ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների եւ Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված եւ ծանր: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել: Եվ այս հանգամանքը ներկա պատգամավորների մոտ տարակուսանք է առաջացրել. ի վերջո, դեռեւս 2019 թվականի հուլիսի 4-ին հաստատված կանոնադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է պատասխանատու զորքի հետ կապված ցանկացած հարցի համար: Եվ ավելին, կանոնադրության մեջ սահմանված Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն էլ Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումն է: Այսինքն՝ Գլխավոր շտաբը եւ անձամբ շտաբի պետը պետք է զբաղվեն նաեւ զորքի հետ տարվող աշխատանքներով, այնինչ երեկվա հանդիպման ժամանակ վերջինս ներկայացրել է այնպես, թե իրենք չեն պատասխանատուն, եւ իրենց մեղավորությունը չէ այս իրավիճակը: Մենք տեղեկացանք նաեւ, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաեւ պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց եւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաեւ հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը եւ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, կառավարությունից Դավթյանին հասկացրել են՝ եթե առաջիկայում կրկին թերություններ արձանագրվեն, ապա վերջինս պետք է ինքնակամ դիմում ներկայացնի եւ հեռանա առանց բացատրության։ Ըստ էության, պատգամավորները հստակ հասկացրել են, որ դժգոհ են Դավթյանից, եւ նրա օրերը հաշված են: Հավելենք, որ Արտակ Դավթյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ եւ նույնիսկ հարցաքննվել է այդ դեպքերի մասով՝ որպես մարտի 1-ի դեպքերի ժամանակ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ենթակա։

 

 

 

 

2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 105 մլն դոլարի գումար: Սա պաշտոնական տեղեկություն է։ Իսկ ո՞վ եւ որքա՞ն գումար է վերադարձրել պետական բյուջե. Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու իր կինը պետական բյուջե են վերականգնել 2,8 մլրդ դրամ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վերականգնել է շուրջ 1 մլրդ դրամ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխհատուցել է 18,5 մլն դոլար. Ալեքսանդր Սարգսյանը նաեւ վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի եւ այլ անձանց կողմից պետությանը պատճառված վնասը՝ 54 մլն դրամ: ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերել է Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.084 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը պետությանը փոխհատուցել է 102 մլն դրամ, իսկ, օրինակ, մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը հարուցված քրեական գործից հետո պետությանը տարածք է նվիրաբերել. «Գոլդեն փելիս» հյուրանոցի համար մինչեւ հիմա, սակայն, գնորդ չի գտնվել: Հավելենք, որ սա վերջնական պատկերը չէ, եւ առաջիկայում նոր հատկացումներ կրկին կարող են լինել:

 

 

 

 

Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, սակայն մինչեւ այսօր քարոզչության կողմերից ոչ ոք որեւէ գործողություն չի իրականացրել եւ չի հայտնել իր ծրագրերի մասին: Եվ ուշագրավն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան անդամներն այս պահի դրութամբ անգամ ծրագիր չունեն, թե ինչ են անելու, որտեղ են իրականացնելու քարոզչություն կամ, առհասարակ, ինչպես են իրականացնելու՝ ինչ լոզունգով, ինչ ասելիքով։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դեռեւս տարածքներ են փնտրում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն, ու ցանկանում են ակտիվ լինել հատկապես մարզերում, քանի որ Երեւանի դեպքում քարոզչություն իրականացնելը տեխնիկապես ավելի հեշտ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ: Մեր տեղեկություններով՝ անգամ «Այո» քարոզչության կողմ հանդիսացող պատգամավորներն այս պահի դրությամբ չեն հասկանում՝ կոնկրետ ինչպես են քարոզարշավ իրականացնելու, եւ ինչ են ասելու քաղաքացիներին: Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Երբ որ սկսի քարոզարշավը, դուք բոլորդ կտեսնեք: Մենք հիմա պատրաստվում ենք քարոզարշավին»:

 

 

 

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է Երեւանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային եւ նպատակային արդյունավետության ապահովման հարցերը: Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության եւ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ: Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել՝ ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Եվ ամենակարեւորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ուղղորդվում են Երեւան, այնուհետեւ Երեւանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր: Հաշվեքննիչ պալատի բացահայտումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ: «Այս խնդիրը առկա է, աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստ որի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»:




Լրահոս