեփական ուժերին եւ հիմնվել դրանց վրա: Պարոն Հակոբյանն անդրադարձել է այսօրվա հայաստանյան իրականությանն ու նշել, որ իրեն ամենաշատը հոգնեցնում է անորոշությունը:
-Կյանքը հրաշալի է, հատկապես երբ…
-Բոլորն առողջ են:
-Չեք սիրում, երբ Ձեզ ստիպում են…
-Անել այն, ինչ ես չեմ ուզում անել: Աշխատանքային պրոցեսում եւս լինում են նման պահեր, կոմպրոմիսներից խուսափել հնարավոր չէ:
-Ըստ Ձեզ՝ կա՞ն անփոխարինելի կամ անկրկնելի մարդիկ:
-Երեւի թե այո:
-Ինչպե՞ս են դասավորվել Ձեր եւ քաղաքականության միջեւ հարաբերությունները: Դրանով հետաքրքրված եք, ինչպես ամեն քաղաքացի՞, թե՞ մի փոքր ավել կամ պակաս:
-Ոչ մի կերպ, մեր մեջ որեւէ հարաբերություն չկա: Քաղաքականությամբ առանձնապես հետաքրքրված չեմ:
-Անմարդաբնակ կղզի մեկնելուց առաջ ի՞նչ երեք իր Ձեզ հետ կվերցնեիք:
-Պարան եւ աթոռ, ծառ էլ երեւի այնտեղ կլիներ, որ կախաղան բարձրանայի… Ինչի՞ս է պետք միայնակ կյանքը:
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ երբ Ձեզ են նվիրում: Տվո՞ղ, թե՞ առնող տեսակ եք:
-Նվիրել եմ սիրում:
-Ձեզ հաջողակ մարդ համարու՞մ եք:
-Բավականին:
-Վերջին գիրքը, որ կարդացել եք:
-Գործի բերումով սովորաբար պիեսներ եմ կարդում, բայց վերջինի անունը չեմ հիշում:
-Սովորություն, որից դժվարությամբ կհրաժարվեք:
-Եթե ես կարողացա ծխելը թողնել, չեմ պատկերացնում՝ էլ ինչ պետք է լինի, որից չկարողանամ հրաժարվել:
-Կենցաղը Ձեր կյանքում ի՞նչ տեղ եւ նշանակություն ունի: Բծախնդի՞ր եք կենցաղում:
-Բոլորովին:
-Եթե ոչ Ձեր մասնագիտությամբ, վաղը ինչո՞վ կարող էիք զբաղվել, ի՞նչ հմտությունների եք տիրապետում:
-Կարող եմ շինարարության մեջ աշխատել, փռում հաց թխել… Շատ բաներ կարող եմ անել:
-Հումորը լավն է, եթե…
-Ինտելեկտուալ է: Տանել չեմ կարողանում գռեհկությունը:
-Տղամարդը տղամարդ չէ, եթե…
-Ձեռք է բարձրացնում կնոջ վրա:
-Կյանքը Ձեզ բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ…
-Պետք է սեփական ուժերին վստահես, հիմնվես ինքդ քո վրա:
-Ափսոսում եք, որ…
-Ոչ մի բանի համար չեմ ափսոսում:
-Կարողացե՞լ եք ռացիոնալ օգտագործել Ձեր բաժին ժամանակը, գո՞հ եք ինքներդ Ձեզնից:
-Այո, իհարկե, եթե սխալ օգտագործած լինեի, կնշանակեր՝ սխալ եմ ապրել:
-Վախենում եք, որ…
-Բեռ կդառնամ երեխաներիս համար: Չէի ուզենա՝ նման բան լիներ:
-Հանգստի լավագույն տարբերակը, ըստ Ձեզ, ո՞րն է:
-Ակտիվ հանգիստը: Բազմոցին պառկելն ու թեյ խմելը հաստատ ինձ համար չէ: Ես շարժում եմ սիրում, գործողություն, իրավիճակներ:
-Ընկերներ ունե՞ք: Ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում ընկերությունը:
-Շատ չեն ընկերներս, բայց լավն են: Ընկերությունն իմ կյանքում շատ մեծ տեղ ունի:
-Այսօրվա իրականության մեջ Ձեզ ամենաշատը հոգնեցնում է…
-Անորոշությունը. դա շատ է հոգնեցնում:
-Ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դերասան դառնալ:
-Թող երկար մտածեն, տասը չափեն, մեկ կտրեն: Իմ դեպքում այդ որոշումը շատ սպոնտան եղավ: Ես նույնիսկ չէի պատրաստվում դերասան դառնալ: Հետո մտա իմ գործի մեջ ու լիովին տրվեցի դրան:
-Երբեք չպետք է մոռանալ, որ…
-Կյանքը բումերանգ է: Ես իմ կյանքի օրինակով զգացել եմ դա…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎԱՆ ՆՈՐ ԸՆՏՐՅԱ՞Լ ՈՒՆԻ
Սիրահարների տոնին՝ Սուրբ Վալենտինի օրը, դերասանուհի Ռոզի Ավետիսովան հրապարակել էր մի տղայի հետ չափազանց սիրառատ լուսանկար, որը իրարանցում էր առաջացրել համացանցում: Շատերը նույնիսկ շնորհավորում էին զույգին եւ նշում, որ Ռոզին եւ ընտրյալը բավականին ներդաշնակ են իրար:
«Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհուց պարզեց՝ արդյոք նրա սիրտն արդեն զբաղված է. մենք հարցրինք՝ Ռոզին ընտրյալ ունի, թե ոչ: «Ոչ, այդ լուսանկարը գովազդային բնույթ էր կրում, դա ընդամենը «iqos»-ի գովազդն էր, լուսանկարն էլ բեմադրված էր»,-պարզաբանեց Ռոզին:
Պատահական չէ, որ նա լուսանկարը մակագրել էր այսպես. «Համբույր՝ առանց ծխի, մի ուրիշ սեր: Սիրե՛ք ու եղե՛ք սիրված: Շնորհավո՛ր սիրո տոնը»: Հարցին, թե իրականում իր սիրտը զբաղված է, թե ոչ, Ռոզին խուսափեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում անձնականի մասին որեւէ բան խոսել: Նա տեղեկացրեց միայն, որ սիրահարների տոնը նշել է ընկերական ջերմ միջավայրում:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ չեղյալ էր համարվել Ռոզի Ավետիսովայի նշանադրությունը: Դրանից հետո Ռոզին նոր ընտրյալ ուներ, սակայն պարզ չէ, թե ինչ ընթացք ստացան նրանց հարաբերությունները: Համենայնդեպս, մեկ տարի առաջ Ռոզին հենց մեզ հետ զրույցում նշել էր, որ իր սիրտն ազատ է:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնականի մասին: Դերասանուհին ասաց, որ իր մոտ ստեղծագործական դադարի շրջան է. «Հիմա ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չեմ ստանում: Թատրոնում, անտերպրիզային ներկայացումներում եւս զբաղվածություն չունեմ, բայց տարին դեռ առջեւում է. կարծում եմ՝ հետաքրքիր առաջարկներ կլինեն, եւ այս դադարը երկար չի տեւի»: Հավելենք, որ Ռոզին նկարահանվել է «Փեսացուն կրկեսից», «Սկոչ եւ վիսկի», «Սահմանին», «Վերջին աղոթք» ֆիլմերում, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա» հեռուստասերիալներում:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
87 տարեկանում կյանքից հեռացել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին լեգենդար դարպասապահ Հարի Գրեգը: Ֆուտբոլիստը մանչեստրյան ակումբի գույները պաշտպանել է 1957-1966 թվականներին:
Դարպասապահը 1958 թվականի փետրվարի 6-ին «Յունայթեդի» հետ Մյունխենից վերադառնում էր տուն, եւ տեղի ունեցավ բոլորիս հայտնի ողբերգական ավիավթարը: Մանչեստերյան ակումբի դարպասապահ Հարի Գրեգը այդ սարսափելի օրվա իսկական հերոսն էր: Նա այրվող ինքաթիռից կարողացավ դուրս բերել մեկ երեխայի, ինչպես նաեւ Մեթ Բասբիին ու Բոբի Չարլտոնին:
Գրեգը, բացի «Յունայթեդից», խաղացել է նաեւ «Դոնկաստեր Ռովերսում» (1952-57) եւ «Ստոկ Սիթիում» (1966-67):
ԿԱՅԱՑԵԼ Է
Իտալիայի Ա սերիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ: Առաջնության առաջատարը` Միլանի «Ինտերը», Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 1:2 հաշվով զիջել է «Լացիոյին»:
Միլանցիներից գոլի հեղինակ է դարձել Էշլի Յանգը (44‘), իսկ հռոմեացիներից մեկական անգամ աչքի են ընկել Չիրո Իմոբիլեն (11մ, 50‘) եւ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը(69‘):
Առաջնության առաջատարներից մյուսն էլ` «Յուվենտուսը», տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Բրեշիային»: Թուրինցիներից իրենց անունը լուսատախտակին վառեցին Պաուլո Դիբալան (39‘) եւ Խուան Կուադրադոն(75‘):
Այս խաղերից հետո Ա սերիայի մրցաշարային աղյուսակի վերնամասը ստացավ հետեւյալ տեսքը.
1.«Յուվենտուս»- 57(միավոր)
2.«Լացիո»- 56
3.«Ինտեր»- 54
4.«Ատալանտա»- 45
5.«Ռոմա»- 39
6.«Վերոնա»- 35:
ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՖՐԱՆՍԻԱ
Իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Դրիս Մերտենսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում. այս մասին տեղեկացնում են իտալական պարբերականները:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն», որը պատրաստ է բելգիացուն առաջարկել երկու տարվա պայմանագիր:
32-ամյա բելգիացի ֆուտբոլիստը նեապոլյան ակումբում է հանդես գալիս 2013-14 մրցաշրջանից։ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում բելգիացին անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ